Նիկոլ Փաշինյանի ելույթը իրարանցում է առաջացրել ԱԺ-ում (տեսանյութ)
Այսօր ԱԺ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հիշեցրեց 2011 թ. նոյեմբերին Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ նոր դարաշրջանի մեկնարկի մասին, որ գործարար աշխարհը պետք է տարանջատվի իշխանությունից: Սակայն, ըստ նրա, ընդամենը 2 տարի անց ձևավորվում է կառավարություն, որի ադամներից 5-ը կարող են հավակնել ամենահարուստ մարդկանց շարքին, իսկ Հովիկ Աբրահամյանն ամենամեծ սեփականատերերից մեկն է, ունի հազարավոր գործարաններ, տներ, հյուրանոցներ, հողեր և այլն, Դավիթ Հարությունյանն ընդհանրապես այնքան անշարժ գույք է հայտարագրել, որ կարծես վերջին 20 տարում ոչ թե պաշտոնյա է եղել, այլ անշարժ գույքի գործակալ: Փաշինյանը հիշեցրեց «Գոլդեն Փելես» հյուրանոցի օֆշորային պատմությունը, որում Կարեն Ճշմարիտյանի անունն էր հոլովվում: Պատգամավորը թվարկեց Գագիկ Խաչատրյանին վերագրվող ընկերությունների անունները ու նշեց, որ նա «ինչի մեջ ասես կա»:
«Առավոտից իրիկուն խոսում են կոռուպցիայի մասին, ձեզ թվում է պոզով-պոչո՞վ է էդ կոռուպցիան, էս է որ կա»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ Հովիկ Աբրահամյանը գյուղատնտեսութունից միլիոնավոր եկամուտներ է ստանում, իսկ հազարավոր գյուղացիներ վարկերի պատճառով ստիպված հեռանում են երկրից:
Ն.Փաշինյանի մեղադրանքների տարափին արձագանքեց Առաքել Մովսիսյանը, որին ի պատասխան՝ պատգամավորը բղավեց. «Ստեղ բազար չի, արա»:
«Հիմա Ձե՞զ կարգի հրավիրեմ, թե՞ պատգամավորին»,- ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«ՀՀ-ն ունի մեկ ազգային բրենդ՝ կոռուպցիա»,- շարունակեց Ն.Փաշինյանը ու նկատեց, որ որոշ գործընկերներ էլ հաջողություն են մաղթում կառավրությանը:
Ավարտելով ելույթը՝ Փաշինյանը դիմեց Գալուստ Սահակյանին ու դիտողություն արեց, որ «չարաճճիություն» արտահայտությունը, որ Սահակյանն օգտագործել էր Փաշինյանի համար. «Եթե Դուք բառերը դժվարությամբ եք գտնում ու կապում իրար, դա չի նշանակում, որ մանկապարտեզը պետք է շփոթեք ԱԺ հետ»:
«Արջը երկրորդ երգը չսովորեց»,- արձագանքեց Գ.Սահակյանը:
Փաշինյանի ելույթից հետո արտահերթ ելույթ ունեցավ Էդուարդ Շարմազանովը. «Մենք այստեղ ենք, որպեսզի քննարկենք մեր հանրապետության համար շատ կարևոր ծրագիր, որց կախված է մեր երեխաների, մեր ընտանիքների ապագան, բայց չենք եկել այստեղ զազրախոսելու: Ի վերջո, պետք է գիտակցենք, որ սա ԱԺ բարձր ամբիոնն է»:
«Եթե մեր նպատակը վիրավորանքներ տալն է, ապա դա խոսում է մակարդակի՝ պլինտուսից ցածր լինելու մասին: Եթե ձեզ թվում է, թե նույն բանը 20 անգամ կրկնելուց ժողովրդի մոտ ձեր հեղինակությունը բարձրանում է, սխալվում եք: Ժողովուրդը մեզնից սպասում է կոնկրետ գործ»,- ասաց Շարմազանովը և ուրախություն հայտնեց, որ ընդդիմության մեջ կան մարդիկ, որ այս ամբիոնից կառուցողական առաջարկներ են անում և տեսնում են այն առաջընթացը, որ արձանագրվել է մեկ ամսում, բայց մենք այստեղ չենք հավաքվել իրար վարկաբեկելու: Եթե բռունցք եք ուզում, բռունցք էլ կստանաք»,- ասաց նա: