ԱՄՆ Սենատը մերժել է Վենեսուելային հարվածներն արգելող բանաձևը
ԱՄՆ Սենատը հավանություն չի տվել երկկուսակցական բանաձևին, որը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին թույլ չէր տա առանց Կոնգրեսի հաստատման ռազմական գործողություններ ձեռնարկել Վենեսուելայի դեմ:
Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Քվեարկության արդյունքների համաձայն՝ բանաձևին դեմ է արտահայտվել 51 օրենսդիր, կողմ՝ 49-ը։
Բանաձևը ներկայացրել են դեմոկրատ սենատորներ Թիմ Քեյնը, Ադամ Շիֆը և հանրապետական սենատոր Ռենդ Փոլը։Շիֆը քվեարկությունից առաջ հայտարարել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացումն «ավելի շատ կապ ունի ռեժիմի հնարավոր փոփոխության հետ», քան թմրանյութերի մաքսանենգության համար կասկածվող փոքր նավերը կանգնեցնելու փորձերի հետ։
«Եթե կարծում եք, որ ռեժիմի փոփոխություն է անհրաժեշտ, ապա պետք է գաք Կոնգրես և հայտնեք այդ մասին», – ասել է նա։ Նոյեմբերի 5-ին Սպիտակ տան ներկայացուցիչները կոնգրեսականներին տեղեկացրել են, որ Վաշինգտոնը դեռ չի պլանավորում հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքին, հայտնել է CNN-ը։
Քննարկմանը, մասնավորապես, մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
Միևնույն ժամանակ Թրամփը թույլատրել է ԱՄՆ զինվորականների կողմից թմրանյութերի տեղափոխմամբ զբաղվող վենեսուելական նավերին հարվածները։
Սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ն Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսում հարվածներ է հասցրել է 18 նավակի, որոնք, ամերիկյան հետախուզության տվյալներով, թմրանյութեր են տեղափոխելիս եղել։ Այդ հարվածների հետևանքով սպանվել է այդ նավակների վրա գտնվող շուրջ 70 մարդ։

