Չգրանցված դեղեր, մոնոպոլիաներ. քաոս է դեղի շուկայում, հարստանում են մի քանի հոգի. Անուշ Պողոսյան

2024 թվականին Կառավարության նիստերից մեկից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հպարտությամբ հայտարարել էր, թե հազարավոր քաղաքացիների և բժիշկների համար խնդիրներ առաջացնող «Արմեդ» համակարգը լավ է աշխատում, և շեշտել՝ 2024 թվականի մարտի 1-ից ի վեր շուրջ 90.000 էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել։

«Այս թիվը խոսում է նրա մասին, որ համակարգը շատ ակտիվ աշխատում է։ Բայց ես նորից հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը. ցանկացած համակարգ ներդնելիս որոշակի դժվարություններ են առաջանում, և ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի բոլոր օղակները սկսեն համահունչ աշխատել»,- ասել էր Ավանեսյանը՝ չհամաձայնելով այն քննադատության հետ, որ էլեկտրոնային դեղատոմսերի համակարգն ունի բազմաթիվ խնդիրներ, որովհետև ժամանակից շուտ է ներդրվել։

168TV-ի եթերում «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը «Արմեդ» համակարգի աշխատանքը ևս խիստ խնդրահարույց համարեց՝ ընդգծելով՝ դրա պատճառն այն է, որ առողջապահության համակարգը դրան պատրաստ չէր, ինչն էլ բերել է ծրագրի տապալման։

«Դեղատոմսեր չեն գրվում հիմա. համակարգը չի աշխատում, տեխնիկական լուրջ խնդիրներ կան։ Ըստ Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի՝ ամբողջ Հայաստանի ԲԿ-ներին բաժանված համակարգիչները, որոնք տրամադրվել են էլեկտրոնային դեղատոմսեր գրելու համար, զիբիլ են և պետք է թափվեն։ Ստացվում է՝ բյուջեից հայկական արտադրության 2400 համակարգիչ են գնել և հիմա դա զիբիլ է, իսկ բժիշկները երկրորդ համակարգիչը չունեն, որ կարողանան էլեկտրոնային դեղատոմս դուրս գրել։ Ստացվում է՝ ռեսուրսները հաշվի չեն առնվել, ինչի արդյունքում տուգանվել է, օրինակ, 600 դեղատուն»,- ասաց Անուշ Պողոսյանը։

Կարդացեք նաև

Վերջինս խնդրահարույց համարեց նաև դեղերի գրանցման գործընթացը՝ շեշտելով, որ առկա են այնպիսի խութեր, որոնց հետևանքով աշխարհում հայտնի դեղ արտադրողները մեկ տարի սպասելուց հետո, Հայաստանից ուղղակի հեռացան։

«Մեկ դեղ գրանցելու համար արտադրող ընկերությունը մեկ տարի սպասում է. շատ առաջատար բրենդեր թողնում և Հայաստանից հեռանում են։ Դեղերի գրանցման ընթացակարգերն անհայտ են, մարդիկ չգիտեն՝ ազգային ընթացակարգերո՞վ են դեղը գրանցելու, թե՞ ԵԱՏՄ, չունենք նաև լաբորատորիաներ։

Օրինակ, ԵԱՏՄ ստանդարտով գրանցած դեղն անգամ ԵԱՏՄ չեն կարողանում արտահանել, որովհետև այնտեղից ասում են, որ Հայաստանում լաբորատորիաներ չկան։ Արդյունքում՝ ունենք մի իրավիճակ, որ Հայաստան են բերում մեծ քանակությամբ չգրանցված դեղեր, այս դաշտում կան մոնոպոլիաներ, ստեղծել են քաոս, որի արդյունքում որոշակի ընկերություններ են ուղղակի հարստանում»,- խոսքը եզրափակեց Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս