Փաշինյանը փաստացի Հայաստանին հռչակում է «օկուպանտ» ու «ագրեսոր»՝ այդ կերպ բոլորիս դնելով անելանելի իրավիճակում. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Օրերս Նիկոլը մի գրառում արեց, որի մասին տեղեկատվական դաշտում խոսվեց, բայց ոչ այդ դիտանկյունից։ Նախ նա հայտարարեց, թե «Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել են բոլոր երեք նախագահները», բայց «շան գլուխը» լրիվ այլ տեղ է թաղվա. այս կերպ Նիկոլը փաստացի ցուցմունք է տալիս Հայաստանի դեմ՝ հայտարարելով. «եթե պատերազմը ես եմ հրահրել ու Հայաստանը ներքաշել դրա մեջ, ապա ինչո՞ւ էին մինչև 2018-ը ՀՀ 18 տարեկան զինվորները 24 տարի իրենց ծառայությունն անցկացնում ՀՀ սուվերեն տարածքից դուրս»։ Սա մի թեզ է, որը ադրբեջանցիները տարիներ շարունակ խոսել ու քարոզել են՝ առանց որևէ փաստական ապացույցի։ Իսկ հիմա Նիկոլն այս մասին ոչ միայն հրապակակավ հայտարարում է, այլ փորձում դա որպես բացարձակ ճշմարտություն ապացուցել։ Այս ամենն այլ բան, քան հակապետական կոլաբորացիոնիզմ, կոչել չի կարելի։

Նա փաստացի Հայաստանին հռչակում է «օկուպանտ» ու «ագրեսոր»՝ այդ կերպ բոլորիս դնելով անելանելի իրավիճակում՝ միաժամանակ շատ լավ գիտակցելով, թե ինչ ծանր կլեյմո է դաջում հայ ազգի ճակատին։

Թույլ տվեք մի փոքր լիկբեզ անեմ։ Ըստ էության՝ այս հայտարարությամբ, որը պարզապես շարքային ֆեյսբուքյան գրառում կամ պատահական պոռթկում համարել չի կարելի, Նիկոլն արձանագրում է, որ Հայաստանն «օկուպացրել» է Ադրբեջանի սուվերեն տարածք, այնտեղ «ապօրինաբար »զորք է տեղակայել և 24 տարի «հանիրավի» այդ տարածքը պահել է իր վերահսկողության տակ։

Այս հանգամանքը հղի է այնպիսի հետևանքներով, որ ըստ էության Հայաստանի առաջ կարող են ծագել ռիսկեր՝ միջազգային տրիբունալի առաջ կանգնելու և հսկայական ֆինանսական պարտավորություններ՝ այդ թվում ռեպարացիաներ ու կանտրիբուցիաներ վճարելու տեսքով։ Բացի դրանից, չի բացառվում, որ այն մարդիկ, որոնց երեխաները այդ տարիներին ծառայություն են անցել Արցախում, դիմեն տրիբունալ և փոխհատուցում պահանջեն պետությունից՝ «ապօրինի» գործողությունների համար։

Գրեթե կասկածի տեղ չունեմ, որ այս դրվագը ևս Ադրբեջանի պահանջի կատարում է, և հենց դրա համար էլ նա հրապարակավ հայտարարեց, որ մեղավորը հայկական կողմն է։

Ի դեպ՝ այս քայլով Նիկոլը փորձում է իր վրայից մաքրել այն խարանը, որի մեջ նրան մեղադրում է հանրության զգալի հատվածը՝ փաստելով, որ Արցախն ինքն է հանձնել և մոտ 5000 տղաներին զոհաբերել, ինչպես իր զուգընկերուհին ժամանակին հայտարարում էր՝ «հանուն ոչնչի»։

Նիկոլի այս հայտարարությունը սոսկ ներքաղաքական հերթական մանևր չէ․ այն փաստացի ծառայում է Ադրբեջանի օրակարգին՝ Հայաստանին միջազգային հարթակում «ագրեսոր» ու «օկուպանտ» հռչակելու համար։ Սա ոչ միայն վտանգում է մեր պետության իրավական ու դիվանագիտական դիրքերը, այլև բացում է ճանապարհ հնարավոր միջազգային դատական գործընթացների և ֆինանսական պարտավորությունների առաջ։

Ըստ էության՝ նրա այս քայլը ոչ թե քաղաքական դատարկ խոսք է, այլ պատմականորեն ծանր հետևանքներ ունեցող հակապետական գործողություն, որը ուղղված է Հայաստանի պետականության հիմքերը խարխլելուն։ Ասեմ ավելին, սա ՀՀ հաջորդ իշխանությունների համար դառնալու է միջազգային դիմագծի վերականգնման համար մի ահավոր պատուհասություն»:

Տեսանյութեր

Լրահոս