Գյումրիում քաղաքապետի այլ անուն է շրջանառվում. ո՞վ է նա
Թեպետ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սարիկ Մինասյանն արագորեն ՔՊ-ին անդամակցելու դիմում ներկայացրեց` փրայմերիզին սակայն մի քանի տասնյակ ձայն հավաքելով որպես ոչ կուսակցական թեկնածու, բայց կարծես թե նրա ու ՔՊ-ի պլանները հօդս են ցնդում, որովհետև գյումրեցիները քաղաքապետի այլ թեկնածու ունեն։
Խոսքը Գյումրիում շատ հայտնի շինարարների ընտանիքից, հանգուցյալ վաստակաշատ շինարար Սամվել Տոնոյանի որդու` Արմեն Տոնոյանի մասին է։
168.am-ի տեղեկություններով` Գյումրիում Արմեն Տոնոյանի առնչությամբ լուրջ գործընթացներ են տեղի ունենում։
Մեր տեղեկություններով` վերջինիս հետ Գյումրիում բավականին հայտնի, սակայն ոչ իշխանական շրջանակներ հանդիպումներ են ունենում, նրան առաջարկում իրենց աջակցությունը քաղաքապետ դառնալու համար, հորդորում անպայման դնել իր թեկնածությունը Գյումրու ավագանու առաջիկա ընտրություններում։
Առայժմ հստակություն չկա` որ կուսակցությամբ կառաջադրվի Արմեն Տոնոյանը, սակայն Գյումրիում հայտնի անձինք հենց նրան են առաջարկել իրենց աջակցությունը «ոչ նախկին, ոչ ներկա» տրամաբանության մեջ։
Մեզ ասացին` Արմեն Տոնոյանն իր եղբոր հետ հոր շինարարական բիզնեսն է շարունակում, Գյումրիում բավականին լավ համբավ ունեն թե ինքն անձամբ, թե իրենց ընտանիքն առհասարակ, և ամենակարևորը, գյումրեցիները վստահ են, որ Սարիկ Մինասյանի պես անկուսակցական թեկնածուի շղարշի տակ ՔՊ-ի համար չի աշխատի։