Որքանո՞վ է ճիշտ մի քանի միլիոն նպաստ վճարել մի անձի, երբ դրանով կարող ենք մի քանի հարյուր մայրերի նպաստ վճարել. Արտեմ Ասատրյան
Ժամանակավոր անաշխատունակության նպաստները 2008 թվականի 4.6 մլրդ դրամից 2014թ.ն դարձել են 12 մլրդ դրամ: Ինչպես այսօր Ծաղկաձորում ԱՄՆ Միջազգային զարգացման կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի աջակցությամբ լրագրողների համար կազմակերպված դասընթաց-հանդիպման ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, այս աճի համար կամ պետք է ծնելիությունը շեշտակի աճած լիներ, կամ հիվանդացությունը:
«Բոլորս էլ ապրում ենք Հայաստանում, նման բան չի արձանագրվել: 4.6-ից 12 մլրդ աճը ցույց է տվել, որ խնդիրներ կան, որոնց պետք է լուծումներ տալ»,- ասաց Ա.Ասատրյանը:
Նախարարի խոսքով՝ հիվանդության նպաստի դեպքում աշխատող անձը ստանում է ավելի քիչ, քան այն անձը, որը հիվանդացել է. «Ստացվում է, որ խրախուսում ենք հիվանդանալը»:
Ա.Ասատրյանն ընդգծեց, որ սպասում են շահագրգիռ կողմերի առաջարկություններին ու պատրաստ են քննարկման. «Որևէ կողմ այսօր այլ նպատակ չունի, բոլորս էլ ուզում ենք, որ սոցիալական ոլորտին հատկացվող միջոցները ծախսվեն նպատակային: Սոցիալական հատկացումները կազմում են պետական բյուջեի շուրջ 30%-ը»: Նշելով, որ նպաստ ստացող մայրերի շրջանակը կտրուկ մեծանալու է, Ա.Ասատրյանը նկատեց, որ չկա որևէ զարգացած երկիր, որ 20 մլն դրամից ավելի գումար է հատկացվում մայրերին, և պետք է լինի ինչ-որ մի շեմ. «Սոցիալական պաշտպանության համակարգը ռեսուրսների ճիշտ վերաբաշխում է ենթադրում: Որքանո՞վ է ճիշտ մի քանի միլիոն նպաստ վճարել մի անձի, երբ դրանով կարող ենք մի քանի հարյուր մայրերի նպաստ վճարել: Բնական է, որ պետք է լինի սահմանափակում: Այլ խնդիր է, թե այդ սահմանափակումը որքան լինի ու մենք պատրաստ ենք քննակել այդ շեմը»: Ըստ նրա՝ կոռեկտ չէ ձևակերպումը, որ աշխատողների հաշվին չաշխատողներին է աջակցություն ցւցաբերվում: Ա.Ասատրյանը նշեց, որ եթե խնդիրը ճիշտ ներկայացվի, հասարակական կարծիքն էլ դրական կլինի:
«Չաշխատող մայրերին ընդգրկելը բերելու է մուլտիպլիկատիվ էֆեկտի և ծրագիրն այս ձևով վերաձևավորելը ավելի նպատակային և արդյունավետ է դառնում, եթե նույնիսկ բերում է բյուջեի ավելի մեծ ծախսերի»,- հավելեց նախարարը: