Ստեփան Սաֆարյան. Նախագահը չի թաքցնում կուսակցապետություն ստեղծելու իր ցանկությունը
«Ելույթում կան այնպիսի ձևակերպումներ, որոնք, անկեղծ ասած, կապ չունեն մեր իրականության հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով իշխող Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարում Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի ելույթը:
Ս. Սաֆարյանի տպավորությամբ` Սերժ Սարգսյանի խոսքն ընդհանրապես նման է հսկայական ծավալով մի դասախոսության, որպիսին Սերժ Սարգսյանը շատ անգամներ է կարդացել իր թիմակիցների համար: Ստեփան Սաֆարյանին հատկապես զարմացրել էր Սերժ Սարգսյանի միտքը, թե «Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը ոչ թե պետք է մտածի ում և ինչպես դիմի, որ սողանքից տուժած բնակարանի հարցը լուծում ստանա, այլ պետք է փնտրի իր շրջապատի Հանրապետականին»:
«Շատ վտանգավոր եմ համարում այն, որ նախագահը, ըստ էության, չի թաքցնում կուսակցապետություն ստեղծելու իր ցանկությունը: Համաձայն եմ, որ մենք դա ունենք, բայց ի՞նչ է նշանակում` սողանքի հետ կապված խնդիրը լուծելու համար բնակիչը պիտի փնտրի Հանրապետական կուսակցության ներկայացուցչին: Սա ուղղակի նոնսենս է ժամանակակից պետականագիտության մասին: Եվ այս մտքի կողքին ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, իրավական պետության մասին մնացած երկարաշունչ դասախոսություններն ուղղակի որևէ արժեք չունեն»,- ասաց Ս. Սաֆարյանը:
«Երկրորդը, երկուսակցական քաղաքական համակարգի անցնելու մասին: Ճիշտն ասած` անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված Սերժ Սարգսյանի այդ ցանկությունը: Նա իրավացի է մի հարցում, որ քաղաքական դերակատարները շատացել են, և խաղադրույքը բարձրացել է:
Ընդհանրապես ժողովրդավարությունը քաղաքագիտության մեջ որոշ առումով նույնացնում են թղթախաղի, երբ ասում են` երկու հոգով խաղալու դեպքում ավելի հեշտ է կառավարել խաղը, քան մի քանի հոգով խաղալու դեպքում:
Հետևաբար, ի՞նչ արժեք ունի ժողովրդավարության, քաղաքացիական շարժումների, բազմակարծության մասին խոսելը, եթե Սերժ Սարգսյանի ողջ նպատակը խաղն ավելի պարզեցնելն է:
Եվ, վերջապես, տարակուսելի են այնպիսի մտքեր, ինչպես, օրինակ, Հանրապետական կուսակցությունն ավելացրել է իր դերակատարությունը: Մի կողմ թողնենք այն, որ խոսում է ՀՀԿ-ի «տպավորիչ հաղթանակների» մասին:
Պատահական չեմ համարում, որ ընդհանրապես խուսափել է անդրադառնալ նախագահական ընտրություններին: Ուստի, վերհիշելով անցած բոլոր ընտրությունները, ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ դրանք եղել են բոլշևիկյան ընտրություններ, և հաղթանակներն ամենևին համոզիչ չեն: Եվ ընդհանրապես ցանկալի կլիներ ընտրական համակարգի մասին լռելը, որովհետև իշխող կուսակցությունն ամեն մի ընտրությունից հետո ավելի է հարվածել այդ մեռյալ ինստիտուտին:
Երբ Սերժ Սարգսյանը խոսում է տեղական ինքնակառավարման մարմինների բարձրության մասին, թերևս չես կարող մոռանալ այն փաստը, որ այս օրերին մի ամբողջ հասարակություն ընդվզում է, բայց չի կարողանում Երևանի քաղաքային իշխանություններին, որ Միկոյանի նմանի արձանը չպետք է տեղադրվի: Այսինքն՝ ի՞նչ բարձրության, ի՞նչ ժողովրդավարության և կարծիքներ հարգելու մասին է խոսքը, երբ իրականում Հանրապետական կուսակցությունը բացարձակապես այլ պահվածք է դրսևորում: Հետևաբար, որքան էլ ճշմարիտ լինեն ելույթում արված որոշ ձևակերպումներ, այնուամենայնիվ, դրանք կարդալուց ավելի ես տարակուսում, քան ոգևորվում, որ նախագահը լավ միտք է արտահայտել»,- նշեց Ստեփան Սաֆարյանը: