«Ավելորդ անգամ մի ասեք, որ երկիրը երկիր չէ»

168.am-ը զրուցել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանի հետ:

– Նախ՝ խնդրեմ պատմեք, թե ինչ է անում «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը:

– Այժմ մեր գործունեությունը հիմնականում ծավալվում է մի քանի հիմնական խնդիրների շուրջ. առաջինը՝ ճիշտ ներկայացնել հայրենադարձության գաղափարը և հնարավորությունները սփյուռքում: Այսինքն` մենք ներկայացնում ենք կոնկրետ մարդկանց պատմությունները, թե ինչպես են նրանք տեղափոխվել Հայաստան, ինչով են զբաղվում, ինչ ռեալ դժվարությունների են հանդիպել Հայաստանում և ինչ խորհուրդներ են տալիս նոր տեղափոխվածներին, և նշում, թե, օրինակ, ինչ առավելություններ ունեն այստեղ: Այս ամենի վերաբերյալ մենք ֆորումներ ենք կազմակերպում տարբեր համայնքներում, լինի դա ինտերնետի միջոցով, կամ էլ անձամբ գնում և  մասնակցում ենք տարբեր միջոցառումների և այնտեղ ներկայացնում հայրենադարձության կարևորությունը տարբեր երկրներում և քաղաքներում: Ճիշտ է, ծախսը մեծ է, և շատ տեղերում չենք կարող նմանատիպ միջոցառումներ կազմակերպել, սակայն այս տարի մենք ծրագրել են 6 համայնքներում նմանատիպ միջոցառումներ կազմակերպել և ներկայացնել ոչ միայն Հայաստան տեղափոխվելու հնարավորությունները, այլ նաև  կամավորական ծրագրերը Հայաստանում, որին նաև դրսի հայերը կարող են մասնակցել:

Օրինակ, հաճախ շատերը գալիս են՝ որպես կամավոր, իսկ հետագայում որոշում են կայացնում մշտապես մնալ հայրենիքում, թեև այդ նպատակը մինչ գալը երբևէ չեն ունեցել: Այստեղի կրթական հնարավորությունները, օրինակ`Հայաստանի Ամերիկյան համալսարանը կամ Սլավոնական համալսարանը, հատկապես մեր այն հայրենակիցների համար, ովքեր հայոց լեզուն չգիտեն կամ հայերենին լավ չեն տիրապետում, նույնպես բավական լավ հնարավորություններ են ընձեռում, և այդպիսով շատերն ուսումը փորձում են համատեղել հայրենիքում ապրելու հետ: Բացի այդ, այնպիսի ծրագրերը, ինչպիսք են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, «Այբ» ավագ դպրոցը, Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը և այլն, շատ կարևոր են այս գործում: Կարծում եմ՝ այդ բոլոր ծրագրերով պետք է և կարելի է մարդկանց կապել Հայաստանի հետ:

Կարդացեք նաև

Կարևոր հարց է նաև այն, որ, երբ մարդն արդեն մտածում է և որոշում է կայացրել տեղափոխվել Հայաստան առաջիկա տարիներին, ապա մենք արդեն իսկ սկսում ենք այդ մարդկանց հետ աշխատել, փորձում ենք հասկանալ, թե որոնք են նրանց հիմնական հուզող հարցերը, որոնք կարող են շատ տարբեր լինել, օրինակ`անձնական իրերն ինչպե՞ս տեղափոխել, որպեսզի կարողանան օգտվել այն արտոնությունից, որ մեր պետությունը տրամադրում է, կամ, օրինակ`  ի՞նչ անել այժմյան իրենց բնակարանի հետ, որ Նյու Յորքում է կամ այլուր. արդյո՞ք ամեն ինչ արժե վաճառել, և այլն, ինչպես աշխատանքի տեղավորվել Հայաստանում, լեզու սովորել, եթե չգիտեն, և այլն: Մենք այս ամենի վերաբերյալ, առնվազն հիմնվելով տարբեր մարդկանց փորձառության վրա, տալիս ենք խորհուրդներ, որոնց կարիքը նրանք իրականում շատ ունեն, իհարկե, մենք կարող ենք միայն օգնել մեր խորհուրդներով, սակայն, ի վերջո, նրանք պետք է որոշեն՝ վերադառնալ հայրենիք, կամ ոչ:

– Հայաստանում գործազրկության ցուցանիշը ցածր չէ, պաշտոնական տվյալներով՝ մոտ 32.5%: Այս պարագայում Ձեզ համար հայրենադարձներին այստեղ աշխատանքի տեղավորելը դժվար չէ՞, արդյոք գործարարներն օգնո՞ւմ են Ձեզ, թե՞…  

– Այո, գործազրկությունը Հայաստանում շատ լուրջ խնդիր է, բայց եկեք հստակ հասկանանք, որ շուկայում շատ լուրջ դիսբալանս (անհավասարակշռություն) է տիրում: Oրինակ, մենք ունենք մոտավորապես 40 կազմակերպություն, որոնք մեզ պարբերաբար դիմում են և ամիսներով չեն կարողանում գտնել իրենց համար համապատասխան մասնագետի: Մի կողմից՝ մենք ունենք բազմաթիվ միջին մակարդակի տնտեսագետներ, իրավաբաններ, բժիշկներ, իսկ մյուս կողմից՝ մոտ 2 հազար թափուր աշխատատեղեր կան, օրինակ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որն այդպես էլ չի համալրվում նոր աշխատակիցներով: Այսինքն՝ ոչ պետությունը, և ոչ էլ հասարակությունը ճկուն չեն այս հարցում և չեն հասկանում, որ, ենթադրենք, եթե պետք են ծրագրավորողներ, ապա ընտանիքը պետք է դրա մասին մտածի, ոչ թե, օրինակ, իրենց երեխային մի կերպ տնտեսագետ դարձնեն, նախ՝ կաշառք տալով, որ ընդունվի, իսկ այնուհետև՝ կաշառք տալով, որ ավարտի, և արդյունքում շատ անգամ այդ շրջանավարտը, որ դուրս է գալիս համալսարանից, առանձնապես գիտելիքներ չի ունենում:

Իհարկե, յուրաքանչյուր հայրենադարձի համար, ով դիմում է մեզ, մենք չենք կարող աշխատանք ապահովել, որովհետև երբեմն հանդիպում են շատ նեղ մասնագիտացում ունեցող մարդիկ՝ գիտնականներ և այլք, իսկ մենք նրանց փորձում ենք բացատրել, որ իրենք այդ կերպ Հայաստանում չեն կարող իրենց պահել, և պետք է մեկ այլ նոր բան սկսել կամ փոխել իրենց ոլորտը:

Այսօր աշխարհը զարգանում է, և մենք դեպքեր ունենք, երբ մարդիկ ֆիզիկապես գտնվելով Հայաստանում՝ աշխատում են դրսի շուկաներում: Օրինակ` ՏՏ ոլորտում: Մենք այդ ձևաչափերը ևս շատ ենք խրախուսում, այնպես որ ոլորտը և աշխատավարձերի մակարդակը Հայաստանում խնդիր է, սակայն կրկին պետք է նշեմ, որ կան որոշ նիշաներ, որտեղ որ շատ լուրջ պակաս կա մասնագետների, օրինակ՝ մարքետինգի ոլորտի մասնագետների, ՏՏ ոլորտի մասնագետների, ռիսկերի կառավարիչների՝ բանկային ոլորտում, և այլն: Որքան ավելի զարգացած են կազմակերպությունները, և նրանց արտահանման ուղղվածությունն ուժեղ է, այդքան ավելի ժամանակակից է նրանց մոտեցումը, օրինակ, մենք մի դեպք ունենք, երբ մի հայ աղջիկ Ֆրանսիայից skype-ով հարցազրույց անցավ Հայաստանում գործող նմանատիպ մի ընկերությունում և նոր տեղափոխվեց Հայաստան: Մենք ձգտում ենք, որ ապագայում մենք կարողանանք նման ձևով օգնել մարդկանց, որպեսզի մինչև Հայաստան տեղափոխվելը նրանք կարողանան աշխատանք գտնել, և նոր միայն վերադառնան:

– Այժմ Հայաստանում արտագաղթի տեմպերը բավականին բարձր են, այս իրավիճակում Ձեր գործն արդյոք չի՞ դժվարանում: Եվ ընդհանրապես հետաքրքիր է, ինչպե՞ս եք կարողանում, կոպիտ ասած , «համոզել» ու մարդկանց բերել Հայաստան:

– Այդ «համոզել» բառը սխալ է, մենք ոչ ոքի չենք համոզում: Իհարկե, հասկանում եմ ձեզ շատ լավ, բայց եկեք նախ հասկանանք, թե ո՞վ է հիմնականում արտագաղթում: Արտագաղթում են ոչ բոլորը, բայց մեծամասամբ այդ արտագաղթը տեղի է ունենում դեպի Ռուսաստան, իսկ  հիմնականում գնում են գրեթե նույն պրոֆիլի մարդիկ: Իհարկե, նրանցից ոչ բոլորն են տեղափոխվելով Ռուսաստան՝ լավ ապրում, բայց իրենք այնտեղ, այսպես ասած, «վիզ են դնում»` ամեն ինչ անում են այնտեղ, որպեսզի փորձեն ապահովել իրենց գոյատևումը: Ցավոք սրտի, նույն ջանքերը ես չեմ տեսնում, որ մարդիկ գործածեն Հայաստանում, և թեկուզ այնտեղ` Ռուսաստանում, միգուցե ավելի շատ գումար են վաստակում, բայց ապրում են շատ ավելի ոչ բարեկեցիկ պայմաններում և շատ ավելի ցածր մակարդակից են սկսում: Դեռ չեմ խոսում նրանց նկատմամբ այնտեղի հասարակության վերաբերմունքի մասին:

Ի դեպ, այդ արտագաղթի մասին է խոսում նաև այն, որ Ռուսաստանից եկող տրանսֆերտները գնալով նվազում են, քանի որ շատերն արդեն մտածում են ոչ թե գումարը Հայաստան ուղարկելու մասին, այլ իրենց ընտանիքին վերցնում և տանում են իրենց մոտ՝ Ռուսաստան, իսկ դա բավականին լուրջ աղետ է մեզ համար: Իրականում մեր հույսն այն է, որ հայրենադարձները տեղափոխվելով Հայաստան և բերելով նոր գաղափարներ և նոր մոտեցումներ, նոր գիտելիք ու նոր փորձառություն՝ իրենց բնորոշ էներգիայով կարողանան ապագայում ձևավորել և զարգացնել ինչ-որ նոր ալտերնատիվ ուղղություններ և այդպիսով աշխատատեղեր ստեղծել նաև տեղացիների համար: Այդպիսով մենք կարող ենք ունենալ ոչ թե մեկ «Այբ» կամ «Թումո», այլ մի քանիսը, ինչը համակարգային փոփոխություններ կբերի մեր երկրում որոշակի կոնկրետ ոլորտներում: Ես չեմ ասում, թե հայրենադարձներն ինչ-որ արտոնյալ մարդիկ են, բոլորովին, սակայն նրանք կարող են նպաստել մեր երկրում տարբեր ուղղությունների զարգացմանը, քանի որ նրանց զգալի մասը շատ ակտիվ է ոչ միայն հասարակական տարբեր շարժումներում, այլև բիզնես ոլորտում:

Ձեր կազմակերպությունը գործում է մոտ 1.5 տարի է: Ի՞նչ հստակ արդյունքներ ունեք, քանի՞ հայ է վերադարձել հայրենիք:

– Հստակ թիվ չեմ կարող ասել, քանի որ մեր հիմնադրամի ստեղծումը պատահականորեն համընկավ սիրիահայերի չնախատեսված հայրենիք վերադարձի հետ, և այս պարագայում մենք չենք կարող նրանց հայրենադարձ կոչել, քանի որ նրանք այդ քայլին դիմել են՝ հիմնականում հանգամանքներից ելնելով: Պետք է նշել, որ սիրիահայերը մեզ դիմողների թվի մեջ գերակշռում են: Սակայն կարող եմ նշել, որ առնվազն 50 հոգի կամ ընտանիք դիմել է մեզ և տեղափոխվել է Հայաստան, սակայն մենք նորաստեղծ կազմակերպություն ենք, և թվերի մասին, կարծում եմ, դեռ վաղ է խոսելը, կարևորն այն է, որ սկսվել է նոր և կարևոր մի գործընթաց:

Իմ ունեցած տվյալների համաձայն, սակայն,  կարող եմ նշել, որ վերջին 30 տարվա ընթացքում առնվազն 30-40 հազար մարդ է տեղափոխվել Հայաստան, իհարկե, դա կարող է շատերի համար զարմանալի լինել, սակայն դա փաստ է, և այդ թվի մեջ ես չեմ նշում սիրիահայերին, խոսքն այստեղ կամավոր տեղափոխվածների մասին է: Բացի այդ, մենք ունենք մոտ 600 հոգուց բաղկացած կայացած հայրենադարձների ցանց: Այսինքն՝ մարդիկ, ովքեր տեղափոխվել են 10-15 տարի առաջ, արդեն կայացել են այստեղ, ինտեգրվել են, աշխատանք են գտել կամ իրենց սեփական գործն են սկսել Հայաստանում, ուստի նրանք մարդիկ են, ովքեր արդեն անցել են այդ ամբողջ ճանապարհը և այժմ պատրաստ են իրենց խորհուրդներով աջակցել նոր եկածներին: Ես այս ամենի մասին ասում եմ, որովհետև հայրենադարձության մասին խոսելիս ամենահամոզիչը կոնկրետ հայրենադարձների դեպքերը՝ օրինակները ներկայացնելն է: Այդ իսկ պատճառով այս 600 հոգին իսկապես մեր, այսպես ասած, բանակն են, մեր աջակիցներն են, և մենք շատ հպարտ ենք նրանցով, քանի որ առանց նրանց, միայն մեր թիմի մի քանի հոգով, շատ ավելի դժվար կլիներ աշխատելը:

Հետաքրքիր է, Հայաստան վերադառնալ ցանկացողների մեջ կա՞ն մարդիկ, ովքեր եկել են Հայաստան, սակայն հետագայում որոշել են ետ վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը:

Իրականում եկածների մոտ 70-80 %-ը մնացել է Հայաստանում, սակայն, ունենք նաև դեպքեր, որ հետ են վերադարձել, և գնացածների մեծ մասը վերադարձել է միայն այն պատճառով, որ իրենք  իրենց ֆինանսական կայունությունն այստեղ չեն կարողացել ապահովել, սակայն, գնալով  հանդերձ, նրանցից շատերի մտքում կա նորից Հայաստան վերադառնալու ցանկությունը:

Իմիջիայլոց, «ինչի՞ եք եկել», կամ՝ «հո դուք չե՞ք գժվել՝ եկել եք Հայաստան», և այլ նմանատիպ արտահայտությունները շատ քանդող են, ավերող, քանի որ մարդ երբ տեղափոխվում է, նրա համար իրականում ամենադժվարն այդ որոշումը կայացնելն է, և, եթե իրենք տեղափոխվում են Հայաստան, ապա դա նրանց համար շատ լուրջ է ու ասես վերջնական որոշում է: Մինչդեռ նման արտահայտությունները քանդում են ամեն ինչ: Մինչ գալը նրանք ճնշման տակ են գտնվում նաև սփյուռքում, որովհետև իրենց բարեկամների և ծանոթների մեծամասնությունը սկսում է իրենց խենթի տեղ դնել, բայց ամենադժվարն այն է, երբ նույնիսկ այդ ճնշումներին հակառակ՝ որոշումը կայացնում և տեղափոխվում են Հայաստան, այստեղ նրանց, օրինակ՝ տաքսու վարորդը կամ ուրիշները, այսինքն՝ նույն հայաստանցիները, սկսում են ճնշել, և նրանք փաստորեն այստեղ ևս ստանում են այդ նույն նեգատիվ ինֆորմացիան և, ուզած թե չուզած, այդ ամենն արդեն նրանց ուղեղի մեջ է մտնում: Մեզ համար շատ կարևոր է այդ մարդկանց բացատրել, որ պետք չէ ուրիշներին լսել, դուք ինքներդ կձևավորեք Ձեր վերաբերմունքն  այստեղ՝ Հայաստանում բնակվելով: Ես կոչ եմ նայում հայաստանցիներին, որ զգույշ լինեն և անիմաստ տեղը նման արտահայտություններ չանեն: Իհարկե, այստեղ խնդիրներ կան, սակայն պետք է ուրախանալ, որ մարդիկ գալիս են, և գալիս են լավ կրթություն ունեցող, հետաքրքիր մասնագիտություն ունեցող, հիմնականում այն մարդիկ, ովքեր նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանում, ովքեր պարզապես հերթական օբյեկտը չեն բացում, այլ ինչ-որ մի հետաքրքիր բան են փորձում մտածել և իրագործել: Դրա համար, կարծում եմ, որ շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ՝ պաշտոնյայից սկսած մինչև հասարակ քաղաքացի, հասկանա հայրենադարձության կարևորությունը և խրախուսի այդ պրոցեսը, թեկուզ ուղղակի չխանգարելով, թեկուզ ավելորդ անգամ չխոսելով, որ երկիրը երկիր չի, որովհետև մարդ,  իհարկե, կարող է ի վերջո վերադառնալ այն երկիրը, որտեղից եկել է:

Տեսանյութեր

Լրահոս