Ուկրաինան դադարեցրել է ռուսական գազի տարանցումը Եվրոպա․ ի՞նչ հետևանքներ այն կունենա. «Ամերիկայի ձայն»
Ռուսական գազային մոնոպոլիստը՝ «Գազպրոմը» հունվարի 1-ից զրկվել է Ուկրաինայի տարածքով Եվրոպա բնական գազի տարանցումից՝ ռուս-ուկրաինական հնգամյա պայմանագրի ժամկետի սպառվելուց հետո։
Չնայած գրեթե երեք տարի շարունակվող պատերազմի պայմաններում Կրեմլը շարունակում էր կապույտ վառելիք արտահանել եվրոպական շուկա։
Եվրոպայում ռուսական գազի հիմնական գնորդներից Սլովակիան և Ավստրիան արդեն իսկ պայմանավորվել են կապույտ վառելիքի այլընտրանքային մատակարարումների շուրջ։
Ըստ դիտորդների՝ Ուկրաինայով ռուսական գազի մատակարարման դադարեցումը կունենա նշանակալի աշխարհաքաղաքական հետևանքներ։ Հայտնի է, որ Մոսկվան արդեն իսկ զիջել է եվրոպական գազի շուկայի իր գերիշխող դիրքը ԱՄՆ-ին, Կատարին և Նորվեգիային։ «Գազպրոմը», որը ժամանակին աշխարհի խոշորագույն գազ արտահանողն էր, 2023-ին կրել է 7 միլիարդ դոլարի վնաս՝ 1999 թվականից ի վեր առաջին անգամ տարին փակելով մինուսով։
Չնայած Ուկրաինայի դեմ Կրեմլի ագրեսիայից հետո Եվրոպան արագորեն անցում կատարեց էներգիայի այլընտրանքային աղբյուրների, բայց ռուսական էժան գազի մատակարարումների կրճատումը եվրագոտում հանգեցրեց տնտեսական անկման, գնաճի և կյանքի թանկացման։
ԽՍՀՄ-ն ու հետխորհրդային Ռուսաստանը մոտ կես դար ծախսեցին՝ ձեռք բերելով գազի եվրոպական շուկայի 35%-ը, սակայն Ուկրաինայի դեմ պատերազմը գործնականում ոչնչացրեց այդ բիզնեսը։
Ռուսական գազը Եվրոպա տանող հիմնական ուղիները՝ այդ թվում Բելառուսի տարածքով անցնող «Յամալ-Եվրոպա» և Բալթիկ ծովով գնացող «Հյուսիսային հոսք» խողովակաշարերը այլևս չեն գործում։
Բնական գազը Սիբիրից հասնում էր Ռուսաստանի Կուրսկի մարզում գտնվող Սուջա քաղաք, որն այժմ գրավել են ուկրաինական զորքերը, այնուհետև՝ Ուկրաինայի տարածքով հասնում էր Սլովակիա։ Բրատիսլավան հայտարարել է, թե դիվերսիֆիկացրել է գազի մատակարարումների իր աղբյուրները։ Հարևան Չեխիան նախատեսում է ավելացնել գազի ներմուծումը Գերմանիայից՝ օգտվելով հունվարի 1-ից գործող հարկային արտոնություններից։
Կիևը հրաժարվեց բանակցել տարանցման նոր պայմանագրի շուրջ, սակայն նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, թե կարող է դիտարկել ռուսական գազի տարանցման հարցը՝ պայմանով, որ Մոսկվային կատարվող վճարումները դադարեցվեն մինչև ռազմական գործողությունների ավարտը։
Ըստ հաշվարկների՝ ռուսական գազի տարանցման դադարեցումից Ուկրաինան տարեկան կկորցնի մոտ 800 միլիոն դոլար, Ռուսաստանը՝ շուրջ 5 միլիարդ դոլար։
Ինչևէ, ոլորտի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների դադարեցման ազդեցությունը եվրոպական շուկայի վրա կլինի նվազագույն, և չի հանգեցնի Եվրամիությունում գազի գների կտրուկ աճի՝ ինչպես 2022 թվականին էր, քանի որ խոսք է գնում անհամեմատ փոքր ծավալների մասին։
Նիդերլանդական Title Transfer Facility հարթակում, ուր, ըստ էության, որոշվում է Եվրոպայում բնական գազի գինը, երեքշաբթի կապույտ վառելիքը մի փոքր թանկացավ՝ հասնելով 48.85 եվրոյի մեկ մեգավատ/ժամի դիմաց։
2023 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Եվրամիությունը Ուկրաինայի տարածքով ստանում էր մոտ 14 միլիարդ խորանարդ մետր ռուսական բնական գազ, մինչդեռ 2020 թվականին այն 65 միլիարդ խորանարդ մետր էր՝ ավելի քան 4.5 անգամ շատ։
Եվրահանձնաժողովի ներկայացմամբ՝ նշված 14 միլիարդ խորանարդ մետրը հնարավոր է ամբողջությամբ փոխարինել հեղուկ բնական գազով և այլ երկրներից եկող խողովակաշարերով ստացվող կապույտ վառելիքով։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա այն չի տուժի, քանի որ չէր օգտվում ռուսական բնական գազից։
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների դադարեցումը, սակայն, լուրջ հետևանքներ կունենա Մոլդովայի համար։ Դեկտեմբերի 16-ից այդ երկրում 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարվել, և Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը նշել է, որ նման քայլը նպատակ ունի վերջ դնել Մոսկվայի կիրառած «գազային շանտաժին»։
Այս երկուշաբթի Ռեչանը հանձնարարել էր կառավարությանը սկսել «Մոլդովագազ» ընկերության ազգայնացման աշխատանքները։ Ներկայում, ընկերության 50%-ը պատկանում է ռուսական «Գազպրոմին»։ Ավելի վաղ «Գազպրոմը» հայտարարել էր, թե հունվարի 1-ից դադարեցնելու է գազի մատակարարումները Մոլդովա՝ չվճարած պարտքի պատճառով։ Քիշնևը հերքում է պարտքի գոյությունը և մեղադրում Ռուսաստանին՝ երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձի մեջ։
Հայտարարությամբ Դորին Ռեչանը մեղադրել է Ռուսաստանին բնական գազը որպես քաղաքական զենք օգտագործելու մեջ և նշել, որ Մոլդովան կդիտարկի միջազգային արբիտրաժ դիմելու տարբերակը։
Եվրոպական մեկ այլ երկիր՝ Հունգարիան կշարունակի ռուսական գազ ստանալ, սակայն, «Թուրքական հոսք» գազատարով, որը անցնում է Սև ծովի հատակով։
Այս ամենի ֆոնին՝ անցած ամիս Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսաստանյան այն կազմակերպությունների դեմ, որոնք ներգրավված են «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծում։ Նոր պատժամիջոցներ կիրառվեցին նախագծի օպերատորի նկատմամբ։
«Կշարունակենք աշխատել, որպեսզի Ռուսաստանը չկարողանա էներգետիկ ռեսուրսներն օգտագործել քաղաքական շահերի համար»,- հայտարարել էր ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը։
Էլ ավելի վաղ՝ անցած տարվա նոյեմբերին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել «Գազպրոմբանկի» և տասնյակ այլ ռուսական ֆինանսական հաստատությունների դեմ։