Պետրոս Մակեյան. «Եթե օլիգարխ չեմ, ուրեմն` իրավունք չունեմ կառավարության անդամ լինել»
Այս 16 տարիների ընթացքում այս վարչախմբի որևէ կառավարության կանխատեսում մեր ժողովրդին ինչ-որ բան տվե՞լ է»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի հռետորական հարց տվեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունի նոր կառավարության ծրագրի մասին:
Այս համատեքստում նա հիշեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը` կառավարության «միլիոնատեր» անդամների և վարչապետի մասին, և ավելացրեց, որ դա հայտնագործություն չէ ու բոլորին հայտնի փաստ է:
Պ. Մակեյանի կարծիքով` իմաստ էլ չկա խոսելու նոր կառավարության ներկայացրած ծրագրի մասին, քանի որ վերջին 16 տարիներին` Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման ընթացքում, որևէ կառավարություն չի հասել իր առջև նպատակադրված ծրագրերի իրականացմանը:
«Եթե հետադարձ հայացք ենք գցում անցյալին, Ռոբերտ Քոչարյանի առաջին կառավարությունն իրեն «արհեստավարժների» կառավարություն էր անվանում, չէ՞: Վարչապետն ասում էր` եթե խավիարի համը չեն տեսել, ուրեմն՝ իրավունք չունեն պաշտոն զբաղեցնել կառավարման համակարգում: Հիմա այս կառավարությունը կարելի է բնութագրել մոտավորապես այս սկզբունքով` եթե օլիգարխ չեմ, ուրեմն՝ իրավունք չունեմ կառավարության անդամ լինել: Ի՞նչ պետք է լինի այս կառավարության ծրագիրը, կարծում եմ` ընդամենը պետք է լինի օլիգարխների շահերը սպասարկող ծրագիր»,- նշեց մեր զրուցակիցը:
«Երբ Քոչարյանի կառավարությունները նկարում էին 10-12 տոկոս վագրային թռիչքներ, հասարակությունը, քաղաքացին իր մաշկի վրա զգո՞ւմ էր այդ աճը: Ո´չ, այդ աճն օլիգարխների համար էր: Երկրորդը, սկսվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամը, կարծեմ Տիգրան Սարգսյանն էլ ասում էր, թե ճգնաժամը շրջանցելու է Հայաստանը, բայց հայ ժողովուրդն աղքատացավ. իրենց գրած ցուցանիշներով աղքատությունը հասավ ավելի, քան 35 տոկոսի, իրականում բնակչության կեսից ավելին աղքատ է:
Իսկ այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով ողջ աշխարհի մեծահարուստները կորցրեցին իրենց ունեցվածքի մի մասը, մեր օլիգարխները հակառակը` հարստացան, գերհարստացան: Սրանից հետո ինչո՞ւ ես պետք է հավատամ այս կառավարության ներկայացրած թվերին և ի՞նչ պետք է մեկնաբանեմ: Այս 16 տարիների ընթացքում այս վարչախմբի որևէ կառավարության կանխատեսում մեր ժողովրդին ինչ-որ բան տվե՞լ է»,- ավելացրեց նա:
Ի դեպ, Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության կողմից ներկայացված ծրագիրն այսօր հաստատվել է Ազգային ժողովի կողմից` ձայների 70 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ: