Եվրոպայում գազի գները հասել են ամենաբարձր մակարդակին՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր

Եվրոպայում 2025 թ. հունվարի 2-ին գազի գինը մեկ մեգավատ/ժամի դիմաց հասել է 50,3 եվրոյի (շուրջ 526 եվրո՝ 1000 խորանարդ մետրի դիմաց):

Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ նշելով, որ  սա կապույտ վառելիքի գների ամենաբարձր մակարդակն է 2023 թվականի հոկտեմբերից ի վեր։

Գործակալությունը գազի գների աճը բացատրում է երեք գործոնների համադրությամբ. առաջինը ռուսական «Գազպրոմ»-ի կողմից Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի տարանցման դադարեցումն է։ Երկրորդ պատճառն այն է, որ Նորվեգիայի Համերֆեստ քաղաքում հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) գործարանը մինչև հունվարի 9-ը դադարեցրել է աշխատանքը կոմպրեսորի անսարքության պատճառով։ Երրորդ գործոնը Եվրոպայի հյուսիսում ցուրտ եղանակն է, որի պատճառով տարածաշրջանում ավելացել է գազի սպառումը ջեռուցման համար:

«Այս շաբաթ (Նորվեգիայից ՀԲԳ-ի) մատակարարումների կրճատումը կարող է ավելի արագ արտահոսք առաջացնել պահեստարաններից, որոնք ծառայում են որպես բուֆեր: Պաշարներն ամբողջ մայրցամաքում արդեն կրճատվում են 2021 թվականից ի վեր ամենաարագ տեմպերով, երբ գազի ճգնաժամը նոր է սկսվում»,-գրում է Bloomberg-ը:

Տեսանյութեր

Լրահոս