Մրցունակ դատարկություն

Հայաստանում Համաշխարհային տնտեսական ֆորումի Համաշխարհային մրցունակության և արտադրողականության կենտրոնի գործընկեր հանդիսացող «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնն այսօր ներկայացրել է մրցունակության համաշխարհային զեկույցը, որի համաձայն՝ 144 երկրների շարքում Հայաստանն իր մրցունակությամբ զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը: Թեև նախորդ տարվա համեմատ Հայաստանն իր դիրքը բարելավել է 10 կետով, սակայն զիջում է հարևան Վրաստանին և Ադրբեջանին, որոնք զեկույցում զբաղեցրել են համապատասխանաբար՝ 77-րդ և 46-րդ հորիզոնականները:

Հատկապես վերջին օրերի իրադարձությունների համատեքստում՝ այս զեկույցի հրապարակումը շատ խորհրդանշական է, քանի որ այն, ինչ կատարվում է «Սաֆարովի գործի» շուրջ, արդիական է դարձնում Հայաստանի Հանրապետության մրցունակության խնդիրը: Խոսքն այն մրցունակության մասին չէ, որը գնահատվել է վերը նշված զեկույցում:

Դա հիմնականում մակրոտնտեսական ցուցանիշների, երկրում գործարար մթնոլորտի, ձեռնարկատիրական գործունեության ազատությամբ զբաղվելու հնարավորությունների և մի շարք այլ գործոնների համադրմամբ տրվող գնահատական է: Խոսքը մրցունակության` ավելի խորքային շերտի մասին է, մասնավորապես՝ այն շերտի, թե որքանով է ժամանակակից աշխարհում Հայաստանը ներկայանում որպես մրցունակ միավոր, որպես պետություն, որը գրավիչ է ոչ միայն բիզնեսով զբաղվելու և փող աշխատելու, այլ նաև ապրելու, ստեղծագործելու, ապագայի հեռանկարներ կազմելու տեսանկյունից:

Չնայած այդ իմաստով մրցունակության գնահատման հետազոտություններ չեն անցկացվում, սակայն առանց դրանց էլ կարելի է արձանագրել, որ Հայաստանի մրցունակությունը, դժբախտաբար, ոչ միայն չի աճում, այլև նվազում է, գահավիժում:
Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելուց հետո հնչած գնահատականների թվում շատերն էին նշում, որ, եթե Հայաստանը միջազգային հանրության շրջանում բավարար հեղինակություն ունենար, նման բան տեղի չէր ունենա:

Այդ գնահատականները չափազանցված չեն. իսկապես դժվար է պատկերացնել, որ հունգարական իշխանությունները կհամարձակվեին նման քայլ կատարել ոչ միայն 2-3 մլրդ, այլ տասնապատիկ ավելի գումարի դիմաց, եթե Հայաստանը համաշխարհային քաղաքականության մեջ լիներ ոչ թե «մեծերի որոշումները սպառող», այլ ինքը՝ որոշակի օրակարգ ձևավորող պետություն:

Ցավոք, Սաֆարովի արտահանձնման դեպքը Հայաստանի` մրցունակության բացակայության մասին վկայող միակ գործոնը չէ: Դրա ավելի խոսուն վկայությունը արտագաղթի ահռելի ծավալներն են, որոնք ահռելի են անգամ պաշտոնական վիճակագրության` նվազեցված ցուցանիշներում: Հայաստանը բնակվելու համար ցանկալի երկիր չէ ՀՀ քաղաքացիների համար, ովքեր արտագաղթելու որոշումը հաստատ հեշտությամբ չեն կայացնում:

Ու խնդիրը միայն սոցիալ-տնտեսական վատ պայմանները չեն: Վերջին մի քանի տարիներին արտագաղթի «որակն» էականորեն փոխվել է, Հայաստանից հեռանում են նաև միջին ու միջինից բարձր եկամուտներ, բիզնեսներ ունեցող մարդիկ: Հեռանում են, որովհետև այստեղ կարողանալով ապահովել բարեկեցության որոշակի մակարդակ, չեն կարողանում բավարարել իրենց սոցիալական պահանջմունքները: Որովհետև նույնիսկ բարեկեցիկ կենցաղով ապրող մարդը երաշխավորված չէ որևէ օլիգարխի թիկնապահից կամ պետական պաշտոնյայի կամայականությունից, որովհետև հասարակության սոցիալական պահանջմունքների բավարարման ինստիտուտները` կրթության, առողջապահության համակարգերը, դատաիրավական և բազմաթիվ այլ բնագավառներ, սպասարկում են ոչ թե քաղաքացիների, այլ, ինչպես ընդունված է ասել, վարչակազմի շահերը:

Մի խոսքով, Հայաստանի` որպես պետության,  մրցունակությունն առաջին հերթին սեփական քաղաքացիների աչքերում անդառնալիորեն նվազում է: Դրա և տնտեսական մրցունակության մեջ ուղղակի կապ փնտրել պետք չէ. Տնտեսական մրցունակության զեկույցներում Հայաստանի զբաղեցրած դիրքն իրականում կարող է բարելավվել ոչ թե 10, այլ անգամ՝ 100 կետով:

Սակայն մրցունակության այդպիսի ցուցանիշի բարելավումից պետությունը կարող է գրավիչ դառնալ, լավագույն դեպքում, փողի, բիզնեսի և ոչ թե՝ մարդու, քաղաքացու համար: Արդյունքում՝ Հայաստանն աստիճանաբար վերածվում է տարածքի, որտեղ ապրում են ոչ թե մարդիկ, քաղաքացիներ, այլ զանազան բիզնեսների ապրանքներն ու ծառայությունները սպառողներ:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս