Մեզ ասում են՝ ինչո՞ւ որոշեց մնալ, իշխանություն էր ուզում պահել… Ո՛չ, Արցախն էր ուզում պահել. չուզեցի՞նք, սիրելի՛ ժողովուրդ, հավատացի՞նք նիկոլներին, սա էլ պատասխանն էր. Արտակ Զաքարյան
«Մինսկի խմբի համանախագահությամբ ընթացող բանակցությունները նրա մասին էին, որ Արցախի խնդիրը լուծվում էր: Ինձ որ ասում են՝ սա լուծվող խնդիր էր՝ ինչի՞ չէիք լուծում, ես ասում եմ՝ բա էդ դեպքում ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանը Կազանում: Գնացել էր էդ խնդիրը լուծելու, չէ՞: Ինչո՞ւ չեղավ… Որովհետև գուցե այդ խնդիրը լուծելու պահը հասունացած չէր»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։
Պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, 2018թ. Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը որոշեցին, որ դեռ պետք է լինեն իշխանության ղեկին:
«Մեզ ասում են՝ ինչո՞ւ որոշեց մնալ, իշխանություն էր ուզում պահել… Ոչ, Արցախն էր ուզում պահել: Չուզեցի՞նք, սիրելի ժողովուրդ, հավատացի՞նք նիկոլներին, սա էլ պատասխանն էր»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով՝ այդ ժամանակ Արցախի հարցի լուծումը հասնում էր հանգուցալուցման, և երբ Ադրբեջանի նախագահն ասում էր՝ ինձ փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը, այդ ինֆորմացիան հենց այնպես չէր ադրբեջանական աղբյուրներից դուրս գալիս:
«Դա նշանակում էր, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանում էլ կար այն ընկալումը, որ դա է ճանապարհը: Հե՞շտ էր լինելու իրենց համար… Իհարկե ոչ: Հե՞շտ էր լինելու մեզ համար փոխզիջումների հարցը լուծել… Իհարկե ոչ: Բայց պահը եկել էր, հասունացել էր: Եկան, բերեցին Նիկոլին, փողոցներով խաղացրեցին, Հայաստանը կանգնեցրեցին նոր սպառնալիքի առաջ, ու ստիպված նոր ընտրված, օրինական, լեգիտիմ վարչապետը մի քանի օր հետո հրաժարական տվեց: Անունն էլ դրեցին ժողովրդի պահանջ, որ հետո Նիկոլը կանգնի-ասի՝ ժողովուրդ, դու չե՞ս ինձ ընտրել, ի՞նչ ես ուզում»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Սաթիկ Սեյրանյանը հիշեցրեց, որ 2018թ. ապրիլին, երբ փողոցում պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը, հանդիպում է եղել կուսակցությունների ղեկավարների հետ, և նրանք բոլորն ասել են՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, ու հիմա ասում են՝ ինչո՞ւ հրաժարական տվեց:
«Մեզ իրավունք ունի քննադատել միայն Աղվան Վարդանյանը: Միայն նա կարող է ասել՝ Սերժ Սարգսյանը պիտի հրաժարական չտար: Ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն մարդկանց, ովքեր 2018թ.-ին են ասել՝ Սերժ Սարգսյանը պիտի հրաժարական չտա, դա վատ բանի է բերելու: Բայց այն մարդիկ, ովքեր ծափ-ծիծաղով, դհոլ-զուռնայով Նիկոլին բերեցին, ու հիմա մեզ ասում են՝ բա ինչի՞ եք հրաժարական տվել, եղբա՛յր, բայց ասում էինք, բացատրում էինք, լսո՞ւմ էիք մեզ… Հիմա մեզ քննադատողների ուզածն այդ էր, որ կրակեինք, ավելի վատ Հայաստան փոխանցեինք հաջորդ իշխանությանը: Հանուն Հայաստանի և հանուն Արցախի՝ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն որոշեցին, որ եթե սա է ժողովրդի պահանջը, իհարկե, սխալ պահանջ էր, բայց եթե սա է, ուրեմն պետք է հրաժարական տանք»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Ըստ նրա՝ Փաշինյանին բերող դրսի ուժերը լավ գիտեին, որ ազգային ուժերն ու մասնավորապես՝ ՀՀԿ-ն չեն հաշտվելու այս իրավիճակի հետ և շարունակելու է պայքարել:
«Դրա համար, որպեսզի այդ ասելիքը տեղ չհասնի, բոլորին դարձրին թալանչի, խուլիգան: Ու տենց ոգևորված գնացին դեպի պատերազմ. Պատերազմ, որը ոչ մեկի պետք չէր: Ժողովրդին ես չեմ մեղադրում, որովհետև եթե 2018թ. ժողովուրդն իմանար՝ սենց է լինելու, 10 րոպե Նիկոլի կողքը չէր կանգնի: Էսօրվա իր թիմի մարդիկ էլ կգնային տուն»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ իրենց իշխանության ժամանակ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախն ապահովագրված էին բոլոր հավանական և անհավանական սցենարներից, անվտանգային խնդիրներից:
Մանրամասները՝ տեսանյութում: