Լևոն Մկրտչյանը՝ ատեստատներում ռուսերեն նշումների մասին
Հայաստանի հանրակրթական դպրոցների ավարտական ատեստատներում ռուսերեն նշումներն օրինական են: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով օրերս բարձրացած աղմուկին, որ ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու է դարձել մեր երկրում։
Ըստ նրա՝ ռուսերեն նշումներն ունեն հիմնավորում՝ Հայաստանի աշակերտների մի զգալի մասը դպրոցն ավարտելուց հետո գնում է Ռուսաստան աշխատելու, որտեղ ատեստատ ներկայացնելու խնդիր է լինում և, որպեսզի ատեստատի թարգմանության համար հավելյալ գումարներ չծախսեն, ԿԳՆ-ն միանգամից նաև ռուսերեն տարբերակն է նշում:
Լ.Մկրտչյանի խոսքով՝ եթե անգլերենի կարիք լինի, իրենք կտրամադրեն նաև անգլերեն տարբերակը. «Բայց հիմա Ռուսաստան են շատ գնում։ Միշտ այդպես է եղել։ Մեր բնակչությանը նոր ծանրաբեռնվածության տակ չդնենք։ Պատկերացրեք՝ եթե ընտանիքը գնում է աշխատելու, մեծ գումարային խնդիր կունենան, եթե ամեն ինչը թարգմանեն։ Միակ պատճառը սա է, որ բնակչության վիճակն ավելի չվատացնենք»: