
Պետք է պահել ուսանողի, մասնագիտական նրբությունների շահը. պատրաստ եմ իմ փորձն ու նվիրումը ներդնել աշխատանքային ցանկացած խմբում. Նունե Մուրադյան

Կան մանկավարժներ, որոնք իրենց գործունեության ընթացքում ոչ միայն սաներին փոխանցում են գիտելիք, սովորեցնում մասնագիտական հմտությունները, այլև մասնագիտական առաջին քայլերն անելիս՝ կանգնում են նրանց կողքին, սատարում ու առաջ մղում։ Նման մանկավարժներից է Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրեն, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, «Երգիչ կատարող» ուսումնական ձեռնարկի հեղինակ Նունե Մուրադյանը, ով տարիներ շարունակ կրթում է երիտասարդների, նրանց ճանապարհում մեծ կյանք ու հպարտությամբ հետևում, թե ինչ հաջողություններ են գրանցում մասնագիտական ոլորտում։
Վերջերս Նունե Մուրադյանը հրատարակել է «Երգիչ կատարող» ուսումնական ձեռնարկը, որը նախատեսված է ոլորտում դասավանդող մանկավարժների, դասախոսների համար։
168.am-ի հետ զրույցում տիկին Մուրադյանը պատմեց, որ այս ձեռնարկը ստեղծել է, երբ ընտրվել է կրթական չափորոշիչների երգեցողության մասնագիտական խմբի ղեկավար։
«Խումբը բավականին հետաքրքիր էր, ամբողջովին վերանայվում էր կրթական չափորոշիչը։
Ինքս սկսել եմ դասավանդել դեռևս ուսանողական տարիներից, հետևաբար՝ մանրամասն գիտեմ երգեցողության մասնագիտության այն կարևորագույն առարկաները, որոնք պետք են, որոնք ներառված չեն եղել չափորոշիչներում։ Խումբը բավականին հետաքրքիր աշխատանք տարավ, և մենք ունեցանք չափորոշիչ, եթե չեմ սխալվում՝ 2014 թվականին էր։ Չափորոշչից հետո բխեց ավելի մանրակրկիտ մեթոդական ձեռնարկ, որի համար երկար աշխատանք տարա, սա հիմնականում ուղղված է միջին մասնագիտական ոլորտում դասավանդող դասախոսներին։ Եթե ավելի հետևողական լինեն և օգտվեն երաժշտական և արվեստի դպրոցների երգեցողական բաժնի դասախոսները, նաև իրենց կծառայի»,- նշեց Նունե Մուրադյանը։
Երգելը, դասավանդելը, մասնագիտությունը խորությամբ ուսումնասիրելն ու կրթական չափորոշիչն է առիթ եղել, որպեսզի Նունե Մուրադյանն ավելի մանրամասն հետազոտություններ կատարի ու հրատարակի ձեռնարկը, որը ոչ միայն առնչվում է հայկական երգարվեստի գրականությանը, այլև համաշխարհային։
Նունե Մուրադյանը դժվարանում է ասել՝ արդյոք այս ձեռնարկը հասե՞լ է սփյուռքի մասնագետներին, թե՞ ոչ, չնայած այն ի սկզբանե գրվել է հայերենով՝ ՀՀ մասնագետների համար, սակայն, ինչպես ասում են՝ երաժշտությունը լեզու չունի, և դրանից կարող են օգտվել նաև ՀՀ սահմաններից դուրս։
«Սա նաև միջազգային ձեռնարկ կարող ենք համարել, քանի որ ինքս հետազոտություններ եմ արել։ Մենք երգեցողության մասնագիտության տարբեր դպրոցներ ենք ունեցել, ավելի իտալական դպրոցին ենք մոտ, եթե թարգմանվի ձեռնարկը, այն, իհարկե, կկիրառվի Եվրոպայում, Ամերիկայում։
Ինքս սիրով եմ դասավանդում, չեմ բավարարվել միջին մասնագիտականով, նաև Կոնսերվատորիայում սկսեցի աշխատել, որի արդյունքում էլ իմ երկար տարիների աշխատանքի շնորհիվ ունեցա կոչում։
Չեմ կարող չասել, որ այսօր այս ոլորտում իրենց գործունեությունը շարունակողները դիմում են ճիշտ մասնագետների, աշխատում են իրենց մասնագիտական հմտություների զարգացման վրա և հասնում կատարելագործման։
Մեր քոլեջն ունի 35 տարվա պատմություն, բայց հասցրել է արդեն լավ շրջանավարտներ տալ, մեր սաներից այսօր էլ շարունակում են իրենց կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Օրինակ, Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի տնօրենը մեր առաջին շրջանավարտներից է եղել, Օպերային թատրոնի մեներգիչներից Արման Առաքելյանը… շատ անուններ կարող եմ թվարկել, ուրախությամբ ասեմ, որ Արմանը նաև իմ ուսանողն է եղել»,- հավելեց Նունե Մուրադյանը։
Մեր զրուցակիցն ուրախությամբ արձանագրում է, որ այսօր Հայաստանում, ի տարբերություն իր մանկության և պատանեկության տարիների, երգեցողության ոլորտի նկատմամբ մեծացել է հետաքրքրությունը, կան բանիմաց և լավ մասնագետներ։
Նունե Մուրադյանն էլ այսօր երիտասարդներին դասավանդում է այն սիրով ու նվիրումով, ինչպես ժամանակին իրեն են դասավանդել իր սիրելի դասախոսները։
«Ինքս իմ մասին շատ չեմ սիրում խոսել, բայց կարողացել եմ ներդրում անել այս ոլորտում։ Բացի երգեցողություն մասնագիտությունից, նաև ժողովրդական գործիքներ, պարարվեստ մասնագիտությունների կրթական չափորոշիչներն ենք վերանայել։ Շատ կուզեմ, որ ոլորտում աշխատողները պահեն ուսանողի շահը, մասնագիտական նրբությունների շահը, սիրով ու նվիրումով աշխատեն։
Հիմա էլ եթե որևէ առաջարկ լինի ընդգրվելու որևէ աշխատանքային խմբում, սիրով կընդգրկվեմ ու կաշխատեմ, իմ փորձն ու գիտելիքը կներդնեմ այդ աշխատանքում»,- ընդգծեց Նունե Մուրադյանը։