ԿԳՄՍ նախարարի տեղակալը և ՌԴ գիտության, բարձրագույն կրթության նախարարի տեղակալը ստորագրել են Հայ-ռուսական համալսարանի նոր կանոնադրությունը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին ստորագրել են Հայ-ռուսական համալսարանի նոր կանոնադրությունը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Փոփոխված կանոնադրությամբ սահմանվում են համալսարանի իրավական կարգավիճակը, կառավարման համակարգը, ինչպես նաև վերջինիս գործունեության հիմնական սկզբունքները՝ որպես երկու պետությունների համագործակցության շրջանակում գործող կրթագիտական հաստատություն։

Նոր փաստաթուղթը նպատակ ունի ավարտին հասցնելու համալսարանի իրավական և նորմատիվային բազայի արդիականացման գործընթացը և ստեղծելու առավել նպաստավոր պայմաններ բուհի հետագա զարգացման համար։ Այն նաև միտված է խորացնելու Հայաստան-Ռուսաստան գիտակրթական փոխհամագործակցությունը։ Փաստաթղթի համաձայն՝ համալսարանն իրականացնում է կրթական, գիտահետազոտական և միջազգային գործունեություն՝ ուղղված բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը, գիտական դպրոցների զարգացմանը և գիտության ու տեխնոլոգիաների առաջնահերթ ուղղություններով հետազոտությունների իրականացմանը։

Հայ-ռուսական համալսարանը բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող միջպետական կազմակերպություն է, որի համատեղ կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը։ Համալսարանը հիմնադրվել է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 1997 թվականի օգոստոսի 29-ին Երևանում վավերացված համաձայնագրով։

Համալսարանի գործունեության նոր պայմանները հաստատվել են «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրով, որը կողմերը վավերացրել են 2025 թվականի հուլիսին։

Տեսանյութեր

Լրահոս