Լուսինե Բադալյան. Հաճախ մեզ օգտագործում են, շատ ռեալ օգտագործում են
«Անկեղծ ասեմ` ես հեռացա այն պահից, երբ սկսեցին հնչել քաղաքական կարգախոսներ»,- հունվարի 18-ին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, ով նույնպես դեմ է պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման մասին օրենքին:
Խոսելով հարցի շուրջ` Լուսինե Բադալյանը կարծիք հայտնեց, որ ցանկացած բողոքի ակցիա և հավաք, ինչպես վերջինը, կուսակցականացվում է, իսկ կուսակցություններից յուրաքանչյուրն, ըստ նրա, միայն իր շահի համար է պայքարում, և ոչ ոքի չի հետաքրքրում ժողովրդի ճակատագիրը:
«Երբ ինչ-որ բանի սկսում է խառնվել կուսակցական պայքարը, այն իսկապես տապալված է: Պայքարի նախաձեռնողներն ի սկզբանե նպատակ չեն ունեցել պայքարը դեպի կուսակցական ուղղություններ տանելու: Կոնկրետ ես գիտեմ` քանի որ աշխատում եմ «Կենտրոն» հեռուստաընկերությունում, ասոցացվում եմ… ու որքան էլ պատռվեմ մեջտեղից, տարիներ շարունակ ասեմ` ես կուսակցական չե´մ, ես էս մարդկանց հետ նույնիսկ անձամբ ծանոթ չեմ, ինձ երբեք ոչ ոք չի առաջարկել… միևնույն է` հասարակությունը չի հավատում»,- ասաց հաղորդավարուհին:
«Դու «Բարգավաճից» չե՞ս»,- միանգամից կատակեց նրա կողքին նստած գործընկերը` ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը:
Նրանք երկուսն էլ անդրադարձան մեկ այլ հարցի, որը մտահոգում է իրենց և միաժամանակ զարմացնում: Մասնավորապես` Լուսինե Բադալյանը շեշտեց, որ իր համար վիրավորական են այն խոսակցությունները, թե իբր նրանք ներկայացնում են այս կամ այն ուժը կամ` «մինչև իրենց գրպանին չեն կպնում, իրենք չեն ակտիվանում»:
«Հաճախ մեզ օգտագործում են, շատ ռեալ օգտագործում են: Եվ այս անգամ էլ մենք մտավախությամբ էինք միանում ակցիային»,- ասաց Լ. Բադալյանը:
Սակայն մյուս կողմից նա ավելացրեց, որ ինքը և այլ հայտնի մարդիկ, ովքեր միանում են նմանատիպ քաղաքացիական նախաձեռնություններին, կարող են պարզապես լինել խայծ` մի քիչ հետաքրքրասիրություն առաջացնելու և օգուտ բերելու համար:
«Մենք չենք վախենում մեր աշխատանքի համար: Եթե ինչ-որ բանի դեմ պայքարում ենք, ապա դուք հաստատ միացեք այդ պայքարին»,- ասաց նա:
Իսկ Սուրեն Թադևոսյանը հիշեցրեց հասարակական տրանսպորտի սակագնի դեմ նախորդ տարվա բողոքի ակցիաները, երբ իր և իր գործընկերների մասնակցությունը հետաքրքիր դարձրեցին ակցիաները և օգնեցին:
Իսկ բուն կենսաթոշակային պարտադիր համակարգի վերաբերյալ Սուրեն Թադևոսյանն ասաց, որ «100 տոկոսով» դեմ է դրան: Ռեժիսորը նշեց, որ առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է և մի փոքր կարող է տնտեսագիտական գնահատական տալ հարցին:
Ըստ նրա` այդպիսի օրենք պետք է լինի, պարզապես այդ օրենքում կան դրույթներ, որոնք իր համար անընդունելի են: Օրինակ` այն, որ քաղաքացին պետք է 45 տարի կուտակի իր գումարը, որպեսզի միայն 63 տարեկանում սկսի ստանալ թոշակ:
Ս. Թադևոսյանի խոսքով` նման օրինակ չկա աշխարհի որևէ երկրում, և առավելագույն ժամկետը շուրջ 30 տարի է: «Երկրորդը` ինչո՞ւ են այդ ահռելի գումարները, որոնք Զիմբաբվեի պես երկրին էլ կարող են սարքել բավականին բարգավաճ երկիր, լավ իմաստով (շրջվում է Լուսինե Բադալյանի կողմը, բոլորը ծիծաղում են,- Ա.Ս.), գնում դուրս` ինչ-որ ընկերությունների, որոնք իբր պետք է դրսում այդ փողն աշխատեցնեն և տան մեր թոշակները տան: Ինչո՞ւ: Այստեղ չկա՞ն այդ մարդիկ, այդ ուղեղները, որոնք կարող են այստեղ օգտագործել, ստեղծել աշխատատեղեր: Կան, ինչու չկան… Այսինքն ես դրան եմ դեմ: Եթե այդ միլիարդները Հայաստանից դուրս գան, էլ կյանքում հետ չեն գա, չեմ հավատում»,- ասաց Ս. Թադևոսյանը:
Իսկ Լ. Բադալյանն ավելացրեց. «Ես չասացի, թե 100 տոկոսով դեմ եմ օրենքին, բայց այնքան, որքան լսել եմ, դա այնքան էլ չար բան չէ: Բայց շատ վատ է, որ հենց այսօր, հենց այստեղ, հենց այս պահին բազմաթիվ խնդիրների մեջ հանկարծ որոշեցին մի այսպիսի բարեփոխում իրականացնել: Ինչո՞ւ: Միանգամից կասկած է առաջանում, հետո սկսում ես շատ երկար մտածել,վերլուծել ու հասկանում ես, որ ուղղակի որոշակի օղակների հենց այս վայրկյանին մի քիչ գումար է պետք»: