Հայտնվելու ենք դաժան իրականության մեջ, ողջախոհություն ու հանդգնություն եմ մաղթում, ուժը դրա մեջ է. Արմեն Պետրոսյան

Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ, Արցախի վաստակավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը մտավախություններ ունի, որ 2025 թվականին արցախահայերի համար նախատեսված 1-2 ծրագիրն էլ ՀՀ իշխանությունը կդադարեցնի, որի արդյունքում՝ արցախահայերի մեծ մասն իր գոյությունը պահելու համար կլքի Հայաստանը։

«ՀՀ իշխանություններն արցախահայերի համար իրականացվող ծրագրերի համատեքստում փորձեցին իրենց պահանջները թելադրել, այսինքն՝ որևէ ծրագրից օգտվելու համար, պետք է փոխեին իրենց անձնագրերը։ Շատերն այդ ծրագրից օգտվելու համար ճարահատյալ անձնագիրը փոխեցին, շատերը չդիմացան ու Հայաստանից հեռացան։

2025 թվականին սոցիալական այդ մի քանի ծրագրերն աստիճանաբար կհանեն, և բռնի տեղահանված արցախցիների զգալի հատվածը կհայտնվի սոցիալական ծանր վիճակում։ Սա կրկին կհանգեցնի կա՛մ արտագաղթի, կա՛մ էլ դժգոհությունների մեծ ալիք կբարձրացնի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը՝ ամփոփելով 2024 թվականը և խոսելով 2025 թվականին սպասվող խնդիրների մասին։

Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ 2025 թվականը դաժան տարի է լինելու Հայաստանի համար, հատկապես, եթե հավաքական Արևմուտքը որոշի հարվածներ հասցնել Իրանին, հազարավոր փախստականներ իրենց հայացքն ուղղելու են դեպի Հայաստան։

Կարդացեք նաև

«Հայաստանն իր այս իշխանությամբ ի վիճակի՞ է մի կողմից՝ պատերազմի սպառնալիքին դիմագրավել, մյուս կողմից՝ փախստականների ընդունել, արդյունքում՝ հայտնվելու ենք դաժան իրականության մեջ։ Այսօր Հայաստանին պատերազմի սպառնալիքից ավելի մեծ սպառնալիք է սպասվում՝ Թուրքիայի կողմից տնտեսական էքսպանսիան, որն այս իշխանության օրոք անկառավարելի է լինելու։ Եթե այսպես շարունակվի՝ ՀՀ իշխանությունը մի օր Ասադի նման ինչ-որ երկրում ապաստան է գտնելու, իսկ այդ ամենի արդյունքում տուժելու է Հայաստանն ու մեր ազգը»,- հավելեց Արմեն Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա մեր զրուցակիցն ասաց՝ ՀՀ իշխանությունների օրակարգից հանված է Արցախի հարցը, այդ թվում՝ արցախահայերի՝ Արցախ վերադարձի հարցը։

«Արցախահայերն ըմբռնումով կվերաբերվեին, եթե Արցախի հարցը ոչ թե փակվեր, այլ ժամանակավոր սառեցվեր՝ որոշակի բարդություններից խուսափելու համար։ Բայց հիմա Արցախի հարցը ոչ թե սառեցվել, այլ ամբողջովին փակվել է այս իշխանությունների ձեռքով։

Արցախահայերն անտեր են մնացել, չկա մեկը, որպեսզի Հայաստանում նրանց հարցերին պատասխանի»,- ընդգծեց նա։

Չնայած այս ամենին՝ Արմեն Պետրոսյանը հույս ունի, որ, ի վերջո, հայ ազգը համարձակություն կունենա ու ոտքի կկանգնի՝ իր երկիրը, անկախությունը փրկելու համար։

«Մաղթում եմ, որ 2025 թվականին մեր ազգը հանդգնություն ձեռք բերի, ողջախոհություն եմ նաև մաղթում։ Իմ փորձը ցույց է տվել, որ ուժը հենց հանդգնության, ռիսկի, համառության մեջ է։ Նպատակասլացություն ու միասնականություն եմ մաղթում՝ միայն այսպես մենք կկարողանանք հեռացնել իշխանություններին ու դիմագրավել սպասվող մարտահրավերները»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս