Վերաբացվում է երկրաբանական թանգարանը
ՀՀ ԳԱԱ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը վերաբացվում է: Այն կվերաբացվի ամերիկահայ բարերար Ա.Ց. Դիլդիլյանի անվան միներակների նոր սրահի շնորհանդեսով, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին` ժամը 15:00-ին, Բաղրամյան 24 ա հասցեում: Այս մասին 168.am-ին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Թանգարանի վերաբացման արարողությանը հրավիրված են ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները և ինստիտուտների ղեկավարները, ՀՀ կառավարության անդամները, Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների տնօրենները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Տեղեկացնենք, որ Հովհաննես Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանը հիմնադրվել է 1937թ.-ին: Թանգարանի ֆոնդը կազմում է 11.000 նմուշ, որոնցից ցուցադրվում է ավելի քան 2700-ը: Թանգարանում առանձնացվում են հետևյալ բաժինները՝ հանքաբանություն (միներալոգիա), հնէաբանություն, քարաբանություն, Հայաստանի օգտակար հանածոներ, Հայաստանի հանքային ջրեր և Հայաստանի երկրաբանական հուշարձաններ:
Հայտնի 3000 անուն միներալների գրեթե կեսը ցուցադրված է թանգարանում` ամետիստ, զմրուխտ, նռնաքար, սաթ, տոպազ, սուտակ, շափյուղա, Սարիգյուղի ագաթները, Արագածի օբսիդիանները, Մարմարաշենի մարմարային օնիքսները, Թեղուտի փիրուզը, և այլն:
Հնէաբանության բաժնի ցուցանմուշների մեծամասնությունը կազմում են բրածո օրգանիզմների մնացորդները, որոնք կյանքի առաջին փաստացի հետքերն են Երկրի վրա: Բաժնում գլխավոր տեղը զբաղեցնում է թանգարանի ամենամեծ ցուցանմուշը՝ նախապատմական թրոգոնթերյան փղի կմախքը:
Քարաբանության բաժինը ներկայացված է տարբեր տեսակի լեռնային ապարներով: Այստեղ կան հրաբխային, նստվածքային և փոխակերպային ապարներ, բոլոր տիպերն էլ ցուցադրված են ցուցափեղկերում:
Թանգարանում ցուցադրված է նաև ավելի քան 50 տեսակի օգտակար հանածոների 1000 նմուշ:
Հանքային ջրերի բաժնում ներկայացված է «Հայաստանի հանքային ջրերի ելքերի» քարտեզը:
«Բնական երկրաբանական հուշարձաններ» բաժնում ցուցադրված են Հայաստանի յուրահատուկ երկրաբանական հուշարձանների 24 լուսանկարներ: