Վադիմ Դուբնով. Մաքսային միության պայմանագիրը գործնական իմաստով որևէ նշանակություն չի ունենալու Հայաստանի համար
Հարցազրույց ռուս հայտնի վերլուծաբան, քաղաքագետ Վադիմ Դուբնովի հետ
– Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյա Անտոն Ազարովը վերջերս հայտարարեց, թե Մաքսային/Եվրասիական միությանը ԼՂՀ անդամակցության հարցը չի էլ քննարկվում, և Հայաստանի անդամակցումից հետո այդ միության սահմաններն անցնելու են Հայաստանի Հանրապետության` ներկայումս ճանաչված սահմաններով: Ձեր կարծիքով` ո՞րն էր այդ հայտարարության գլխավոր քաղաքական նպատակը:
– Ինձ թվում է, պարզապես կարիք կա ինչ-որ կերպ ֆիքսելու ներկայիս վիճակը, քանի որ խնդիրն առայժմ լուծելի չէ: Իմ կարծիքով` այդ հարցի շուրջ բանակցությունները դեռ երկար կընթանան, և Աստանան ու Մինսկը, անշուշտ, կփորձեն ինչ-որ մի բան պոկել իրենց համար, քանի որ Ղազախստանը և Բելառուսն օբյեկտիվորեն չեն ցանկանում վիճել Ադրբեջանի հետ այնպիսի վիրտուալ իրականության համար, ինչպիսին է Մաքսային և Եվրասիական միությունը, քանի որ Ադրբեջանի հետ նրանք ունեն շատ ավելի իրական և շահավետ հարաբերություններ: Այդ իսկ պատճառով, ես կարծում եմ, որ Աստանան և Մինսկը լուրջ առևտուր են անելու: Համաձայնությունն ինչ-որ ձևով կկայանա, բայց քանի որ Ղարաբաղը չի հանդիսանում լուրջ տնտեսական միավոր, այդ պատճառով խոսակցությունը բավական ձևական է լինելու, այնքան ձևական, որքան մաքսակետը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին:
– Այդուհանդերձ նման հնարավոր զարգացումը բացասաբար են գնահատում Հայաստանում. մասնավորապես` իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի միջև որևէ սահման չի կարող լինել, և Հայաստանը չի միանա Մաքսային միությանն այդ գնով: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
– Ես չեմ կարծում, որ կլինի ինչ-որ սև կամ սպիտակ որոշում: Ըստ իս` կողմերը կգան ինչ-որ փոխզիջման, բայց դժվար թե այն ամենից հետո՝ ինչ եղավ և ինչ տեղի է ունենում, Հայաստանն իրեն թույլ տա հետքայլ կատարել եվրասիական ինտեգրումից: Նա կշարունակի այդ ճանապարհը: Կկայացվի ինչ-որ ֆորմալ որոշում, որը չի վնասի Հայաստանի շահերին և կտեղավորվի այն նեղ շրջանակում, որում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը միասնական տարածք են, և Հայաստանը, այնուամենայնիվ, դեռ չի ճանաչում ԼՂՀ-ի անկախությունը, իսկ նրանց միացումն իրավական ձևակերպում դեռևս չի ստացել: Այսինքն` կլինի հարցի ֆորմալ լուծում, որն իրականի հետ ոչ մի կապ չի ունենա: Հայաստանը ստիպված կլինի ինչ-որ չափով շարունակել եվրասիական ինտեգրումը, բայց քանի որ այդ ինտեգրումը հատկապես Հայաստանի համար բավական վիրտուալ բնույթ ունի, ապա խնդիրը ևս կարող է լուծվել վիրտուալ հարթությունում:
– Ի՞նչ նկատի ունեք: Այսինքն՝ Հայաստանը հունիսի 1-ին չի՞ ստորագրի Մաքսային միության պայմանագիրը, թե՞ կստորագրի, բայց անդամակցությունն իրական չի լինի:
– Հայաստանը կարող է ստորագրել, բայց այն, ինչ ստորագրվելու է, բացարձակապես անիրական է: Այդ պայմանագիրը գործնական իմաստով որևէ նշանակություն չի ունենալու Հայաստանի համար: Ինչ էլ այդ պայմանագրում գրեն, ոչ մի էական նշանակություն չի ունենա: Օրինակ, այնտեղ կարող են գրել, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը բաժանող սահմանագծում լինելու է ինչ-որ մի կետ, ասենք` սահմանապահի ինչ-որ կրպակ:
Դրանում ոչ մի սարսափելի բան չկա, որովհետև ղարաբաղյան կողմում վաղուց կա անցագրային կետ, և ոչինչ չի խանգարում, որ այդպիսի կետ դրվի նաև հայկական կողմից, ու նրան լիազորեն բոլոր հնարավոր լիազորություններով, որոնք, իհարկե, որևէ մեկը չի իրականացնելու:
– Դուք ասացիք, որ Մաքսային միության անդամակցությունն իրական չի լինելու, բայց չէ՞ որ Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը չափազանց իրական է: Ինչո՞ւ Մաքսային միությունը պետք է իրական չլինի:
– Մաքսային միությունը Հայաստանի համար դժվար թե իրական լինի, քանի որ այդ միությունը նույնիսկ իր անդամ երկրների` Բելառուսի և Ղազախստանի համար այնքան իրական չէ: Նկատի ունեմ, որ չնայած միության շրջանակներում համագործակցությանը` առևտրաշրջանառության ծավալները նվազում են: Եվ միությունը բացառապես քաղաքական բնույթ ունի, որևէ տնտեսական միջոցառում իրականացնելու նշաններ չկան, տնտեսական հարաբերությունների սերտացում չկա, որովհետև սերտացումը հնարավոր է միայն լուրջ մաքսային շահույթների դեպքում:
Հայաստանի դեպքում այս վիճակն ավելի կընդգծվի ընդհանուր սահմանի բացակայության պատճառով, և ակնհայտ է, որ գոնե Հայաստանի համար սա բացարձակապես քաղաքական նախագիծ է, որը խիստ անհրաժեշտ էր նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին, և որն ուկրաինական ճգնաժամի ֆոնին առաջվա պես անհրաժեշտ է:
– Որքան հասկացա, Դուք նաև նկատի ունեք Եվրասիական տնտեսական միության նախագծի ստեղծման շուրջ անորոշությունը և Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև առկա որոշ տարաձայնություննե՞րը:
– Ես չէի ասի, թե ինչ-որ սկզբունքային տարաձայնություններ կան: Լուկաշենկոյի գլխավոր մտահոգությունն այն է, որ Բելառուսն առաջվա պես ստանա նավթ՝ առանց մաքսատուրքերի: Ահա սա է նրան մտահոգում այն պատմության մեջ, որը ստացել է «Մաքսային միություն» հնչեղ անվանումը: Մոտավորապես այդպիսի` բավական տրամաբանական, տնտեսական և անձնական բնույթի շահեր ունի նաև Նազարբաևը: Նրանք փորձելու են պաշտպանել իրենց շահերը: Լուկաշենկոն արդեն ապացուցում է դա` պահանջելով նախկին մաքսային ռեժիմի վերականգնումը: Եվ Մոսկվան ստիպված կլինի համաձայնել դրան, քանի որ իր համար շատ ավելի կարևոր է, որ այդ միությունը պահպանվի:
– Իսկ ինչո՞ւ Հայաստանը որևէ պայման չի դնում Մաքսային միության առջև:
– Ըստ իս` Հայաստանը, ի դեմս իր նախագահ Սերժ Սարգսյանի, արդեն լուծել է իր խնդիրները, որովհետև սեպտեմբերի 3-ից հետո Սերժ Սարգսյանը կարողացավ իրականացնել ներքաղաքական հատուկ գործողություն, որի շնորհիվ նա բացարձակապես ամրապնդեց իր իշխանությունը և լուծեց իր բոլոր անձնական ներքաղաքական խնդիրները: Եվ այդ իմաստով, կարծում եմ, Հայաստանը Մաքսային/Եվրասիական ինտեգրումից արդեն ստացել է իր բոլոր բոնուսները:
Ավելին՝ Ռուսաստանը նրան չի տալու, իսկ մնացածն այնքան էլ կարևոր չէ, քանի որ անդամակցության ծախսերն այնքան մեծ չեն, որքան առաջարկվող բոնուսները: Իսկ իրական ինտեգրումը և Հայաստանի վրա ճնշումը, իմ կարծիքով, Ուկրաինայի տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում մի փոքր կարգելակվի:
– Սեպտեմբերի 3-ի որոշումից հետո տեղեկություն եղավ, որ Ռուսաստանը մեծ ֆինանսական օգնություն է տրամադրելու Հայաստանին: Մինչ օրս այդ օգնության բացակայությունը որևէ կերպ կապվա՞ծ է Ղրիմը ՌԴ-ին միացնելու հետ:
– Գիտեք, ես այնքան էլ չեմ հավատում այն վարկերին, որոնք Ռուսաստանը խոստանում է` որպես ֆինանսական օգնություն: Դրանք առայժմ ոչ ոքի չեն օգնել: Իսկ տվյալ դեպքում, կարծում եմ, խոսքը ոչ թե ֆինանսական, այլ քաղաքական ռեժիմին քաղաքական աջակցություն ցույց տալու մասին է: Ֆինանսական օգնությունը կարող էր ինչ-որ կերպ արտացոլվել Ռուսաստանից ներկրվող գազի սակագնի մեջ, ինչը մենք չենք տեսնում, ֆինանսական օգնություն կարող էր լինել նախկին «ՀայՌուսգազարդի»` ներկայիս «Գազպրոմ Արմենիայի» համաձայնությունը` թույլ տալ Հայաստանին գազ ներկրել Իրանից, բայց մենք դա էլ չենք տեսնում:
– Անցնենք Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին և նրա ներկայացրած 6 սկզբունքներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչո՞ւ ԱՄՆ-ը ակտիվացավ:
– Ես դժվարանում եմ ասել` ինչու, բայց այստեղ կա որոշակի սուբյեկտի գործոն. օրինակ` այնքան էլ լավ չդասավորվեցին Ուորլիքի հարաբերություններն ադրբեջանցիների հետ, որոնք հարձակվեցին նրա, և չի բացառվում, որ Ուորլիքը նաև այդ պատճառով հանդես եկավ ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշման արտահայտմամբ, որպեսզի ադրբեջանցիները ստիպված լինեն հաշվի նստել ոչ թե Ուորլիքի անձնական, այլ Պետդեպարտամենտի պաշտոնական տեսակետի հետ:
Իհարկե, Ուորլիքը կցանկանար, որ այդ հայտարարությունն արվեր եռյակի մյուս անդամների հետ միասին, բայց եռյակը, բնականաբար, չէր կարող դրան համաձայնել: Թեև, մյուս կողմից, ես համոզված եմ, որ այդ սկզբունքները քննարկվել են թե՛ ֆրանսիացի, թե՛ ռուսաստանցի համանախագահների հետ, և, իմիջիայլոց, Մոսկվան արդեն հայտարարել է, որ աջակցում է այդ կետերին:
Երկրորդը, ես չեմ ուզում սրա տակ փնտրել ինչ-որ լուրջ աշխարհաքաղաքական պատճառ, և ես համաձայն չեմ այն վերլուծաբանների հետ, որ սա Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և Ռուսաստանի մրցակցության շարունակությունն է: Իսկ բուն սկզբունքների մեջ չեմ տեսնում որևէ դրույթ, որը կարող էր դուր չգալ Մոսկվային: Եվ, ի դեպ, միակ կողմը, որը կտրուկ դեմ արտահայտվեց Ուորլիքի կետերին, Լեռնային Ղարաբաղն էր, բայց դա սովորական երևույթ է: Սա «Մադրիդյան սկզբունքների» պատմության շարունակությունն է:
Ես այս տարածաշրջանում չեմ տեսնում այնպիսի օբյեկտ, որը կարող էր խաղալ Ղրիմի դերը, և ես չեմ տեսնում նաև նմանություն Ուկրաինայի հարավ-արևելքի հետ, ուստի այս թեմայով զուգահեռներն այնքան էլ ճիշտ չեն: Միաժամանակ ես չեմ կարծում, որ միջնորդներից որևէ մեկը ցանկանում է այս հիմնախնդրի վերջնական լուծումն այս կամ այն կողմի օգտին: Առաջին հերթին` Ռուսաստանն է ուզում, որ ստատուս-քվոն պահպանվի, իսկ ամերիկացիներն ու ֆրանսիացիները հիմնվում են այն ենթադրության վրա, որ ստատուս-քվոն կշարունակվի դեռ շատ երկար տարիներ: Ուստի ես այնքան էլ չեմ հասկանում, թե ի՞նչ նախաձեռնություն են ուզում իրենց ձեռքը վերցնել ամերիկացիները մի հարցում, որը մոտակա տարիներին որևէ կերպ լուծվելու հեռանկար չունի:
– Իսկ ինչո՞ւ են ամերիկացիները վերջին շրջանում անընդհատ շեշտում, որ ստատուս-քվոն անընդունելի է:
– Ամերիկացիները, իհարկե, կուզենային լուծել այս հարցը, բայց չեմ կարծում, որ նրանք հավատում են, թե այդ ստատուս-քվոն կարող է փոխվել: Դա պարզապես մի արտահայտություն է, որը ոչ ոքի ոչինչ չի պարտավորեցնում: Վերջիվերջո, ոչ վաղ անցյալում Պուտինը նույնպես Բաքվում խոսում էր այն մասին, թե ստատուս-քվոն հավերժ չէ, և Ռուսաստանը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Սրանք պարզապես խոսքեր են, որոնք ոչ մի նշանակություն չունեն, և միջնորդ երկրների բանակցային ողջ գործունեությունն իրականում անիմաստ է ճիշտ այնքանով, որքանով այն չի հանդիսանում կոնսենսուսային: Իմ կարծիքով` այժմ ընդհանրապես դրված է Մինսկի խմբի գոյության հարցը, որովհետև 2008 թ. հետո Մինսկի խումբն այդպես էլ ուշքի չեկավ, և, ի դեպ, Ուորլիքի ելույթը նույնպես այդ ձևաչափի կիսափլուզման որոշակի նախանշան էր: