Բաժիններ՝

«Մնջախաղում շարժումը համապատասխանեցնում ենք կերպարի ներքին վիճակին, ներքին տոնայնությանը»

Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի ընթացքում Ծաղկաձորում կարելի է  արվեստի հետ առնչվող տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հանդիպել: «Մնջախաղը ինտելեկտուալ, համամարդկային լեզու է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը:

– Առաջին անգա՞մ եք ներկա փառատոնին:

– Չորրորդ փառատոնն է, որին հետևում եմ: Նեղ մասնագիտական հետաքրքրություն ունեմ պլաստիկ արվեստի՝ հատկապես մնջախաղի նկատմամբ: Այս տարի ակտիվ մասնակից եմ՝ կազմակերպում եմ քննարկումներ և կոնֆերանսներ:

– Հետևե՞լ եք ներկայացումներին: Ո՞ր թատերախմբերն են ձեզ հատկապես դուր եկել:

– Դիտել եմ այս օրերի ընթացքում հանդես եկած արտիստներին, սակայն  փառատոնը չի ավարտվել  և վերջնական կարծիք չեմ կարող հայտնել: Գիտեմ, որ Վահրամ Զարյանը չի՛ կարող վատ ներկայացում ցուցադրել. նրա պլաստիկան, տեխնիկան, ճաշակը բարձր են: Սովորել է Մարսել Մարսոյի դպրոցում և եթե անգամ շատ ցանկանա, չի կարող վատ ներկայանալ: Շատերն են հավանել Իրանի ներկայացուցիչներին, բայց ինձ հատկապես տպավորել են  թատերական ինստիտուտի ուսանողները «Մեդուզա» ներկայացմամբ: Կարծում եմ՝ բեմադրության հեղինակ Մերի Տերտերյանը հետաքրքիր մտածողությ ուն ունի, սակայն կարող էր ավելի ակտուալ մեկնաբանել այս թեման: Առավելապես ինձ դուր է եկել գլխավոր դերակատար Աննա Վարդանյանը: Նրա մոտեցումը, դիմախաղը հետաքրքիր ու տպավորիչ են:

– Ներկայացումներում օգտագործվում են հանրահայտ, հզոր երաժշտություններ: Ի՞նչ եք կարծում նման երաժշտությունը կարո՞ղ է կոծկել բեմադրության թերությունները կամ հակառակը ՝ խանգարել բեմադրությանը:

– Էմոցիոնալ հզոր ֆոն ունեցող երաժշտություն ընտրելիս պետք է պլաստիկայով ապահովել համապատասխան էմոցիոնալ նշաձողը: Հակառակ դեպքում կոնտրաստ և կոմիկական վիճակ է ստեղծվում: Պարարվեստում մարմնի շարժումները համապատասխանեցնում ենք ռիթմին, իսկ մնջախաղում շարժումը համապատասխանեցնում ենք կերպարի ներքին վիճակին, ներքին տոնայնությանը: Հզոր երաժշտությանը համապատասխան պլաստիկա ապահովելու համար պետք է կենսափորձ, զարգացած հոգետեխնիկա ունենալ:

– Փառատոնը նպաստո՞ւմ է մնջախաղի զարգացմանը:

– Փառատոնը նպաստում է մնջախաղը լայն զանգվածներին ներկայացնելուն, փորձի փոխանակման հնարավորություն է ստեղծում: Այն մշակութային այցեքարտ է, սակայն ոլորտի զարգացման համար աշխատանքային պայմաններ են անհրաժեշտ: Պայմանների բացակայության պատճառով մնջախաղը սիրողական բնույթի է դառնում:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս