Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչով դիմել է Թրամփին
Միացյալ Նահանգները պետք է զգալիորեն կրճատի իր միջուկային զինանոցը՝ ապամիջուկայնացման համար անհրաժեշտ պայմանները ստեղծելու համար։ Այսպես է մեկնաբանել Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն։
«Որպես աշխարհի ամենամեծ միջուկային զինանոց ունեցող պետություն՝ Միացյալ Նահանգները պետք է բարեխղճորեն կատարի իր հատուկ և առաջնահերթ միջուկային զինաթափման պարտավորությունները և հետագայում զգալիորեն կրճատի իր միջուկային զինանոցը՝ համապարփակ և ամբողջական ապամիջուկայնացմանը հասնելուն անհրաժեշտ պայմանները ստեղծելու համար»,- նշել է դիվանագետը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ երեք երկրների միջուկազերծման հեռանկարը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
Նոյեմբերի 6-ին The Washington Post թերթը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Սպիտակ տան ղեկավարը, չնայած միջուկային զենքի նոր փորձարկումներ անցկացնելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններին, իրականում կցանկանար հասնել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Չինաստանի միջուկային զինանոցների կրճատմանը։

