էդ որ Ադրբեջանն այսօր ասում է՝ Պուտին ջան, Հայաստանն է պատճառը. Հայաստանը չլինի, դրա կարիքը չի լինելու. առանց Հայաստան՝ չկա Հարավային Կովկաս. Բագրատյան
«Մարկեդոնովը չգիտի այն, ինչ ես գիտեմ: 1992թ. օգոստոսին, երբ անկախացել էինք, իսկ Արցախյան ռազմաճակատում գործերը վատ էին, Ռուսաստանում բանակցություններ էին ընթանում: Հայկական կողմից ես էի մասնակցում, ռուսական կողմից՝ Եգոր Գայդարը: Լևոն Տեր-Պետրոսյանը ևս անընդհատ աշխատում էր ռուսական կողմի հետ, որովհետև փոխադարձ շահ կար»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ, տնտեսագետ, «Միասին» դաշինքի համահիմնադիր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի այն դիտարկմանը, թե երկու երկրները պետք է պատասխանեն այն հարցին, թե ինչու են իրենք պետք միմյանց:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մեզ պետք է, որովհետև մենք առանց Ռուսաստանի կանգնում ենք անվտանգության այնպիսի խնդիրների առջև, որոնք չենք կարողանում լուծել:
«1993թ. փետրվար ամսին, երբ մեր բանակի հաջողություններն ակնհայտ էին, Թուրքիան սահմանին մոտեցրեց 7-րդ բանակը և հայտարարեց, որ պատրաստվում է գրավել Հայաստանը: Գիշերը ժամը 2-3-ի սահմաններում ինձ մոտ եկավ Հունաստանի դեսպանն ու ասաց՝ հաստատ տեղեկություններ ունենք, որ ձեզ վրա այս շաբաթ հարձակում կլինի: Հետո դեսպանը նախագահի մոտ էլ էր եղել»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Շարունակելով հիշել այդ օրերի իրադարձությունները՝ նախկին վարչապետն ասաց՝ այդ ժամանակ իրենք տեղյակ են պահել իրենց ռազմավարական գործընկերոջը՝ Ռուսաստանին, քանի որ այդ ժամանակ արդեն եղել է երկու երկրների միջև կնքված ռազմաքաղաքական պայմանագիրը:
«4-5 ժամ հետո Հայաստան եկավ Ռուսաստանի կառավարության ղեկավար Բուրբուլիսը և հայտարարեց՝ Թուրքիան պիտի իմանա, որ, եթե հարձակվի Հայաստանի վրա, գործ կունենա իր հետ: Հարձակում տեղի չունեցավ: Գործընկերությունն աշխատեց»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա՝ Հայաստանն էլ Ռուսաստանին է պետք, որովհետև առանց Հայաստան՝ չկա Հարավային Կովկաս, իսկ դա կհանգեցնի Հյուսիսային Կովկասում պրոբլեմների:
«Էդ որ Ադրբեջանն այսօր ասում է՝ Պուտին ջան, ես քո ստրատեգիական գործընկերն եմ, որ Հայաստանը չլինի՝ չի ասելու: Էդ որ Պուտինին լավ են դիմավորում Բաքվում, Հայաստանի շնորհքն է»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: