Վարդան Ղուկասյանը կոնկրետ թիրախավորված է՝ ակնկալիքներս զգուշավոր են դառնում. Փաստաբան

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ կտրուկ վատացել է Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը. նա գտնվում էր «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Դրանից հետո որոշում է կայացվել հոսպիտալացնել նրան և տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանի խոսքով՝ բժշկական կենտրոնում Վարդան Ղուկասյանն անցնում է հետազոտություն, կեսօրից հետո արդյունքները պարզ կլինեն։

«Անկախ իր առողջական վիճակից, Վարդան Ղուկասյանը հոկտեմբերի 21-ից ապօրինի կալանքի տակ է գտնվում, որովհետև նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրել են, որի պայմաններում նրան արդեն հոկտեմբերի 21-ին պետք է ազատ արձակեին։ Սակայն փաստն այն է, որ ազատ չեն արձակում, չնայած բազմաթիվ բողոքների ու միջնորդությունների»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արամայիս Հայրապետյանը։
Փաստաբանը տեղեկացրեց, որ կրկին միջնորդություն են ներկայացնելու՝ փորձելով Առաջին ատյանի դատարանում հարցը բարձրացնել և Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխել և կալանքից ազատ արձակել։

Ինչ վերաբերում է դատարանից ունեցած ակնկալիքներին և դիտարկմանը, որ մարդիկ առողջական խնդիրներով նախկինում ևս բանտարկվել են, օրինակ, Մանվել Գրիգորյանը, նույնիսկ դեպք է եղել, որ մարդը դատարանում մահացել է, օրինակ, Արմեն Գրիգորյանը, փաստաբանը նկատեց.

«Հաշվի առնելով այն հիմնավոր կասկածները, որ թիրախավորված է կոնկրետ Վարդան Ղուկասյանը, ակնկալիքները զգուշավոր են դառնում։

Այդ դժբախտ դեպքերը, որոնք ըստ էության պետության պոզիտիվ պարտականությունները չկատարելու հետևանք էին, դրանից հետո որևէ մեկի համար ո՛չ հետևանք առաջացավ, ո՛չ էլ պրակտիկա փոխեցին, նույնիսկ պատկան մարմիններից որևէ մեկը չզգաստացավ։ Կրկին համատարած կալանք ու իրավունքների խախտումներ»,- ընդգծեց Արամայիս Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեղեկության, օպերատիվ-հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 1-ին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով Վարդան Ղուկասյանի վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հարցին, ԱԺ ամբիոնից հայտարարել էր.

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:

Տեսանյութեր

Լրահոս