
Հայաստան ներմուծվող մետաղի գինը կթանկանա. որոշում
Այս նախագիծը բխում է Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված օրենքից, որով մենք Հայաստանի Հանրապետություն երրորդ երկրներից ներմուծվող յուրաքանչյուր մեկ տոննա մետաղական վերջնական արտադրանքի համար սահմանել էինք բազային տուրք 29,000 դրամի չափով, իսկ ինչու էինք սահմանել այդ տուրքը, որովհետև Կառավարության գործունեության արդյունքում վերջին տարիներին տարբեր գնահատականներով, բայց մինչև 150 միլիոն դոլար ներդրումներ են տեղի ունեցել և 1,000 նոր աշխատատեղ արդեն իսկ ստեղծված է, կարող ենք արձանագրել և տեղի է ունեցել սև և գունավոր մետաղների տեղական ջարդոնի օգտագործման աճ: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Ըստ նրա՝ տարիներ առաջ մետաղի ջարդոնն առանց խոչընդոտի արտահանվում էր Հայաստանից՝ ներառյալ գործարանների սարքավորումներ, հոսքագծեր, տարբեր տեսակի մետաղական նյութեր ու մեքենաների կմախքներ։ Սակայն Կառավարության միջամտությամբ գործընթացը վերաձևավորվեց։
Սկզբում ներմուծման վրա սահմանվեց տուրք, ինչը նվազեցրեց հումքի արտահանումը և ստեղծեց խթան այն երկրի ներսում մշակելու համար։ Դրա արդյունքում սկսվեց տեղական հալման պրոցես, անուհետևը, ըստ Պապոյանի՝ Կառավարությունը մեկ քայլ էլ առաջ գնաց ջարդոնը վերամշակմամբ դարձնելով մետաղական կիսապատրաստուկներ տեսքով: Նրա համոզմամբ այդ գործընթացը նաև խթանեց աշխատատեղերի ստեղծմանը՝ տեղական արտադրողներին հնարավորություն տալով զարգանալ։
Նախկինում լայնորեն հավաքագրվող ալյումինը, որը արտահանվում էր հումքի տեսքով, այժմ վերամշակվում է տեղում։
«Մենք շարունակում ենք այդ քաղաքականությունը, և փաստացի Կառավարության այս որոշումը այդ քաղաքականության տրամաբանական շարունակության ապահովումն է: Այն է, որ մենք վեց ամիս ժամանակով, ըստ էության, այդ տուրքն ենք դնում պատրաստի մետաղական արտադրանքների ներմուծման վրա» , – եզրափակել է Գևորգ Պապոյանը: