Ի՞նչ օրակարգով է Փաշինյանը Մոսկվայում, և ի՞նչ արդյունք կտա իմպիչմենտի գործընթացը․ Մենուա Սողոմոնյան

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան․ հայտնել են կառավարությունից՝ տեղեկացնելով, որ այսօր նախատեսվում է նրա մասնակցությունը Մոսկվայում կայանալիք «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:

Կրեմլից երեկ հաստատել էին համաժողովին՝ նաև Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին տեղեկությունը, նշել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին միջոցառմանը կմասնակցեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Փաշինյանը ծրագրում է մեկնել Մոսկվա, լրագրողներին հայտնել էր, որ նախատեսվում է Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Նկատենք՝ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը կայացել էր  օգոստոսի 31-ին Չինաստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում:

Կարդացեք նաև

Ի՞նչ հնարավոր օրակարգով կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը․ արդեն ունեցած պայմանավորվածությունների ամրագրո՞ւմ, թե՞ հնարավոր ճշգրտումներ, այդ թվում՝ վաշինգտոնյան գործընթացի շրջանակներում։

168am-ի այս հարցադրումներին անդրադառնալով՝ հանրային, քաղաքական գործիչ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը նշեց, որ հնարավոր օրակարգերն ավելի հավանական է, որ վերաբերեն վաշինգտոնյան գործընթացին։

«Վերջին ամիսների կարևորագույն իրողությունը կապված էր օգոստոսի 8-ի վաշինգտոնյան իրադարձությունների հետ և, մասնավորապես, այսպես կոչված՝ Թրամփի ուղու հետ, որի վերաբերյալ, ի դեպ, փաստաթղթերում կար այսպիսի կետ «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով»։

Չեմ բացառում, որ նաև այս կետը քննարկվի, մանավանդ որ, թեմայով ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել էր, որ ռուսական կողմի համար կարևոր են դետալները, մանրամասները։ Այսինքն՝ հնարավոր է՝ քննարկվի այն ամենը, ինչը հնարավորություն կստեղծի ռուսական կողմի համար ավելի գնահատելի ու կանխատեսելի դարձնել այդ իրողությունը»,- նշեց միջազգայնագետը։

Ի դեպ, դեռ օգոստոսին էր Ալեքսեյ Օվերչուկն ասել, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանին՝ Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» կոչվող «տրանսպորտային միջանցք» ստեղծելու ծրագրերում, եթե Երևանը դա անհրաժեշտ է համարում, և միաժամանակ հավելել՝ կան որոշ հարցեր, որոնք Մոսկվան պետք է ճշգրտի կողմերի հետ:

«Որոշ նրբություններ վերաբերում են Հարավային Կովկասում ՌԴ-ի շահերին, նախ և առաջ՝ երկաթուղային հաղորդակցության զարգացման տեսանկյունից։ Եթե գտնվել են այդ հարցերի լուծումները, ապա անհրաժեշտ է, որ մենք դրանք տեղափոխենք տեխնիկա-տնտեսական հիմնավորումների, հաշվարկների հարթություն, դիտարկենք այդ նախագծերի տնտեսական բաղադրիչը և զբաղվենք ապաշրջափակմամբ»,– ասել էր նա։

Մենուա Սողոմոնյանը չբացառեց նաև, որ կողմերն անդրադարձ կատարեն ավելի լայն թեմաների՝ շոշափվի Հայաստանի կողմնորոշման հարցը, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր։

«Բնականաբար, տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական վերադասավորումների թեմատիկան պետք է լինի»,- հավելեց նա։

Ներքաղաքական օրակարգերին և, մասնավորապես, Փաշինյանին անվստահություն հայտնելու օրակարգով սպասվող ԱԺ լսումներին անդրադառնալով էլ՝ հանրային ու քաղաքական գործիչը նշեց, որ շրջադարձային սպասումների համար չկա համապատասխան ֆոնը։

«Եթե ձեր նշած հնարավոր շրջադարձային փոփոխությունների ակնկալիքները ռեալ լինեին, ապա այս իմպիչմենտի գործընթացի մեդիա ռազմավարությունը, դրա քարոզչական նախապատրաստությունը շատ ավելի մեծ էֆեկտ կունենար և կզբաղեցներ ներքաղաքական օրակարգը, բայց, ցավոք սրտի, այդ իրողությունը չունենք, այսինքն՝ հանրությունը լայնորեն չի քննարկում էս իրավիճակը։ Թեև ոչինչ չի կարելի բացառել՝ այդ թվում՝ շրջադարձային փոփոխությունների հնարավորությունը»,- պարզաբանեց Մենուա Սողոմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս