Հայաստանն իր մրցունակությամբ 82-րդն է՝ 144 երկրների մեջ
«Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն՝ Հայաստանն իր մրցունակությամբ 82-րդն է աշխարհի 144 երկրների մեջ: Նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանն իր դիրքը բարելավել է 10 կետով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը:
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը՝ որպես Համաշխարհային տնտեսական ֆորումի Համաշխարհային մրցունակության և արտադրողականության կենտրոնի գործընկեր Հայաստանում, այսօր ներկայացրեց «Համաշխարհային մրցունակության զեկույց 2012-2013»-ի հիմնական արդյունքները։ Զեկույցի համաձայն՝ ԱՊՀ երկրների խմբում նախորդ տարվա համեմատ հետընթաց է գրանցել Ռուսաստանը: Ղազախստանը, Հայաստանը, Ուկրաինան և Ադրբեջանն առավելագույնն են բարելավել իրենց դիրքերը:
«Հայաստանի մրցունակությունը չափվում է Համաշխարհային մրցունակության ցուցիչի միջոցով, որը կազմվում է ավելի քան 100 ցուցանիշների հիման վրա: Հայաստանի մրցունակության ցուցչի բարելավումը պայմանավորված է ցուցչի հենասյուների մեծ մասի բարելավումով»,- ասաց Ս.Հովհաննիսյանը:
Ըստ վերլուծաբանի՝ Հայաստանում այս տարի էական առաջընթաց է գրանցվել մակրոտնտեսական միջավայրի կայունության և ապրանքային շուկաների արդյունավետության հենասյուներով: