
Կռվախնձորը մարզպետի աթոռն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի պաշտոնի հավակնորդները կարծում են, որ նրա օգնականի հետ պատահածից` թմրանյութի մեղադրանքից հետո, նրա աթոռը երերում է, եւ սկսվել է դեռ չազատված պաշտոնի համար կռիվը: Ի դեպ, մարզպետը երեկ արդեն վերադարձել էր աշխատանքի:
ՔՊ-ական շրջանակներից տեղեկացանք, որ Մովսիսյանի աթոռի առաջին հավակնորդը ՔՊ Ապարանի խորհրդի նախագահ ընտրված Էդգար Փարվանյանն է, որն Ապարանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն էր, բայց պարտվեց Գնթունիքի Կարեն Եղիազարյանին: Մյուս հավակնորդը երիտասարդ փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանն է: Անգամ մի կերպ Թալինի համայնքապետ դարձած Տավրոս Սափեյանն է ձգտում մարզպետ դառնալ։ Թե ինչով կավարտվի այս մրցավեճը, կերեւա առաջիկայում: Նիկոլ Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել` մուրճը ձեռքն առնել եւ այդ աճուրդը կառավարել՝ «կտո բոլշե»: