Քրեական պատասխանատվության սուբյեկտը լրագրողը չէ. Կոստանյանը պարզաբանում է դատախազության հաղորդագրությունը
ՀՀ գլխավոր դատախազությունն օրերս հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումը կարող է վնասել կողմերի օրինական շահերին ու իրավունքներին, խոչընդոտել քրեական գործի քննությանը, հանցագործության բացահայտմանը: ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցրել էր, որ հանգամանքների բերումով նախնական քննության տվյալների տիրապետող սուբյեկտների համար առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության, վերոնշյալ տվյալների հրապարակումը առաջացնում է քրեական պատասխանատվություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով:
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անդրադարձավ դատախազության հայտարարությամը.
«Ինձ համար, անկեղծ ասած, շատ տարօրինակ էր, որ այդ հաղորդագրությունը պետք է բուռն քննարկումների կամ շահարկումների տեղիք տար՝ առնվազն նկատի ունենալով հետևյալը, որ երբ մենք տարածում ենք դատախազության հաղրոդագրությունները, մենք տարածում ենք՝ առնվազն ապավինելով իրավական տարրական գիտելիքների առկայությանը, որովհետև նախաքննության գաղտնիքի հրապարակումը հանցագործություն է՝ նախատեսված քրեական օրենսգրքով: Եվ հանցագործության կատարման դեպքում անձինք համապատասխան ենթարկվելու են պատասխանատվության: Եվ այստեղ շատ մեծ գիտելիքներ կամ ջանքեր չէր պահանջվի, եթե որևէ մեկը հետևություններ, մեկնաբանություններ, տպավորություններ կիսելուց առաջ ընդամենը դիմեր մասնագետի գոնե խորհրոդին՝ նկատի ունենալով. որ… Հիմա փորձեմ պարզաբանել: Նախաքննության գաղտնիքը հրապարակելու համար քրեական պատասխանատվությունը նախատեսվում է առնվազն այն սուբյեկտի համար, ով դեպքերի հանգամանքների բերումով տեղեկատվություն է ձեռք բերել այդ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների մասին: Եվ հետևաբար անգամ քրեական իրավունքի ցանկացած դասագիրք մեկնաբանություններ կատարելուց առաջ եթե որևէ մեկը բացեր, կհասկանար, որ նախաքննության գաղտնիքի հրապարակման համար պատասխանատվության առնվազն սահմանվում է տվյալ գործով դատավարության մասնակիցների համար: Այսինքն՝ եթե այն մասնակիցը, որին հանգամանքի բերումով հասու է դարձել նախաքննության տվյալը, նա այդ տվյալը հրապարակելու համար ենթարկվել է և ենթարկվելու է քրեական պատասխանատվության: Ինչ վերաբերում է նրան, որ քննարկման առարկա է դարձել լրագրողների կողմից իրենց աղբյուրները չբացահայտելու հանգամանքը, դա ևս օրենքի պահանջ է: «Զանգվածային լրատվության մասին» օրենքը հստակ սահմանում է, որ լրագրողը պարտավոր չէ, հատուկ ուզում եմ այդ կետի վրա շեշտադրել, պարտավոր չէ հրապարակել իր տեղեկատվության աղբյուրը, այսինքն՝ դա լրագրողնի իրավունքն է. լրագրողը կօգտվի այդ իրավունքից և չի հրապարակի, դա լրագրողնի իրավունքն է, լրագրողը կհրապարակի, դա ևս լրագրողի իրավունքն է: Համենայն դեպս, քրեական պատասխանատվության սուբյեկտը ոչ թե լրատվության միջոցն է կամ լրագրողը, այլ այն սուբյեկտը, ում դատավարության մասնակից լինելու պայմաններում հասու է դարձել տեղեկատվություն, և ինքը փորձում է հրապարակել: Իսկ եթե լրագրողն օգտվի իր իրավունքից և չհայտնի իր տեղեկատվության աղբյուրը, այստեղ արդեն օրենքով այլ ընթացակարգ է սահմանված, որ միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների հետ կապված հարցերով դատական կարգով լրագրողը կարող է պարտավորություն կրել՝ տեղեկատվության աղբյուրը հրապարակելու համար: Հետևաբար այդ բոլոր մտահոգություններ, գնահատականներ… իրավունք ունի ցանկացած անձ նման կարծիք արտահայտելու, բայց լավ կլինի, որ կարծիքը գոնե մի քիչ մասնագիտական հենք և հիմք ունենա»:
Նշենք, որ դատախազության հաղորդագրության հետ կապված իր մտահոգությունն էր արտահայտել նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը: «Գտնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը պարունակում է ակնարկ լրագրողին հրապարակման համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, անգամ եթե ոչ միտումնավոր, սակայն նման ակնարկը ենթադրելի է, ընկալվում է որպես այդպիսին հաղորդագրության ձևակերպումներից, քանի որ հաղորդագրությունն ընկալվում է որպես հենց լրագրողին և/կամ լրատվամիջոցին ուղղված, ուստի հարկ ենք համարում նշել, որ լրատվության աղբյուրից ստացված եւ բարեխղճորեն ներկայացված հրապարակման համար, անգամ եթե դա պարունակում է սահմանափակումներ, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` լրագրողը չի կարող ենթարկվել պատասխանատվության: Վերոնշյալ պատճառաբանություների համատեքստում ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունն ընկալվում է ոչ թե որպես օրինականության ապահովմանն ուղղված գործողություն, այլ ուղղակի սպառնալիք ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական գործունեության իրականացմանը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գտնում է, որ տարածված հաղորդագրությունը հակաիրավական է` խախտում է լրագրողների ազատ արտահայտվելու իրավունքը և հասարակության տեղյակ լինելու իրավունքը: Այն նաև հակաօրինական է` հակասում է մասնավորապես «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն առաջարկում է ՀՀ գլխավոր դատախազությանը վերանայել նշված հաղորդագրությունը»,- տարածված հաղորդագրության մեջ նշել էր ԻԱԿ-ը: