Անհրաժեշտ է իրական այլընտրանք առաջարկող ընդդիմություն. «Ժամանակ»

«Ժամանակի» զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

– Պարոն Նավասարդյան, Հայաստանում վերջին ամիսներին ձևավորվում են պրոեվրոպական խմբեր, խոսում են եվրոպական ալյանսի անհրաժեշտության մասին: Հայաստանում սկսված պրոեվրոպական այս գործընթացները, ի՞նչ եք կարծում, հնարավորություն կստեղծե՞ն կոնսոլիդացիայի, որը կարող է այլընտրանք լինել թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, քանի որ այսօր այլընտրանք առաջարկող չկա:

– Դժվար է առայժմ այս գործընթացը համարել համախմբում: Ես կասեի՝ համախմբման փորձեր են. տարբեր քաղաքական միավորումներ, քաղաքական գործիչներ փորձում են Հայաստանում պրոեվրոպական խորշը գրավելու հայտ ներկայացնել, տեսնենք՝ ինչպես կհաջողվի: Հեռանկարներ և արդյունքներ ստանալու առումով, իհարկե, ցանկալի կլիներ, որ այդ միավորումները ձևավորվեին նաև առաջատար խորհրդարանական կուսակցությունների մասնակցությամբ, քանի որ երբ սրվում են տարբեր ինտեգրացիոն մոդելներին միանալու մարտահրավերները, ընդդիմությունը պետք է ինչ-որ ձևով տարբերվի իշխանությունից: Հուսով եմ, որ դա ի վերջո տեղի կունենա, որովհետև հնարավոր չէ, որ այդ սկզբունքային հարցերում իշխանությունը և ընդդիմությունը ունենան նույն վերաբերմունքը:

– Վերջին հանրահավաքին Տեր-Պետրոսյանը հստակ նշեց, որ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու հայտը իրենք էլ կիսում են, և «հրաշալի քառյակ»-ն էլ կարծես առարկություն չունի: Արդյոք դա ավելի չի՞ դժվարացնում:

– Իհարկե՝ դժվարացնում է, քանի որ դա թուլացնում է փաթաթվող կուրսի նկատմամբ երկրի դիմադրողականությունը: Եթե Հայաստանում տեղի ունենան նորմալ քաղաքական զարգացումներ, անխուսափելի է, որ ի վերջո՝ այդ խորհրդարանական կուսակցությունների մասնակցությամբ, թե առանց դրանց, իրական ընդդիմություն կձևավորվի հենց հակառակ կուրսի, հակառակ մոդելի ներկայացմամբ և առաջնայնության ընդունմամբ: Եվ ցանկալի կլիներ, որ դա կատարվեր հնարավորիս շուտ, ցանկալի կլիներ, որ այսօր ռեսուրսներ ունեցող քաղաքական ուժերը մասնակցեին այդ գործընթացին, եթե չեն մասնակցում, ուրեմն ավելի երկար և բարդ կլինի պրոցեսը՝ հիմնված ավելի փոքր քաղաքական կուսակցությունների և անհատների ջանքերի վրա: Ամեն դեպքում ես Հայաստանում պատկերացնում եմ միայն այնպիսի քաղաքական ընդդիմություն, որը այսօրվա իրականացվող կուրսին առաջարկում է իրական այլընտրանք:

– Իսկ չկա՞ մտավախություն, որ այս «հրաշալի քառյակն» էլ է ի վերջո ուղղորդվում Ռուսաստանի կողմից, և կառավարության, ապա Սերժ Սարգսյանի հրաժարականի ձևական պահանջներ ներկայացնելով՝ հերթական խաղն են հանրությանը մատուցում:

– Չեմ կարող ասել, որ պահանջները կամ քննադատությունը ձևական են, որովհետև ամեն դեպքում նրանք վերաբերում են այնպիսի սոցիալական և ներքին քաղաքական հարցերի, որոնք իրոք կարևոր են և օրակարգային, սակայն այսօր այնպիսի իրավիճակ է ձևավորվում, երբ այդ բոլոր մասնավոր խնդիրները կախված են նրանից, թե Հայաստանը զարգացման ինչպիսի մոդելներ է ընդունելու, որովհետև եթե մենք ընդունում ենք զարգացման այնպիսի մոդել, որը կիրառվում է ՄՄ այլ երկրներում, ապա այդ խնդիրները ուղղակի լուծում չեն ստանա:

– Ի վերջո՝ որտե՞ղ է լինելու Հայաստանի տեղը:

– Դժվարանում եմ ասել՝ որտեղ կլինի, բայց 100 տոկոսով գիտեմ՝ որտեղ պետք է լինի: Եթե Հայաստանը ուզում է իր քաղաքացիների համար երջանիկ ապագա ապահովել, պետք է միանշանակ այսօր լինի եվրաինտեգրման գործընթացների ակտիվ մասնակից: Վերջին տարիները ցույց տվեցին, որ այստեղ իրոք հեռանկարներ կային Հայաստանի համար, այստեղ կային խնդիրները լուծելու հնարավորություններ և մեթոդներ, իսկ այս զարգացման ընթացքում մենք տեսնում ենք, որ որևէ խնդրի լուծում՝ նույնիսկ տեսականորեն, հնարավոր չէ ձևակերպել:

– Մինչև մյուս խորհրդարանական և նախագահական ընտրությունները Հայաստանում հնարավո՞ր են կտրուկ զարգացումներ, և եթե չլինեն այդ զարգացումները, ի՞նչ վտանգներ եք տեսնում:

– Ցավոք, այն ամենը, ինչի մասին խոսեցինք, վկայում է այն մասին, որ այդ կտրուկ փոփոխությունները հնարավոր կարող են լինել միայն միջազգային միջավայրի փոփոխության պայմաններում, բայց դա միշտ ռիսկային զարգացում է, երբ քո ներքին կյանքը և հեռանկարը լիովին կախված են արտաքին գործոններից, և հենց դա է մեզ թելադրում այն անհրաժեշտությունը, որ մենք ներսում պետք է այլընտրանքային ուղիների որոնման մեխանիզմներ և գործընթաց տեսնենք:

– Հայաստանում ֆեյսբուքյան տիրույթում մի քանի ամիս խոսեցին և ուրախացան ուկրաինացի ժողովրդի հաղթանակով, բայց այդպես էլ չպայքարեցին իրենց հաղթանակի համար: Ինչո՞ւ:

– Միգուցե վիճելի բան ասեմ. գոյություն ունի տեղեկացված և մտավորական հանրության առճակատում, որտեղ տեսնում ենք տարբեր բևեռացված մոտեցումներ: Դա արդեն անհատական նույնականացման խնդիր է. այն մարդիկ, ովքեր այսօր ակնհայտորեն Հայաստանի հեռանկարները տեսնում են Ռուսաստանի այդ քաղաքականության «ֆարվատերում», նրանց նույնականացումը խորհրդային է կամ ռուսական կայսերական, նրանք իրենց ավելի շատ պատկերացնում են որպես Խորհրդային Միության կամ ռուսական կայսրության քաղաքացի, քան ՀՀ քաղաքացի, իսկ նրանք, ովքեր փորձում են գտնել այլընտրաքային զարգացման հնարավորություն, նրանց նույնականացումը ՀՀ քաղաքացու նույնականացումն է: Հենց այստեղ է ջրբաժանը, որովհետև փաստերի իմացության, ինֆորմացված լինելու առումով նույնն ենք:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս