Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ հանդիպումը կայացել է «Թուրքական տանը»՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության տվյալներով՝ Էրդողանը գոհունակություն է հայտնել, որ Թուրքիան արդեն 18 տարի Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է։
Նա նշել է, որ Անկարան շարունակելու է քայլեր ձեռնարկել երկու երկրների համագործակցությունը, մասնավորապես՝ առևտրի, տրանսպորտի և անվտանգության ոլորտներում, հետագայում ևս զարգացնելու ուղղությամբ։
Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է միջազգային հարթակներում Թուրքիայի և Վրաստանի միջև համերաշխության պահպանման կարևորությունը։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ համագործակցության մեխանիզմների առավել արդյունավետ օգտագործումը շահավետ կլինի բոլոր երեք երկրների համար։
Թուրքիան Վրաստանի անկախությունը ճանաչել է 1991 թվականին, իսկ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը ստորագրվել է 1992 թվականին։
Ներկայում Թուրքիայի և Վրաստանի հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակում են։
Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանի և Կոբախիձեի հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության համատեղ ռազմավարական նախագծերը։
Վրացական կողմի հաղորդագրության համաձայն՝ այդ համատեքստում հատուկ ընդգծվել է ամբողջությամբ շահագործման հանձնված Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու նշանակությունը։ Կողմերը քննարկել են նաև տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը՝ ընդգծելով տարածաշրջանի կայուն զարգացման համար խաղաղության կարևորությունը։

