Տավուշում «հակառակորդի օդուժի հարձակման» սցենարով ուսումնավարժություններ են անցկացրել

ՆԳՆ Փրկարար ծառայությունը ուսումնական հաստատություններում պարբերաբար անցկացվում են վարժանքներ. նշում են ՆԳՆ-ից և մանրամասնում.

«Հոկտեմբերի 27-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի անձնակազմը Տավուշի մարզում՝ Չինարի բնակավայրի Վ․ Սաղոյանի անվան և Չորաթան բնակավայրի Ա․ Ուդումյանի անվան միջնակարգ դպրոցներում անցկացրել է «Հակառակորդի օդուժի հնարավոր հարձակման հետևանքով դպրոցում փլուզման ու հրդեհի ժամանակ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Ուսումնավարժությունների նպատակը մի շարք ուղղություններով աշխատանքների իրականացումն էր՝

փրկարարների պատրաստվածության բարձրացում․ամրապնդել բարդ, արտակարգ իրավիճակներում արդյունավետ գործելու գիտելիքներն ու հմտությունները,

կրթական համայնքի պատրաստվածություն. արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու համար անհրաժեշտ գիտելիքների և փորձի տրամադրում աշակերտներին և ուսուցիչներին,

համագործակցության մեխանիզմների ստուգում. փորձարկել փրկարարական ծառայությունների և կրթական հաստատությունների փոխգործակցության արդյունավետությունը։

Ուսումնավարժության ընթացքում մոդելավորվել է իրական արտակարգ իրավիճակ։ Մասնակիցները գործնականում ծանոթացել են տարհանման ճիշտ հաջորդականությանը, անվտանգության կանոններին, առաջին օգնության տրամադրման հիմնական սկզբունքներին և փրկարարական աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել վարժանքներին և ամրապնդել իրենց գիտելիքները գործնականում։

Արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքելու համար երիտասարդ սերնդի պատրաստվածությունն ունի առանցքային նշանակություն։ Պարբերաբար անցկացվող ուսումնավարժություններն ապահովում են ինչպես փրկարարների շարունակական մասնագիտական զարգացումը, այնպես էլ կրթական հաստատությունների պատրաստվածությունը հնարավոր սպառնալիքներին»։

Տեսանյութեր

Լրահոս