
Ո՞ւմ թերացումն է եղել. ՆԳ նախարարը հրաժարական կտա՞․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Չնայած Փարաքարի համայնքապետի սպանությունից ժամեր անց՝ լուսաբացին, Նիկոլ Փաշինյանը դատապարտեց տեղի ունեցածը, իր գրառման մեջ որոշակիորեն ուղղորդելով․ «Մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին՝ Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել», սակայն երեկ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը ՆԳՆ-ում այդպես էլ խորհրդակցություն չէր հրավիրվել:
Ենթադրվում էր, որ Փաշինյանի գրառումից հետո պետք է հրավիրվեր խորհրդակցություն, քննարկվեր տեղի ունեցածը, եւ պարզվեր, թե ովքեր են թերացել իրենց աշխատանքում։ Ի դեպ, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Փայլակ Շմավոնյանը մոտ 20 օր առաջ է նշանակվել պաշտոնին, եւ համակարգում չեն կարծում, թե կատարվածի պատասխանատվությունը պետք է կոտրվի նրա ուսերին։
Մինչդեռ իշխող թիմում կարծում են, որ պետք է մի շարք բարձրաստիճան ոստիկաններ պաշտոնանկ արվեն, եթե ոչ` ՆԳ նախարարը: Էջմիածինը մշտապես եղել է խնդրահարույց շրջան՝ թե՛ կլանային բախումների տեսանկյունից, թե՛ ապօրինի զենքի շրջանառության, ուստի կատարվածը պատշաճ վերահսկողության բացակայության հետեւանք է։
Ոմանք ավելի հեռուն գնալով կարծում են, որ Փաշինյանի թիվ մեկ խնդիրը` վայրկյան առաջ հասնել համայնքապետի սպանության բացահայտմանը, քանի որ այն սովորական սպանություն չէ, եւ պարզ է, որ Վոլոդյա Գրիգորյանին «քիլլեր» է սպանել, իսկ դա նշանակում է, որ նախապես լավ մշակված եւ կատարված հանցագործության հետ գործ ունենք։ Իսկ թե ում էր խանգարում Վոլոդյա Գրիգորյանը, մանրամասնելու կարիք չկա»: