Ստեփան Սաֆարյանը` Սամվել Ֆարմանյանին. Բառախաղ չանենք

«Իմ սերտած քաղաքագիտության որակի վրա չկասկածեք երբեք»,- իր ֆեյբուքյան էջում  այսպես է հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանին պատասխանել «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Ստեփան Սաֆարյանը, մայիսի 15-ին 168.amզրույցում` անդրադառնալով նույն օրը կայացած ՀՀԿ 15-րդ համագումարին և Սերժ Սարգսյանի ելույթին, վտանգավոր էր համարել ՀՀԿ ղեկավարի մի շարք մտքեր` մասնավորապես Հանրապետական կուսակցության դերակատարության և երկբևեռ քաղաքական դաշտի կայացման վերաբերյալ:

Ըստ Սաֆարյանի` նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ էության, չի թաքցնում երկրում կուսակցապետություն և երկուսակցական համակարգ ստեղծելու իր ցանկությունը:

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության և Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը` արձագանքելով Ստեփան Սաֆարյանի այդ դիտարկմանը, հակադարձել էր, նշելով, թե Սաֆարյանը, ով հաճախ հանդես է գալիս որպես քաղաքագետ, չի տարբերում երկբևեռ քաղաքական համակարգը երկկուսակցական համակարգից:

Սրան ի պատասխան` Ստեփան Սաֆարյանը գրել է. «Կարդացի Ձեր մեկնաբանությունը ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի վերաբերյալ իմ գնահատականների մասին: Ձեզ համար ևս մեկ անգամ պարզաբանեմ, որպեսզի ես չասեմ տաշեղ, Դուք չասեք՝ Մուշեղ:

1. Կուսակցապետություն: Երբ Սերժ Սարգսյանն ասում է, որ Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչը պետք է լապտերը ձեռքին ման գա իր գյուղի հանրապետականին, որպեսզի նա «վերլուծական» Մելիք Ադամյանի առջև ուղղահայացահորիզոնական ցանցային կապերով միջնորդի լուծել սողանքի խնդիրը, դա նշանակում է Գոշում «համոզիչ հաղթանակ» տարած գյուղապետ չկա, ՏԻՄ չկա, մարզպետարան չկա, կառավարարություն չկա, նախագահ չկա: Կա Մելիք Ադամյան, որտեղով ոչ միայն նախարար, պատգամավոր կամ նախագահ են դառնում, այլ նաև սովորական մարդիկ են գտնում սեփական խնդրի լուծումը:

Դուրս գանք Սերժ Սարգսյանի ելույթի տիրույթներից: Քաղաքագիտորեն, եթե որևէ երկրում կուսակցությունը զավթում է պետական ինստիտուտների՝ սահմանադրորեն ամրագրված գործառույթները, դա նշանակում է նա վեր է պետական իշխանության բոլոր մարմիններից (կենտրոնական կառավարություն և տեղական իշխանություններ) և դա դասական կուսակցապետություն է:

Այդպիսին էր ԽՍՀՄ-ը: Գիտեմ, որ ՀՀԿ-ականները և Դուք վաղվանից ասելու եք, թե Սերժ Սարգսյանի միտքը ճիշտ չենք հասկացել, կամ նա լավ չի ձևակերպել, և ի նկատի է ունեցել այն, որ ՀՀԿ տեղական կառույցները պետք տեղերում հավաքեն ու Մելիք Ադամյան բերեն ժողովրդի խնդիրները:

Բայց հիասթափեցնեմ, Սերժ Սարգսյանի արտահայտած միտքը շատ հստակ է. ոչինչ, որ տեղի իշխանությունները չլուծեն Գոշի բնակչի խնդիրը, թող նա փնտրի այն լուծելու ՀՀԿ-ական խողովակը:

2. Երկբևեռ/երկկուսակցական համակարգ. Բառախաղ չանենք: Սերժ Սարգսյանն անուղղակի ասում է, որ այսքան կուսակցությունները շատ են: Հանուն արդարության, նա ողջունում է նաև համախմբումը ընդդիմադիր/ոչ իշխանական դաշտում, կամ ինչպես ասում են՝ քառյակը: Թերևս հենց սա եք փորձում շահարկել, թե՝ հո Սերժ Սարգսյանը չի՞ ասում` մյուս կուսակցությունները թող փակվեն, այլ ասում է՝ թող բոլորով մի «կալպակի» տակ լինեն:

Այսինքն, իշխանական դաշտում լինի ՀՀԿ, ու լինի, օրինակ, ոչ իշխանական դաշտ… Այսինքն, չլինի ընդդիմադիր դաշտ, և ընդդիմադիրները լինեն ոչ իշխանական դաշտում վերահսկողության տակ ու միշտ հաջողություն մաղթեն կառավարությանը, նախագահին, խմեն նախագահի կենացը: Այստեղ պետք է վկայակոչեմ Արամ Մանուկյանին. այսինքն՝ իշխանության դաշտում էլ լինի ՀՀԿ-ն, «ընդդիմադիր» դաշտում էլ լինի «ՀՀԿ»: Խայտառակ բան է ստացվում, բայց սա անգամ ոչ թե երկբևեռություն է, այլև միաբևեռություն, ու կրկին կուսակցապետություն:

Այնպես որ, ինչպես մեկնաբանում ենք, Ձեր օգտին չի լինում: Այնպես, ինչպես Հայաստանի օգտին չեմ համարել փետրվարի 6-ին Բրյուսելում ձեր գլխավորած խորհրդարանական պատվիրակության արկածները ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում, որի արդյունքում Հայաստանի համար անվտանգության նշանակության ուղղություններից մեկը վտանգված է անգամ խորհրդարանական հարթության վրա:

Իսկ տեղի ունեցածը փորձեցիք քողարկել` ղարաբաղյան խնդրի թիկունքում թաքնվելով: Ինչպես որ վստահ չեմ, որ Ձեր խմբի քեսաբյան արկածները բխում էին Հայաստանի շահերից: Միգուցե Ձեր անձնական կամ այլ երկրի շահերից բխում էին (քեսաբցիների ֆոնին ձեր կուսակից Նաիրա Կարապետյանը և այլք, ապա Ասադի ֆոնին նկարվեցիք ու PR-վեցին), բայց դա այլ պատմություն է, որին կանդրադառնամ Քեսաբին նվիրված առանձին հրապարակմամբ:

Իմ սերտած քաղաքագիտության որակի վրա չկասկածեք երբեք: Դա Ձեր քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի իմացածը չի, որ հայաստանյան քաղաքական ուժերի վարքագիծը բացատրվի հայասատանյան հեռուստասերիալների անուններով ու բովանդակությամբ՝ «Դժբախտ ապրուստ», «Եզրագծից այն կողմ», «Ո՞ւր է իմ տղամարդը» եւ այլն /ամենևին չեմ հեգնում/: Դա միանգամայն այլ քաղաքագիտություն է, և մարդիկ հենց դրա իմացության համար են ինձ գնահատում Հայաստանից ներս ու դուրս: Հարգանքներով՝ Ստեփան Սաֆարյան»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս