Փաստերի առումով խնդիր չունենք. Հայաստանն Ադրբեջանի դեմ հակընդդեմ քայլեր ձեռնարկելու պարտավորություն ունի. նման հայտարարությունները կանաչ լույս են վառել Ադրբեջանի համար. Ավանեսով
Ադրբեջանը, որը տասնամյակներ շարունակ իրականացնում է հայկական պատմամշակութային հետքի նպատակաուղղված վերացում, հերթական տեղեկատվական արշավն է սկսել միջազգային հարթակներում․ Բաքուն պաշտոնական մակարդակով հայկական կողմին մեղադրում է Դադիվանք վանական համալիրից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ։
Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, թե Դադիվանքից հանված որմնանկարների և խաչքարերի մասին տեղեկությունները դեռ 2025 թվականի հոկտեմբերին փոխանցվել են Ինտերպոլին, որոնք ներառվել են «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։ Ադրբեջանցի պաշտոնյայի պնդմամբ՝ 2020 թվականի պատերազմից հետո հայկական ուժերի հեռանալու ժամանակ Դադիվանքից Հայաստան են տեղափոխվել խաչեր, զանգեր, իսկ որոշ որմնանկարներ հանվել են պատերից։
Բաքուն նաև կասկածի տակ է դնում Դադիվանքում հայկական կողմի իրականացրած վերականգնողական աշխատանքները։ Հաջիևայի խոսքով՝ 1997-2011 թվականներին Հայաստանի և Հայ Առաքելական եկեղեցու միջոցներով աշխատանքներ են կատարվել վանական համալիրում, իսկ 2014-ից՝ նաև որմնանկարների վրա։ Ադրբեջանցի պաշտոնյան դրանք ներկայացրել է՝ որպես համալիրի սկզբնական տեսքը փոխած աշխատանքներ։
Ինչպես հայտնի հայկական դարձվածքն է ասում՝ «սելը ճռալու տեղը սելվորն է ճռում»․ պատմական հուշարձաններ ոչնչացնող պետությունն ինքն է հանդես գալիս մեղադրողի դերում։
Զուգահեռաբար, Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի մաս կազմող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ստեղծել է աշխատանքային խումբ։ Կառույցի հայտարարած նպատակն է՝ «ուսումնասիրել» Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը, ինչը, ըստ հայկական կողմի, իրականում փորձ է՝ հայկական կոթողները կեղծորեն որպես աղվանական ներկայացնելու և պատմությունը ձևախեղելու համար։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը, 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով պաշտոնական Բաքվի՝ աշխարհին մոլորեցնելու հերթական փորձերին, մի քանի դիտարկումներ արեց։
Նախ արձանագրեց՝ Դադիվանքում վերականգնողական աշխատանքներն իրականացվել են՝ հաշվի առնելով միջազգային բոլոր չափանիշները։
«Այսինքն`մինչև այդ աշխատանքների իրականացումը բավականին մեծ հետազոտական աշխատանքներ են կատարվել։ Այն, ինչ կատարվել է Դադիվանքում, միջազգային, մասնագիտական տեսանկյունից համապատասխանում է վերականգնողական աշխատանքներին ներկայացվող բոլոր պահանջներին, ինչը մենք չենք կարող ասել այն մասին, ինչ Ադրբեջանն է անում, օրինակ, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պարագայում, այլ դեպքերում։
Ադրբեջանը միտում ունի վերացնելու հայկական հետքը։ Ցանկացած ազգ, որ հազարամյակների ընթացքում քաղաքակրթություն է ստեղծել, միտում չունի որևէ բան խեղաթյուրելու, դա յուրահատուկ է այն քոչվոր ցեղերին, արհեստածին կազմավորումներին, որոնք սեփական մշակույթ չունեն, սեփական պատմություն չունեն, սեփական տարածք չունեն։ Ադրբեջանի պարագայում ամեն ինչն արհեստածին է։
Հաջորդ հանգամանքը՝ Ադրբեջանի իշխանությունները ո՛չ իրավական, ո՛չ պատմական, և ո՛չ, առավել ևս, քաղաքական իրավասություն չունեն որևէ բան պահանջելու Արցախի տարածքում գտնվող, հատկապես հայկական մշակութային արժեքների հետ կապված։ Հակառակը, մենք պետք է պահանջ դնենք Ադրբեջանի դիմաց՝ նաև միջազգային տարբեր դատական ատյաններում, այդ թվում՝ կլինի Ինտերպոլի, Ադրբեջանի դեմ պատասխանատվության մեխանիզմ կիրառելու համար, Նախիջևանի խաչքարերի ոչնչացումից սկսած՝ պատմական Արցախի տարածքով ավարտված»,- մանրամնասնեց օմբուդսմենը։
Նա շեշտեց, որ խոսքը ոչ միայն Արցախի Հանրապետության տարածքի մասին է, այլև 1918 թվականից հետո Ադրբեջանի զավթողական քաղաքականության հետևանքով ամլացած տարածքների։
Խոսելով հայկական կողմի անհրաժեշտ արձագանքի մասին՝ Հովիկ Ավանեսովը նշեց․ «Հայաստանը՝ որպես մեկ ընդհանուր մշակութային ժառանգության կրող, պարտավորություն ունի պաշտպանելու և հակազդող, հակընդդեմ քայլեր ձեռնարկելու Ադրբեջանի դեմ` այդ ամենը կանգնեցնելու համար, ոչ թե ասի՝ մենք ի՞նչ գործ ունենք իրենց ներքին հարցերի հետ։ Նման հայտարարությունները կանաչ լույս են վառել Ադրբեջանի համար՝ գնալու նման քայլերի, նման հայտարարություններ անելու»։
Մասնագետը նկատեց՝ Արցախի 30-ից ավելի թանգարանների ցուցանմուշների զգալի մասն Ադրբեջանը յուրացրել է․ Շուշիի պատկերասրահ, Շուշիի երկրագիտական թանգարան, միջազգային սիմպոզիումների քանդակների պուրակը և այլն։
Ավանեսովը շեշտում է՝ այստեղ ևս պետք է հույս դնենք Հայ Առաքելական եկեղեցու շարունակական գործունեության վրա․ Արցախի եկեղեցիները պատկանում են Արցախի թեմին, որն Էջմիածնապատկան թեմ է։
«Մեր անելիքն այս կետում ոչ միայն զուգահեռ հակընդդեմ գործընթացներ սկսելն է, այլև միջազգային բոլոր կառույցներին ցույց տալը, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածքում գտնվող ցանկացած մշակութային արժեք, անկախ նրա կառուցման ժամանակահատվածից, լիակատար ոչնչացման վտանգի տակ է, և որպես փաստեր բերել այն ցանկը, որ Ադրբեջանը ոչնչացրել է՝ հուշարձաններ, եկեղեցիներ, այդ թվում՝ նաև 19-րդ դարում կառուցված պատմական գերեզմաններ, խաչքարեր և այլն։ Ու, ընդ որում, այդ բոլոր փաստերը ոչ միայն մենք` հայ մասնագետներս ենք ներկայացնում, դրանք փաստագրված են նաև արբանյակային լուսանկարներով՝ նաև միջազգային կարգավիճակ ունեցող կազմակերպությունների, որոնք չեզոք են։
Փաստերի առումով խնդիր չունենք, ծավալային առումով բավականին մեծ քանակի փաստեր ունենք`տեսանյութեր, նկարներ։ Մենք սա դիվանագիտորեն կիրառելու խնդիր ունենք, պետք է այս ամենը կիրառող լինի, ոչ թե հերթական հայտարարություններ անել ու տնտեսական տեսանկյունից էլ՝ պատվիրակություն ուղարկել բռնազավթված Բերձոր և այլն»,- ամփոփեց Հովիկ Ավանեսովը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին տարել էր Գանձասար և Դադիվանք՝ հայկական միջնադարյան վանական համալիրները ներկայացնելով որպես Կովկասյան Աղվանքի ժառանգություն։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում արձագանքել էր կատարվածին՝ տեղեկացնելով միայն, որ Գանձասարի հայկական ծագման հարցին Հայաստանը պատասխանել է Մատենադարանի տնօրենի միջոցով և «անիմաստ» է համարում դրա հայկականությունն Ադրբեջանին ապացուցելու շուրջ քննարկումները։
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հայկական ձեռագրերը հնարավորություն են տալիս հստակ արձանագրել Գանձասարի հայկական ծագումը։ Նա նաև պարզաբանել էր, որ Գանձասարում հնագույն ձեռագրերի բնօրինակներ երբևէ չեն պահվել․ այնտեղ ցուցադրվածները կրկնօրինակներ են եղել, իսկ բնօրինակները պահպանվում են Մատենադարանում։
Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն էլ հայտնել էր, որ Հաջիևի հետ քննարկել է Գանձասարի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն խուսափել էր ադրբեջանցի պաշտոնյայի պնդումներին քաղաքական գնահատական տալուց՝ շեշտելով, որ նման վեճերը չպետք է վնասեն խաղաղության գործընթացին։
Հաջիևը, սակայն, հայկական կողմի արձագանքներից հետո ևս կրկնել էր Բաքվի պնդումները՝ Դուբայում հայտարարելով, թե Ղարաբաղում առկա քրիստոնեական ժառանգությունը աղվանական է և տարիների ընթացքում ենթարկվել է փոփոխությունների։
Մայր Աթոռն ու հայկական մշակութային ժառանգությամբ զբաղվող մասնագետները բազմիցս ահազանգել են 2020 թվականի պատերազմից ու հատկապես երեք տարի առաջ Արցախի հայաթափումից հետո Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների և այլ հուշարձանների ոչնչացման ու փոփոխման, այդ թվում՝ աղվանականացման մասին։

