ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով
Նախագահական միջոցառումները լուսաբանող խմբի մեջ մտնող ամերիկյան մի շարք խոշոր հեռուստաալիքներ բոյկոտ են հայտարարել նախագահ Դոնալդ Թրամփին այն բանից հետո, երբ իրենց գործընկերներին արգելվել է աշխատել Սպիտակ տանը։ Այսպիսով, սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախատեսված ելույթի նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մնացել է առանց նախագահական միջոցառումները լուսաբանող լրատվամիջոցների տեսանկարահանող խմբի։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
CNN-ը, որը ռոտացիոն սկզբունքով այս շաբաթ պետք է ապահովեր նախագահական միջոցառումների հեռարձակումը, հրաժարվել է դա անել։ Նախագահական միջոցառումները լուսաբանող խմբի կազմում ընդգրկված մյուս չորս խոշոր հեռուստաընկերությունները՝ Fox News-ը, ABC-ն, NBC-ն և CBS-ը, հրաժարվել են փոխարինել CNN-ին և իրականացնել նկարահանումները։
Այս աննախադեպ բոյկոտի պատճառը սեպտեմբերի 18-ին Թրամփի կայացրած որոշումն է՝ արգելել CNN-ին, MS NOW-ին և POLITICO-ին աշխատել Սպիտակ տանը՝ պատճառաբանելով, որ նրանք բացասական են լուսաբանում իր վարչակազմի գործունեությունը։
Թեև Fox News-ի, ABC-ի, NBC-ի և CBS-ի վրա արգելքը չի տարածվել, սակայն նրանք հայտարարել են, որ ի նշան գործընկերների հետ համերաշխության՝ չեն ապահովի նախագահի գործունեության հեռուստատեսային լուսաբանումը, քանի դեռ այդ սահմանափակումներն ուժի մեջ են։
«Տեղեկացնում ենք, որ այսօրվանից հեռուստատեսային լրատվական խումբը չի լուսաբանի նախագահի մասնակցությամբ այն միջոցառումները, որոնք նախատեսված են նմանատիպ համատեղ լուսաբանման համար», – հայտարարել է Fox News-ի Վաշինգտոնի բյուրոյի ղեկավար և լրատվական խմբի ներկայիս նախագահ Բրայան Բոութոնը։
«Լրատվական խմբի մյուս բոլոր գործառույթները կշարունակվեն սովորական ռեժիմով, այդ թվում՝ Կոնգրեսի, բարձրաստիճան պաշտոնյաների և Վաշինգտոնում ու երկրի տարբեր վայրերում տեղի ունեցող հատուկ միջոցառումների լուսաբանումը։ Իրադրության զարգացմանը զուգընթաց՝ մենք կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն», – հավելել է Բոութոնը։
CNN-ը, MS NOW-ն և POLITICO-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին՝ պահանջելով վերականգնել իրենց լրագրողների մուտքը Սպիտակ տուն։

