«Եթե նույնիսկ գրքերի գները անհարմար են, ապա դա նրանից չէ, որ գրքերը թանկ են». գրականագետ
«Մենք կամաց-կամաց պետք է ազատագրվենք բարդույթից և արձանագրենք, որ ներկա սերունդը կարդում է: Գրադարաններ, գրախանութներ հաճախողների 70 %-ը 18-35 տարեկան երիտասարդներ են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
Նրա պնդմամբ՝ գրադարաններում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ միշտ կա ընթերցողների որոշակի հոսք, և գրքեր կան, որ չեն մնում գրադարաններում: Նրա խոսքով՝ եթե գրադարաններում հոսքը շատ չէ, ապա խնդիրն այն է, որ գրադարանը երկար ժամանակ նոր գրքերով չի համալրվել:
Բանախոսի դիտարկմամբ՝ այսօր հայ արդի գրողներից ամենաշատ ընթերցվողը Լևոն Խեչոյանն է: Վերջինիս խոսքով՝ հայ սիրված հեղինակներից են Հովիկ Չարխչյանը, Գուրգեն Խանջյանը, Արամ Պաչյանը, Հրաչյա Սարիբեկյանը, Գրիգը:
«Եթե 6-7 տարի առաջ մարդու ձեռքը չէր գնա ժամանակակից գրողի գիրքը առներ՝ մտածելով՝ «լավ, ի՞նչ պետք ա գրի», ապա այսօր մենք ժամանակակից գրողներ ունենք, ովքեր կարողացել են սպառել իրենց գրքերի առաջին տպաքանակները, իսկ Հայաստանում տպաքանակի առավելագույնը 500 օրինակն է:
Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ ցավալին այն է, որ ներկայումս փող չեն տալիս պոեզիային, իսկ պատճառը սոցիալական ցանցերն են ու կայքերը: Քանի որ ստեղծագործությունների տարածությունը փոքր է, հետևաբար՝ արագ դնում են կայքերում, ու ստեղծագործությունը տարածվում է միանգամից:
Բանախոսը նշեց, որ բեսթսելլեր է դարձել Արմեն Սարգսյանի «Չկարդացած գրքերի փոխարեն» բանաստեղծությունների գիրքը: Նաև երեք բանաստեղծ կա, որոնց գրքերը շարունակում են վաճառվել. Հուսիկ Արա, Էդուարդ Հարունց, Ավագ Եփրեմյան:
Ըստ Արքմենիկ Նիկողոսյանի՝ այսօր ամենաշատը կարդում են համաշխարհային գրականություն, իսկ պատճառն այն է, որ միջազգային գրականությունն արդեն գովազդված և արժևորված է ներկայանում ընթերցողին:
Արքմենիկ Նիկողոսյանը թվարկեց այն գրքերը, որոնք, իր խոսքով, գովազդի կարիք չունեն։ Դրանք են. Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը», Ջորջ Օրուելի «Անասնաֆերման», «1984», Ջեյն Օսթինի՝ «Հպարտություն և Նախապաշարմունք», որը հատկապես կանայք են առնում: Մեծ պահանջարկ ունի նաև բարդ վեպ համարվող Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» վեպը:
«Կան գրքեր, որոնց համար գովազդ չի արվել, բայց հենց սկզբից էլ մարդիկ հավանել են և գնել, օրրնակ՝ Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը»: Ամենավաճառվածը՝ 6 ամսում՝ 424 օրինակ, Պաուլո Կոելիոյի՝ «Ալքիմիկոսն է»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:
Գրականագետի կարծիքով՝ որոշակի քայլեր կան, որոնք մարդկանց դրդում են կարդալու: Նրա խոսքով՝ երբ հասարակության մեջ քիչ թե շատ հեղինակություն վայելող մարդիկ հրապարակավ խոսում են մի գրքի մասին, ապա այդ գիրքը շատ արագ սկսում է տարածվել: Արքմենիկ Նիկողոսյանն օրինակ բերեց հետևյալ դեպքը. անցած տարվա դեկտեմբերին դերասան Սամվել Թադևոսյանն ասել էր, որ կարդում է «Կեցության անտանելի թեթևությունը», դրանից հետո ընդամենը 15 օրվա ընթացքում 200 գիրք վաճառվել է, այնինչ 6 ամսվա ընթացքում այդ գրքից վաճառվել էր 253 հատ:
Իսկ ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք գրքերի գները համապատասխանում են մարդկանց գրպաններին, թե՞ ոչ, բանախոսը պատասխանեց.
«Եթե նույնիսկ գրքերի գներն անհարմար են, ապա դա նրանից չէ, որ գրքերը թանկ են, այլ մեր երկրում սոցիալական վիճակն է վատ, մեր աշխատավարձն է ցածր: Այն գները, որոնցով վաճառվում են գրքերը, նորմալ են»:
Անդրադառնալով ժամանակակից գրականության հիմնախնդիրներին՝ բանախոսն ասաց, որ հիմնական խնդիրը Facebook սոցցանցն է։
«Տալիս են չեփած, չմարսված, չապրված նյութ: Եթե նախկինում գրողը փուլեր էր անցնում հրապարակ գալու համար, այսօր չկա դա, և դա խախտում է գրականության արժեհամակարգը: Իսկ այսօր նաև արժեհամակարգ ճշտելու խնդիր ունենք: Բացի այդ, վերջին տարիներին թեմաների լճացում էր նկատվում, հիմա տեղն է գալիս»,- ասաց գրականագետը:
Անի Թորոսյան