«Հովհաննավանքում կրկին ոստիկաններ կային, գնացել էի իրերս վերցնելու, չգիտեմ՝ եկեղեցին ումի՞ց են պաշտպանում». Տեր Սարգիս քահանա Սարգսյան
Տեր Սարգիս քահանա Սարգսյանը հոկտեմբերի 27-ին այցելել է Հովհաննավանք՝ իր իրերը վերցնելու, քանի որ այլ գյուղում պետք է արարողության մասնակցեր։
«Հովհաննավանքում կրկին ոստիկաններ կային, մի քանի հոգի էլ Ստեփան Ասատրյանի աջակիցներ էին։ Տեղանքը 24-ժամյա հսկողության տակ է։
Ես չգիտեմ՝ եկեղեցին ումի՞ց են պաշտպանում։ Երբ այդ մարդիկ նոր էին եկել Հովհաննավանք, հարցրեցի, թե՝ ինչո՞ւ եք եկել, պատասխանեցին, թե՝ ձեր անվտանգությունից ելնելով։
Ինքս այդ ոստիկաններին ասել եմ, որ մեկ տարուց ավելի է՝ ես Հովհաննավանք եմ գալիս և ինձ երբեք վտանգված չեմ զգացել այստեղ, դրա կարիքը չկա։ Իրենց նաև ասել եմ, որ ես որևէ մեկից վախենալու առիթ չունեմ, ինձ պատասխանել են, որ հիմա այլ է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Տեր Սարգիս քահանա Սարգսյանը։
Հարցին՝ Հովհաննավանքում հանդիպե՞լ է Ստեփան Ասատրյանին, նրա հետ որևէ զրույց ունեցե՞լ է, Տեր Սարգիսը պատասխանեց՝ այո, տեսել է նրան։
«Ես անցա, նա մարդկանց հետ կանգնած էր, ընդհանուր բարևեցի, ինքս, ճիշտն ասած, տրամադրություն չունեմ իր հետ շփվելու։ Հետո ինձ մոտեցան տղաներ, հետաքրքրվեցին, թե արդյո՞ք ես էլ եմ նրան կարգալույծ համարում, պատասխանել եմ, որ՝ այո, որովհետև նա ինձ համար այլևս քահանա չէ՝ Մայր Աթոռն իր պաշտոնական հայտարարությունն է արել, և ես ընդունում եմ այդ հայտարարությունը»,- հավելեց հոգևորականը։
Ինչ վերաբերում է այս կիրակի Հովհաննավանքում տեղի ունեցող միջոցառմանը և հարցին՝ մտավախություն չունե՞ն, որ հնարավոր է՝ այնտեղ բախումներ լինեն, Տեր Սարգիսը պատասխանեց, որ Առաքելական եկեղեցու հետևորդները երբեք բախման չեն գնա։
«Եթե մենք ուզենայինք, որ բախում լիներ, կիրակի ոչ թե կգնայինք, ամեն մեկս մի եկեղեցու ու հավատացյալների հետ կիրականացնեինք կիրակնօրյա պատարագ, այլ կգնայինք Հովհաննավանք։ Մենք բախում չենք ուզում ու չենք ուզում թույլ տալ պառակտում, որն ուզում են իրենք։ Ամեն մեկը պետք է հասկանա և չգնա այդ պատարագին»,- ընդգծեց Տեր Սարգիս քահանա Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Տեր Սարգիս քահանա Սարգսյանն այն մեկ տասնյակից ավելի հոգևորականներից է, ում հոկտեմբերի 15-ին վկայի կարգավիճակով բերման էին ենթարկել Երևան քաղաքի Քննչական վարչություն և ժամերով պահել այնտեղ։ Տեր Սարգիսն Արագածոտնի թեմի հոգևորական է, այս պահին թեմի հոգևոր առաջնորդ Մկրտիչ սրբազանը 2 ամսով կալանավորված է, 1 ամսով կալանավորված է նաև թեմի դպիր Տեր Գարեգինը։

