Արդյո՞ք հայերն էին հրկիզել «Պոբեդա» զբոսանավը
1948 թվականի հուլիսի 31-ին Նյու Յորքի նավահանգստից դուրս եկավ սովետական «Պոբեդա» զբոսաշրջային նավը և ուղղություն վերցրեց դեպի Օդեսա: «Զբոսաշրջային» բառն այս անգամ պայմանականորեն պիտի օգտագործենք, քանի որ նավի ուղևորների մեծ մասը հայեր էին, ովքեր կայացրել էին իրենց կյանքի կարևորագույն որոշումներից մեկը` հայրենադարձվել ու մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Նրանց հրաժեշտ տալու էին եկել հարազատներ ու ծանոթներ, որոնցից շատերը նույնպես պատրաստվում էին բռնել վերադարձի ուղին:
Նույն տեսարանը կրկնվեց նաև օգոստոսի 22-ին, երբ շոգենավը կանգ առավ Ալեքսանդրիայում: Տախտակամած բարձրացան ու իրենց հայրենակիցներին միացան բազմաթիվ եգիպտահայեր: Այդ օրը նավապետը ռադիոհաղորդագրությամբ տեղեկացրեց, որ «Պոբեդայի» վրա 2020 հայրենադարձ հայ է գտնվում: Եվ ոչ ոք չէր էլ կարող կռահել, թե ինչով պիտի ավարտվեր իրենց ուրախ նավարկությունը:
Մեկնարկից ուղիղ մեկ ամիս անց` օգոստոսի 31-ին, նավը խարիսխ գցեց Բաթումում: Հայերն այստեղ ափ իջան` Վրաստանի տարածքով Երևան մեկնելու համար: Նավապետի հաջորդ հաղորդագրությունը տեղեկացնում էր այն մասին, որ սեպտեմբերի 2-ին «Պոբեդան» կհասնի վերջին նավահանգիստը` Օդեսա: Բոլորն անհամբեր սպասում էին երկարատև ուղևորության բարեհաջող ավարտին: Բայց կատարվեց անսպասելին:
Հաջորդ օրն առավոտյան, երբ Սևծովյան նավագնացության ծառայությունից փորձ արվեց տեղեկություն ստանալ նավարկության ընթացքի մասին, նավը կապի դուրս չեկավ: Փորձերը կրկնվեցին: Ոչ մի արձագանք: Այդ ժամանակ անհետացած «Պոբեդան» որոնելու համար օդ բարձրացավ մի քանի ինքնաթիռ: Սեպտեմբերի 2-ի երեկոյան Յալթայից 70 մղոն հարավ-արևելք օդաչուներից մեկը նկատեց նավը` կրակների մեջ, պատված ծխի թանձր շերտով, իսկ նրա շուրջ լողում էին մարդկանցով լեցուն 5 նավակներ: Զբոսանավում հրդեհ էր բռնկվել:
Առաջին ժամերի տեղեկությունները ողբերգական էին. զոհվել էր ուղևորներից 42-ը (հիմնականում` կանայք և երեխաներ), կային բազմաթիվ վիրավորներ: Զոհերի թվում էին չինացի նշանավոր մարշալ և պետական գործիչ Ֆեն Յուսյանը ու նրա դուստրը, ռուս դիվանագետների ընտանիքի անդամներ, այլ նշանավոր անձինք:
Պատահարի մասին անմիջապես հայտնեցին Սոչիում հանգստացող Իոսիֆ Ստալինին: Կատաղած առաջնորդը կարիք չուներ սպասելու լրացուցիչ բացատրությունների: Նրա համար ցանկացած վթար կամ աղետ դավադրություն էր, թշնամիների ձեռքի գործը: Իսկ այն փաստը, որ նավի վրա հազարավոր արտասահմանցի հայեր էին եղել, միանգամից վերածվեց հիվանդագին մտասևեռման. ուրիշ էլ ո՞վ կարող էր հրկիզել սովետական զբոսանավը, եթե ոչ` հայերը: Այսքանը լիովին բավարար էր, որ նա հանձնարարական ուղարկեր Կրեմլ` ՍՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անգամ Գեորգի Մալենկովին, և վերջինից պահանջեր անհապաղ բացահայտել հայ ահաբեկիչներին ու լրտեսներին:
Մալենկովի արձագանքը չուշացավ: Պատասխան հեռագրում ասվում էր.
«Ընկ. Ստալինին,
«Պոբեդա» ջերմանավի մասին Ձեր հեռագիրը ստացա: Դուք, անկասկած, իրավացի եք, որ հայ ներգաղթողների մեջ կան ամերիկյան լրտեսներ, որոնք դիվերսիա են իրականացրել Բաթումից Օդեսա ջերմանավի մեկնումից առաջ, հայերի ափ իջնելուց հետո կամ այդ ընթացքում:
Հենց այսօր բոլոր ընկերների մասնակցությամբ միջոցներ կձեռնարկենք և որոշում կընդունենք Ձեր առաջարկին լիովին համապատասխան:
Ձեռնարկված միջոցների մասին անհապաղ կզեկուցենք:
13.09.48թ., Մալենկով»:
Մեխանիզմը գործի էր դրված: Այն այլևս կասեցնել անհնար էր:
Սակայն Ստալինի և նրա կամակատարների հիվանդ երևակայության թռիչքն այսքանով չսահմանափակվեց: Եղածին գումարվեցին կասկածներն այն մասին, թե իբր հայերը կարող էին ավելի հեռուն գնացող նպատակներ ունենալ` օրինակ, պայթեցնել Բաքվի նավթահանքերն ու նավթամուղը: Ոչ ոք նույնիսկ փորձ չարեց ակնարկել, որ դա նվազագույնն անմտություն էր, քանի որ այդպես ենթադրելու համար չկար ոչ մի հիմք:
Փոխարենը` Պետանվտանգության մինիստրությունը սեպտեմբերի 14-ին անմիջապես զեկուցեց. «Գործուղվել և այսօր Բաքու է ժամանանել ԽՍՀՄ ՊԱՄ-ի հատուկ լիազոր, Պետանվտանգության մինիստրի տեղակալ ընկ. Սելիվանովսկին` պատասխանատու աշխատողների 8 հոգանոց խմբի հետ:
Գործուղվել և այսօր Երևան է ժամանել ԽՍՀՄ ՊԱՄ-ի վարչության պետ ընկ. Ռոգովը` ՊԱՄ պատասխանատու աշխատողների 7 հոգանոց խմբի հետ»: Իսկ ահա Քաղբյուրոյի նիստն ամբողջացրեց պատկերը` ծովի վրա տեղի ունեցած դժբախտ պատահարը վերածելով մի ամբողջ ժողովրդի հասցեին ուղղված մեղադրանքի և նույն ժողովրդի դեմ կիրառվող պատժի: Նիստի թիվ 65 արձանագրությունում ասվում էր.
«Ընդունել ընկ. Ստալինի հետևյալ առաջարկները.
1. Պարտավորեցնել Պետանվտանգության մինիստրությանը` հաշվառման և հսկողության տակ առնել «Պոբեդա» ջերմանավով Ամերիկայից Հայաստան եկած բոլոր հայ ներգաղթյալներին:
2. Պարտավորեցնել Պետանվտանգության մինիստրությանը` անհապաղ Հայաստան ուղարկել պատասխանատու չեկիստների հատուկ խումբ` վերոնշյալ հայ ներգաղթողների հաշվառումն ու նրանց նկատմամբ հսկողությունը կազմակերպելու համար` հանձնարարելով այդ խմբին անհապաղ ձերբակալել կասկածելի անձանց և թույլ չտալ այդ ներգաղթյալներից ոչ մեկին մեկնել Բաքու, որպեսզի նրանք չկարողանան պայթեցնել նավթահանքերը:
3. Պարտավորեցնել Պետանվտանգության մինիստրությանը` Բաքու ուղարկել հատուկ լիազորի, նրան հանձնարարել տեղի չեկիստների հետ համատեղ որսալ դիվերսանտներին նավթահանքերում` նկատի ունենալով, որ Բաքվի նավթահանքերը հիմնական օբյեկտներից մեկն են անգլոամերիկյան դիվերսանտ-լրտեսների համար:
4. Անվերապահորեն և անհապաղ արգելել հայ ներգաղթողների ընդունումը Հայաստանում` անկախ նրանից, թե որ երկրից են նրանք գալիս»:
«Պոբեդա» զբոսանավի հրդեհի շուրջ փակ հետաքննությունը շարունակվեց մի քանի ամիս: Քննիչներին հիմնականում հաջողվեց պարզել, թե չարաբաստիկ այդ օրն ինչպես էին զարգացել իրադարձությունները: Համաձայն նրանց կազմած փաստաթղթերի, սեպտեմբերի 1-ի երեկոյան նավի ուղևորների մի մասը հավաքվել էր հերթական կինոդիտման:
Այդ ընթացքում կինոմեխանիկը նավաստիներից մեկին խնդրել էր ետ փաթաթել ժապավենը: Իսկ դա արվում էր ձեռքով` հատուկ հաստոցի օգնությամբ: Հենց այդ գործողության ժամանակ էլ նիտրոցելյուլոզային հիմքով ժապավենը հանկարծ բռնկվել էր: Կրակը շատ արագ տարածվել էր հարևան հարկաբաժինները, և արդեն հաշված րոպեներ անց նավի կենտրոնական հատվածը հայտնվել էր կրակի ճիրաններում: Նավապետը հրամայել էր SOS ազդանշան հնչեցնել, բայց դա անել այլևս հնարավոր չէր. վառվել էին բոլոր սարքավորումներն ու ծառայողական նավախցերը:
Ի դեպ, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված քաղաքացիներն ու նավաստիներն իրենց գործը բավականին լավ էին կատարել:
Երբ սեպտեմբերի 3-ի գիշերը վերջապես փրկարար նավերը մոտեցան «Պոբեդային», կրակը հիմնականում մեկուսացված ու մարված էր: Փրկվածներին տեղափոխեցին «Վյաչեսլավ Մոլոտով» նավը, իսկ «Պոբեդան» տեղափոխվեց Օդեսա: Ավելի ուշ Օդեսայում լուրեր էին տարածվել այն մասին, թե նավում եղել են ինչ-որ կասկածելի արկղեր, որոնք անընդհատ մի տեղից մյուսն էին տեղափոխվել: Եվ հրդեհի ժամանակ այդ արկղերը սկսել են պայթել:
1949 թվականի փետրվարի 8-ին կայացավ դատավարությունը: Այստեղ խոսվեց ամեն ինչի մասին, սակայն դարձյալ ոչ ոք չհամարձակվեց բարձրաձայն պնդել, որ հայերը ոչ մի կապ չունեին հրդեհի հետ: Ավելին, ոմանք սկսեցին հեքիաթանման ինչ-որ մանրամասներ պատմել այն մասին, որ Բաթումում հայերի հեռանալուց հետո զբոսանավի տարբեր հատվածներում հայտնաբերվել էին կասկածելի բաղադրությամբ նյութի կտորներ, որոնք այրվում էին կապույտ բոցով ու բարձր ջերմություն էին արձակում: Հիշել էին նաև, որ դեռ Նյու Յորքում նավի վրա վիճաբանություն էր ծագել հայ ամուսինների միջև, և կինը, ով չէր ցանկանում մեկնել Հայաստան, իրեն նետել էր ծովը, իսկ նրա իրերը մնացել էին նավում` հենց այն հատվածում, որտեղ բռնկվել էր հրդեհը:
Նմանատիպ դրվագները լսվեցին, սակայն դրանց հիմնավորման որևէ ապացույց չգտնվեց: Դատարանի կողմից տարբեր ժամկետներով ազատազրկման դատապարտվեցին նավապետը, նրա երկու օգնականները, կապավորը, կինոմեխանիկը, դիսպետչերը:
Մեղավորների շարքում չհնչեց ոչ մի հայի անուն: Հավանաբար` այլ կերպ չէր էլ կարող լինել: Բայց արի ու տես, որ դա չխանգարեց, որ նախապես ծրագրված 350 հազար հայերի ներգաղթը դադարեցվեր մինչևգ 1961 թվականը:
Իբրև այս պատմության հավելում` նշենք, որ «Պոբեդան» կարճ ժամանակ անց վերանորոգվեց և շարունակեց նավարկել: Իսկ հետաքրքիր մանրամասների սիրահարների համար ասենք, որ տարիներ անց հենց այդ նավի վրա նկարահանվեց «Ադամանդե ձեռքը» կինոնկարի այն հատվածը, որտեղ Անդրեյ Միրոնովը Յուրի Նիկուլինի համար երգում էր «Անհաջողության կղզի» հանրահայտ երգը…