Խնդրում եմ այլևս շուն չնվիրել կնոջս. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրում է այլևս շուն չնվիրել իր կնոջը։ Նա այդ մասին ասաց գործակարգավարական խորհրդակցության ժամանակ` դիմելով «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանին։

«Շատ գովելի է, որ նախորդ տարի 83 շուն է որդեգրվել, որոնցից մեկը մենք ենք որդեգրել։ Բայց շատ եմ խնդրում, որ այլևս կնոջս շուն չտաք։ Մեր տանն այլևս տեղ չկա. նրանք արդեն 3-ն են»,- ասաց Ավինյանը։

Մինչ այդ Առաքելյանը ներկայացրեց ՀՈԱԿ-ի` 2025 թվականին կատարած աշխատանքը։

«2025 թվականի ընթացքում 4140 թափառող կենդանի է բերվել կլինիկա։ Նախնական հետազոտություններից հետո կատարվել են պատվաստումներ վտանգավոր և վարակիչ հիվանդությունների դեմ։ 2703 շուն ստերջացվել և պատվաստվել է կատաղություն հիվանդության դեմ, իսկ 671 կենդանի վերապատվաստվել է։ Տարվա ընթացքում քնեցված և անկած կենդանիների թիվը կազմել է 766»,- ասաց նա։

Առաքելյանը նշեց, որ կատաղություն հիվանդության դեմ ուշադրությունը մեծացրել են դեռևս 2022 թվականից, քանի որ այն վտանգավոր է թե՛ կենդանիների, թե՛ մարդկանց առողջության համար։

Տեսանյութեր

Լրահոս