Բաժիններ՝

«Նպատակ ունենք Սևանն ու այդ տեխնոլոգիական բրենդը հայտնի դարձնել համաշխարհային մակարդակով». ամփոփվել են Sevan Startup Battle-ի արդյունքները

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Sevan Startup Summit-ը: 7-օրյա վրանային ճամբարի ընթացքում ճամբարականներն ունեն հնարավորություն լսելու ՏՏ ոլորտի ներկայացուցչների դասախոսությունները, ինչպես նաև ներկայացնելու իրենց նախագծերը և պայքարելու դրամաշնորհների համար: Ճամբարի մեկնարկը տրվել է օգոստոսի 18-ին:

Startup Armenia Foundation-ի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը նշում է, որ վրանային նման ճամբարներ կազմակերպվում են արդեն մի քանի տարի, սակայն նման մասշտաբներով՝ առաջին անգամն է:

Վրանային ճամբարի ընթացքում նախատեսված էր անցկացնել ստարտափների 2 բաթլ՝ 5000 և 2500 դոլար դրամաշնորհով:

Արդեն ամփոփվել են Sevan Startup Battle-ի առաջին փուլի արդյունքները, որտեղ ներկայացված էին նախապես ընտրված 10 ստարտափներ: Ստարտափների հեղինակները ներկայացրին իրենց նախագիծը՝ նշելով իրենց առանձնահատկությունները, ինպես նաև այն պատճառները, ըստ որոնց՝ հենց իրենք պետք է ստանան 5000 դոլար պարգևատրումը:

Կարդացեք նաև

Ներկայացված 10 ստարտափներից ընտրվեցին լավագույն երեքը՝ EarlyOne, Volt և Skycriptor: Վերջինս էլ ժյուրիի անդամների թեժ քննարկումներից հետո ճանաչվեց հաղթող և ստացավ դրամական պարգևը:

Aram Jivanyan

Ստարտափի հիմնադիր Արամ Ջիվանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ստացված մրցանակային գումարը օգտագործվելու է նպատակային և ուղղվելու է ինտելեկտուալ սեփականության հարցերը կարգավորելուն: Արամ Ջիվանյանի խոսքով՝ իրենց նախագծի համար ավելի նպատակային է արտասահմանյան շուկան:

14086393_315022242184993_4910267740897896605_o

Ժյուրիի անդամները նշեցին, որ բոլոր ստարտափներն ունեն մեծ պոտենցիալ և հրաշալի նախագծեր են, սակայն հենց Skycriptor-ը կարող է մեծ ճանաչում և հաջողություններ ունենալ միջազգային շուկայում:

Ստարտափների հաջորդ բաթլը տեղի կունենա օգոստոսի 23-ին: Այս անգամ կմրցեն ոչ թե նախապես ընտրված թիմերը, այլ ճամբարի մասնակից ջոկերի ներկայացուցիչները: Յուրաքանչյուր ջոկ կարող է ներկայացնել մի քանի թիմ: Եթե բաթլի առաջին փուլի մասնակիցները ներկայացնում էին իրենց նախագծերի դեմո տարբերակները, ապա հաջորդ մրցույթին կներկայացվեն հիմնականում նոր գրված ծրագրեր, գաղափարներ, կամ հավելվածների բետա տարբերակներ: Այս մրցույթի հաղթողը կստանա 2500 դոլար դրամական պարգև:

14102858_315441585476392_2866394129946409529_o

GG ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը, ով բաթլի ժյուրիի անդամներից է, ինչպես նաև հանդիսանում է ճամբարի կազմակերպիչներից մեկը, մեզ հետ զրույցում նշեց, որ առաջիկայում նպատակ կա այս ճամբարը դարձնել ամենամյա: Հետագայում կընդլայնվի ճամբարի աշխարհագրությունը և մրցույթին մասնակցելու իրավունք կունենան նաև արտասահմանում գործող ընկերությունները:

«Միջոցառման ընթացքը և մասնակիցների հետաքրքրվածությունը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք ունենք նպատակ Սևանն ու այդ տեխնոլոգիական բրենդը հայտնի դարձնել համաշխարհային մակարդակով: Եվ դա իրագործելի է»,- նշեց Խաչատուր Գրիգորյանը:

xachatur grigoryan

Sevan Startup Summit-ը առաջին անգամ է անցկացվում ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Նման ճամբարներն ընդունված են հատկապես Միացյալ Նահանգներում գործող կրթահամալիրներում:

Sevan Startup Summit-ի փակումը տեղի կունենա օգոստոսի 24-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս