Միայնակ տարեց կինը, հոգնելով փաստաթղթային քաշքշուկից, ստիպված ինքնուրույն է բուժում կոտրված ձեռքը (տեսանյութ)
Նա զարմանալի համբերատար, համակերպվող ու անչափ բարի բնավորություն ունի : Նրանց ընտանիքը թեև երկրաշարժի հետևանքով կորցրել է 3-սենյականոց բնակարան, սակայն ընտանիքի մյուս անդամները շատ տարիներ առաջ հեռացել են Հայաստանից, այդպես էլ բնակարան չստանալով, իսկ անժառանգ միայնակ կինը մնացել ու շարունակում է բնակվել տնակում:
Ցավոք, նա 2008 թվականին չի դիմել ու չի վերահաշվառվել պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում, ինչի պատճառով կորցրել է բնակարան ստանալու իր իրավունքը: Այսօր մենք կրկին այցելեցինք անպաշտպան ու անօգնական վիճակում հայտնված տարեց կնոջը:
Նա մի քանի ամիս առաջ՝ ձմռանը սայթաքել-ընկել ու ջարդել է ձեռքը: Դեպքից օրեր անց, երբ ցավերը չեն մեղմացել, թակել է մի շարք բուժհիմնարկների դռները: Բուժհիմնարկներում մշտապես մերժել են օգնություն ցուցաբերել՝ իրենց մոտ նրա գրանցված չլինելու պատճառով, բացառությամբ մի դեպքի, երբ Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը դեղորայք է նշանակել ու խորհուրդներ տվել, թե ինչպես ինքնուրույն խնամել կոտրվածքը: Ի վերջո՝ միայնակ տատիկը փաստաթղթային քաշքշուկներից հոգնած՝ ստիպված համակերպվել է կոտրված ձեռքը ինքնուրույն բուժելու մտքին: Այսօր Մարի տատիկը մեզ հայտնեց, որ թեև ցավերը մի փոքր մեղմացել են, սակայն կոտրված ձեռքը չի բուժվում: