ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆ ԱՄԵՆԱՇԱՏԸ ԿԱՆԱՉՈՒ ՄԵ՞Ջ Է․ Ի՞ՆՉ Է ՊԱՐԶՎԵԼ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ
Ինչպիսի՞ միրգ-բանջարեղեն ենք օգտագործում, որքանո՞վ են դրանք անվտանգ. Այս հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի հետ։
– Վերջերս նյութեր տարածվեցին օգտագործվող միրգ-բանջարեղենի ոչ օգտակար լինելու մասին։ Կարծեմ Ձեր կենտրոնն է այդ հետազոտությանը մասնակցել․ ի վերջո, ի՞նչ եք պարզել։
– Մենք օգնել ենք ռիսկի գնահատման և հաշվարկ անելու աշխատանքներում։ Մեզ ոչ պետք է խուճապ, որ սկսեն վախենալ, ոչ էլ ավելորդ ինքնավստահություն, որ մարդիկ մեծ քանակով միրգ-բանջարեղեն օգտագործեն։ Իրականացնում ենք նոր ծրագիր, որը կոչվում է սննդամթերքի ռիսկի և օգուտի գնահատում։ Սա շատ կարևոր է, քանի որ ցանկացած սննդամթերք, հատկապես՝ միրգն ու բանջարեղենը, պարունակում են՝ ինչպես օգտակար, այնպես էլ՝ վնասակար տարրեր։
Եթե հարցնեք սննդագետներին՝ թունաքիմիկատները, որոնք բացահայտվել են, արդյո՞ք վնասակար են առողջության համար, անպայման կնշեն բազում առողջական խնդիրներ, անգամ կխոսեն քաղցկեղածին ազդեցության մասին։ Իսկ եթե հացրնեք, թե ճի՞շտ է, որ միրգն ու բանջարեղենը շատ օգտակար նյութեր են պարունակում, անպայման կասեն, որ՝ այո՛, դա ևս ճիշտ է։ Միրգն ու բանջարեղենը մարդու սննդակարգում պետք է ներառված լինեն ամեն օր։ ԱՀԿ երաշխավորող քանակներ կան, և ասվում է, որ 5 չափաբաժին միրգ և բանջարեղեն պետք է մարդն օգտագործի։ Խոսքը 400 գրամի մասին է։

Նայեք, մեզ մոտ ինչ խնդիրներ կան։ ՍԱՏՄ-ի կողմից իրականացվել էր մրգի և բանջարեղենի մոնիտորինգ (2019 և 2021թթ. ՍԱՏՄ-ն պեստիցիդների ավելցուկներ է հայտնաբերել տեղական միրգ-բանջարեղենում), որի ընթացքում հայտնաբերվել էին բազմաթիվ թունաքիմիկատներ և դրանց քանակը գերազանցող դեպքեր։ Որոշ հայտնաբերված թունաքիմիկատներ տարբեր երկրներում արգելված են։ Օրինակ, ԵՄ-ն վաղուց արգելել է «Քլորպիրիֆոս» տեսակի թունաքիմիկատը, որը մասսայական հայտնաբերվել էր հայկական մրգում և բանջարեղենում։
Հետազոտությամբ բացահայտեցինք, որ ՀՀ-ում հատկապես ամառային ամիսներին մենք ունենք մի շարք սպառողներ, որոնք միրգն ու բանջարեղենն օգտագործում են ԱՀԿ կողմից երաշխավորվող քանակներից ավելի շատ։ Դա պայմանավորված է, օրինակ, ձմերուկի, խաղողի մեծ չափաբաժնի օգտագործումով։ Բոլորս գիտենք, որ ամռանը, երբ սեզոնային միրգն ու բանջարեղենը հասունանում է, հայերի սննդակարգը փոխվում է, սկսում ենք լիուլի օգտագործել։ Սա լավ է, սակայն պետք է լինի պատշաճ վերահսկված, որպեսզի թունաքիմիկատների քանակությունները չկարողանան առաջացնել հանրային առողջապահական խնդիրներ։
Օրինակ, հայերը չեն սիրում մեկ կտոր ձմերուկ ուտել՝ նախընտրում են 3-4 հոգով մի մեծ ձմերուկ կտրել և ուտել։ Մարդիկ կան՝ ամռանն ամեն օր 1 կգ ձմերուկ են օգտագործում։
– Տարին 12 ամիս ՀՀ-ում ձմերուկ են վաճառում․ օգտակա՞ր է, օրինակ, ձմռանը ձմերուկ ուտելը։
– Սննդամթերքը կարող է պարունակել և՛ օգտակար, և՛ վնասակար նյութեր։ Մեր ազգաբնակչությունը հուլիսից մինչև հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածը օրական երաշխավորված չափաքանակից շատ միրգ և բանջարեղեն է օգտագործում։ Իսկ նոյեմբերի 15-ից մինչև ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածը՝ օրական երաշխավորվող քանակներից քիչ։ Այսինքն, ունենք այսպիսի կտրուկ տատանումներ։ Սակայն, եթե համաչափ պահպանում ենք մրգի և բանջարեղենի սպառումը, օգտվում ենք օգուտներից և հնարավորինս նվազեցնում ենք ռիսկերը։ Ձեր կողմից նշված սեզոնից դուրս ապրանքները շատ թանկ են։
– Վնասակար չէ՞։
– Լաբորատոր փորձաքննության ենք ենթարկել նաև ներկրվող միրգն ու բանջարեղենը և, ի զարմանս ինձ, մեծ ցավով եմ ասում, ավելի շատ խախտումներ հայտնաբերել ենք մեր տեղական արտադրանքում։ Խնդիրն այն է, որ ներկրվող ապրանքն ավելի շատ է լաբորատոր փորձաքննության ենթարկվում, իսկ տեղականը հաճախ շուկա է հանվում առանց որևէ լաբորատոր փորձաքննության։
Կարևոր է ձմռանը ևս ավելացնել մրգի և բանջարեղենի քանակը։ Ի դեպ, մարդիկ կան, որ իրենց թվում է՝ ամեն օր օգտագործում են սմուզիներ կամ ֆրեշներ, դրանք փոխարինում են մրգերին․ բացարձակ այդպես չէ։ Ազատ շաքարների պարունակության առումով, երբ օգտագործում ենք միրգ, այն պարունակում է բջջանյութ, երբ օրգանիզմը ստանում է այն, սկսվում է մարսողության պրոցեսը, շատ կարևոր նյութ ենք ստանում, որի ավարտից հետո սկսում ենք յուրացնել շաքարը։ Իսկ ֆրեշների ու սմուզիների դեպքում որքան օշարակի քանակը շատ է, այնքան էժան է։ Օշարակները շաքարի բարձր պարունակություն ունեն։ Մարդիկ սա օգտագործելով՝ մեծ քանակությամբ շաքար են ունենում։ Դեպք է եղել, որ 100 գրամի համար 15 գրամ շաքար է եղել։ Ֆրեշները, չրերը մրգերին չեն փոխարինում։

– Ո՞ր շրջանների գյուղատնտեսներն են ավելի շատ խախտումներ կատարում։ Որտեղի՞ միրգն ու բանջարեղենն են ավելի շատ վտանգավոր և թունաքիմիկատներ պարունակող։
– Հետազոտությունը, որ իրականացվել է, լայնամասշտաբ էր, ընդգրկված էին բոլոր մարզերը։ Բայց մրգի ու բանջարեղենի արտադրության վայրը հիմնականում Արարատյան դաշտն է։ Արարատի, Արմավիրի մարզերը շատ մեծ մասնաբաժին ունեն։ Մոնիտորինգի ընթացքում, բնական է, որ նմուշների մեծ մասը վերցվում է այդ մարզերից, որովհետև լոլիկի, վարունգի, ծիրանի, գյուղատնտեսական արտադրության մեջ շատ մեծ ներդրում ունեն այս երկու մարզերը։ Բայց ասել, որ կոնկրետ ինչ-որ մարզով է պայմանավորված՝ ոչ։ Դա պայմանավորված է ֆերմերների իրազեկման մակարդակով, թունաքիմիկատների ոլորտի վերահսկումով։ Հաճախ գյուղատնտեսությունը ոչ թե պրոֆեսիոնալ ձևով ենք իրականացնում, այլ հարևանի, թունաքիմիկատի խանութի աշխատակցի խորհրդով։
Այս տարի ևս իրականացրել ենք մոնիտորինգ և «Քլորպիրիֆոս» թունաքիմիկատը, որն ուղարկել էինք լաբորատոր փորձաքննության, ամենաբարձր քանակությունը եղել էր կանաչու մեջ։ Ու ինձ շատ հետաքրքրեց, թե ինչու հենց կանաչի։ Ի վերջո, մրգերի վնասատուներն ավելի շատ են։ Գործընկերս հայտնեց, որ ծառերը սրսկելուց հետո ինչ մնում է՝ ասում են՝ դե մի հատ էլ կանաչիների վրա պահենք։ Ես իսկույն տեղափոխվեցի մանկություն, երբ ծառերը սրսկում էինք, վերջում միշտ թունաքիմիկատի մնացորդը պահում էինք կանաչու վրա։
– Թունաքիմիկատների շատ լինելն ի՞նչ վնասներ կարող է հասցնել մարդուն։
– Ռիսկեր միայն առկա են այն մարդկանց մոտ, ովքեր մեծ քանակությամբ միրգ և բանջարեղեն են օգտագործում։ Հետազոտությունները փաստում են, որ այն մարդիկ, ովքեր օգտագործում են չափավոր քանակության միրգ և բանջարեղեն, այո, թունաքիմիկատը կա, բայց քանակությունը, որը ներթափանցում է օրգանիզմ, ռիսկեր չի կարող առաջացնել։ Մենք ռիսկեր 20 տոկոսի մոտ էինք հայտնաբերել։ Մտահոգության շեմում այն մարդիկ էին, ովքեր օրական 1 կգ-ից ավելի միրգ ու բանջարեղեն էին օգտագործում։ Կան խնդիրներ, բայց դրանք կառավարելի են, խուճապի կարիք չկա։
Մի հետաքրքիր դեպք պատմեմ․ Երբ պետական վերահսկողություն էր իրականացվել՝ ձկան մեջ հայտնաբերվել էր մալաքիտ կանաչ։ Դա ներկանյութ է, որն օգտագործվում է մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարում։ Մենք ռիսկի գնահատում դեռ չէինք իրականացրել։ Լսելով սա՝ երկար ժամանակ սկսել էի արհեստական լճակներում աճեցված ձուկ չօգտագործել։ Հետո, երբ Իտալիայում էինք, առողջապահության ազգային ինստիտուտի գործընկերներին խնդրեցի, որ համատեղ ռիսկի գնահատում իրականացնենք։ Պարզվեց, որ ՀՀ-ում մենք այնքան քիչ ենք օգտագործում արհեստական լճակային տնտեսություններում աճեցված ձուկը, որ այդ քանակները որևէ հանրային առողջապահական խնդիր չեն կարող առաջացնել, որովհետև հնարավոր չէ՝ ամիսը 1-2 անգամից ավելի ձուկ օգտագործենք։ Անգամ հոդված ունենք հրապարակված՝ գրել ենք «բանկետային ուտելիք», որովհետև տոներին, ռեստորաններում, որևէ առիթի ժամանակ ենք օգտագործում, և այդ քանակի սպառումն առողջական որևէ խնդիր չի կարող առաջացնել։
– Տեղական միրգ-բանջարեղենում ներկանյութ շա՞տ են օգտագործում։
– Ներկանյութերի օգտագործման դեպք չի բացահայտվել։ Հիմնականում լինում է ներկրված ապրանքների դեպքում, երբ դեռ բավարար քանակությամբ հասունություն չի ունենում՝ օգտագործում են ապրանքային տեսք հաղորդելու համար։ Փառք Աստծո, ՀՀ միրգն ու բանջարեղենը շատ համեղ են, գեղեցիկ ապրանքային տեսք ունեն։

– Ինչպե՞ս պետք է լվանալ միրգն ու բանջարեղենը, որ օրգանիզմին վնաս չլինի։
– Պետք է լավ լվանալ, քանի որ գործ ունենք հողի, վնասատուի և թունաքիմիկատի հետ։ Հաճախ լվանում են օճառով, սակայն ասեմ, որ այդ դեպքում դուք միայն վնասակար եք դարձնում։ Որևէ դեպքում չի կարելի օճառ օգտագործել։ Լավագույն տարբերակը թույլ քացախաջուրն է կամ սոդայաջուրը։ Հետո լվանում են գոլ ջրի մեջ։ Օրինակ, եթե դեղձը, խնձորը կեղևազատենք, կպակասեն առկա վնասակար նյութերը։ Հատկապես նեյրոտոքսիկ թունաքիմիկատները երեխաների համար վնասակար են, քանի որ քաշն ավելի փոքր է։ Հղիներն ու երեխաները ֆոսֆորօրգանական խմբի թունաքիմիկատների նկատմամբ ունեն զգայունություն։ Կարևոր է, որ հատկապես երեխաների համար լավ լվանք մրգերը, հնարավորության դեպքում՝ կեղևազատենք։
Ի դեպ, ծառերը թունաքիմիկատներով մշակելու սեզոնին փողոցներում անարգել ցոգոլ են վաճառում, և եթե դրանք գնան լաբորատոր փորձաքննության՝ մեծ մասի մեջ կհայտնաբերվի թունաքիմիկատի գերազանցող դեպք, որովհետև թունաքիմիկատի ժամկետն անցած չի լինի, բույսը պետք է հասունանա, որ թունաքիմիկատը դուրս գա բույսի միջից։

