Ձկնային կրքեր Ազգային ժողովում

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին բավական բուռն արձագանքեց հատկապես իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ): Դեռ երեկվանից օրինագծի քննարկումը վերածվեց վեճի, փոխադարձ մեղադրանքներ հնչեցին ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հրությունյանի և ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանի, Արփինե Հովհաննիսյանի միջև: Օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է համապատասխան միջոցառումներ իրականացնել չկանոնակարգված ջրօգտագործման համար և վերանայել ՀՀ օրենքով սահմանված ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման համար բնօգտագործման վճարի հաշվարկման գործող կարգը, երբ ջրօգտագործման ամբողջ ծավալի փոխարեն բնօգտագործման վճարի հաշվարկման հիմքում դրված էր օգտագործված ջրի ծավալի միայն 5%-ը: Հիշեցնենք, որ երեկ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացնելով առաջարկը՝ ասում էր, որ գործող օրենքով ձկնաբուծարաններն իրենց կողմից օգտագործվող ջրի մեկ խորանարդ մետրի համար պետք է վճարեն 1 դրամ, սակայն նույն օրենքով կա արտոնություն, որ պետք է վճարվի այդ գումարի 5 տոկոսը: Այսինքն, եթե ձկնաբուծարանն օգտագործում է 1000 խմ ջուր, ապա դրա համար այժմ վճարում է ոչ թե 1000 դրամ, այլ՝ 50: Այժմ իրենք առաջարկում են, որ ձկնաբուծարանները վճարեն 500 դրամ: Ըստ Արամ  Հարությունյանի՝ 100 լիտր վայրկյան ջրատվություն ունեցող հորի համար եթե այժմ տարեկան վճարվում է 156 հազար դրամ, ապա այս փոփոխությունից հետո պետք է վճարվի 1 միլիոն 560 հազար դրամ (տես՝ այստեղ):

Իր դժգոհությունը քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտնեց նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով անմասն չէ ձկնաբուծության ոլորտից: Հիշեցնենք, որ «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ի ձկնաբուծարանը պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին, մասնավորապես՝ նրա եղբորը՝ ԱԺ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանին: Ընկերությունը գրանցված է Մխչյան գյուղում և հովանավորվում է Հովիկ Աբրահամյանի կողմից: Այս ընկերությունը նաև Հայաստան ձկան կեր ներկրող ամենախոշոր տնտեսվարող սուբյեկտներից մեկն է: «Սագատի Ֆիշ» և «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ները գրավում են ՀՀ-ում ձկան կերի շուկայի 80%-ը (տես՝ այստեղ):
Այսօր Ազգային ժողովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց նախագիծը բաժանել երկու մասի.  «Մենք հիմա խոսում ենք, որ ձկնարդյունաբերությունում կունենանք գնաճ, ի՞նչ ազդեցություն կունենանք: Բայց, ինչպես ես հասկացա, կառավարության խնդիրը այլ հացի է վերաբերում՝ ստորգրետնյա ջրային ռեսուրսների պահպանման խնդրին: Եթե մենք ասում ենք, որ ռեսուրսավճարը, այն արտոնությունը, որ ժամանակին կառավարությունը տվել է, հանում ենք, ապա ի՞նչ ազդեցություն կոնենա այն: Բայց դա ի՞նչ կապ ունի պաշարների հետ: Եթե գործարարը չվճարի բարձրացված գները, կշարունակի օգտագործել ստորգետնյա ջրային ռեսուրսները ու մենք ի՞նչ կշահենք: Մեր խնդիրն է՝ ստորգետնյա ջրային ռեսուրները պահպանել»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա ասաց, որ իրենք երեկ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ հարցը քննարկել են, քննարկմանը մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր, Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, և խնդիրը ընդունվել է այլ հարթությունում. «Մենք օգտագործում ենք 1.6 մլդ ջրային ստորգետնյա պաշարներ, բայց օգտագործում ենք 600-700 ավել: Չեմ էլ ուզում անդրադառնալ, թե ինչո՞ւ ենք այդքան թույլտվություններ տվել պաշարների օգտագործմանը: Մենք ժամանակին գիտեինք՝ որքան է մեր հնարավորությունը: Հիմա այդ 1.6 մլդ-ի մեջ ինչքա՞ն է ապօրինի օգտագործվում: Դա պետք է գույքագրենք, հասկանան՝  որքանը կարողանանք փակել, թույլ չտալ, որ հետագայում հասկանանք՝ ի՞նչ հարց ենք լուծում: Բերեք օրենքով սահմանափակենք, այսուհետ թույլ չտանք: Իմ կարծիքով՝ սա չպետք է կապել այն հարցի հետ, թե ձկնարդյունաբերության վրա ի՞նչ բացասական ազդեցություն կունենա»: Այնուամենայնիվ, ԱԺ նախագահը առաջարկեց ընդունել օրենքի նախագիծը, բայց Արամ Հարությունյանին հորդորեց ապագայում իրենց ներկայացնել համալիր ծրագիր, թե ինչպե՞ս է հարցը լուծվելու. «Սա ուղղակի ճիշտ կլինի, և ես հորդորում եմ կողմ քվեարկենք նախագծին, բայց առաջարկենք, որ համալիր ծրագիր ներկայացվի ԱԺ-ին»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ դիմելով Հովիկ Աբրահամյանին, հայտարարեց, թե խորհրդարանում քննադատությունը շահերի բախման արդյունք է. «Մեծ գործարարները, ովքեր ունեն լճեր, ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում, օրինակ՝  իմ թիկունքում նստած պարոն Աբրահամյանը, ով արտահերթ ելույթով հանդես եկավ ու փորձեց քննադատել օրենքի նախագիծը: Նա այստեղ ունի իր շահը՝ ակնհայտ է: Ակնհայտ է նաև, թե ում շահերն էր ներկայացնում Լյովա Խաչատրյանը, այստեղ էլ է ակնհայտ խտրական մոտեցումը: Ո՞վ չգիտի, որ ՀՀ-ն իրավական երկիր չէ ու կարող են նրանք դուրս մնալ մրցակցությունից և մեծ տնտեսվարողներին մրցակցությանը դիմանալը հեշտ է, որովհետև նրանք կարող են 300.000 դրամը մուծել խախտումներ կատարելու դեպքում, իսկ փոքրները, իհարկե, դուրս կմնան: Ակնհայտ է այս ամենը: Բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ կառավարությունը՝ չկարողանալով կազմակերպել իր աշխատանքը, փորձում է այս միջոցով կարգավորել, պատժամիջոցներ կիրառել ու վերահսկել իրավիճակը: Պետք է վերացնել մենաշնորհները, ոչ թե նման փորձ կատարել, սանկցիաների միջոցով կատարել հարցը: Ես չեմ հավատում, որ սանկցիաները կլուծեն հարցը, որովհետև մեծերը կվճարեն, իսկ փորքրերը (ձեռնարկատերերը,-Տ.Մ.) դուրս կմնան մրցակցությունից:  Ակնհայտ երևում է, թե ինչպե՞ս են ատամներով իրենց շահը պահում խորհրդարանում նստած մեծ ձեռնարկատերերը: Պարոն Աբրահամյան, ես Ձեզ խորհուրդ կտայի, որ գոնե դուք արտահերթ ելույթով հանդես չգայիք, ու չմատնեիք մեծ տնտեսվարող սուբյեկտների ախորժակը: Տգեղ երևույթ է, որ հասկանում ես հայոց խորհրդարանում այս պահին շահերի բախում է տեղի ունեցել ու ամեն մեկը ատամներով իր շահերն է պահում: Ատամներով պաշտպանեք հասարակության շահը, ոչ թե ձեր անձնական շահերը»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս