Կառավարությունը ջրից փող է շինում
Դեկտեմբերի 10-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են 19 օրենսդրական նախագծեր և մեկ միջազգային պայմանագիր: Այդ նախագծերի մեծ մասի ընդունումը պետք է ապահովի 2014թ. բյուջեի իրականացումը. դրանք պետք է ընդունվեն, որպեսզի ավելի շատ փող հավաքվի, և ապահովվի բյուջեի եկամտային մասը: Բայց արդյոք այդ բոլոր փոփոխությունները կարո՞ղ են ընդունվել: Երեկ ԱԺ-ում տեղի ունեցած քննակումներից այնպիսի տպավորություն էր, որ նույնիսկ ՀՀԿ-ական մեծամասնությունը դեմ է կառավարության որոշ առաջարկներին:
Այդ օրենսդրական նախագծերից մեկը վերաբերում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների» մասին օրենքում փոփոխություն կատարելուն: Կառավարությունն առաջարկում է միանգամից 10 անգամ բարձրացնել ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի համար գանձվող բնօգտագործման վճարը:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացնելով առաջարկը՝ ասում է, որ գործող օրենքով ձկնաբուծարաններն իրենց կողմից օգտագործվող ջրի մեկ խորանարդ մետրի համար պետք է վճարեն 1 դրամ, սակայն նույն օրենքով կա արտոնություն, որ պետք է վճարվի այդ գումարի 5 տոկոսը: Այսինքն, եթե ձկնաբուծարանն օգտագործում է 1000 խմ ջուր, ապա դրա համար այժմ վճարում է ոչ թե 1000 դրամ, այլ՝ 50: Այժմ իրենք առաջարկում են, որ ձկնաբուծարանները վճարեն 500 դրամ: Ըստ Արամ Հարությունյանի՝ 100 լիտր վայրկյան ջրատվություն ունեցող հորի համար եթե այժմ տարեկան վճարվում է 156 հազար դրամ, ապա այս փոփոխությունից հետո պետք է վճարվի 1 միլիոն 560 հազար դրամ: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հարց ուղղեց, թե ջրի գնի 10-անգամյա բարձրացումն ի՞նչ հետևանքներ կունենա արտադրվող ձկան ինքնարժեքի վրա: Արդյոք այն սթրես չի՞ առաջացնի ձուկ արտադրողների մոտ, արդյոք նրանք անմրցունակ չե՞ն դառնա միջազգային շուկայում, որտեղ, առանց այն էլ, սուր մրցակցություն կա: Նախարար Արամ Հարությունյանը պատասխանեց, որ մասնագետների հաշվարկով՝ ձկան ինքնարժեքը կարող է բարձրանալ 2-3 տոկոսով, այսինքն՝ աճը կլինի աննշան:
Սակայն Արամ Հարությունյանն այնքան ազնիվ չէ, որ հայտարարի, թե այս փոփոխությունն արվում է, որպեսզի բյուջեում մի քանի հարյուր միլիոն դրամ ավելի փող հավաքվի: Նա այս փոփոխությունը բացատրում է, իբրև թե, Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներն ավելի արդյունավետ և խնայողաբար օգտագործելու մտահոգությամբ, ասում է, որ ջրի հորիզոնը 10 մետր իջել է, և, որ շատ վայրերում հորերն այլևս չեն ինքնաշատրվանում, որ ջրային պաշարներն այնքան անխնա են օգտագործվում, որ դրանք չեն հասցնում վերականգնվել:
Եթե օգտագործվող ջրի համար վճարի այս բարձրացումը ձկան ինքնարժեքի վրա աննշան ազդեցություն է ունենալու, ձկան մեկ կիլոգրամը թանկանալու է 30-50 դրամով, ապա դա դժվար ստիպի ձուկ արտադրող ընկերություններին՝ կրճատել ձկան արտադրության ծավալները և ավելի քիչ ջուր օգտագործել: Նշանակում է, որ այս փոփոխության բնապահպանական ազդեցությունը զրոյական է:
Գրեթե նույն մտահոգությունն ունի ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը: Նա ասում է, որ Արարատյան դաշտի ջրային ավազանի պաշարների արդյունավետ օգտագործումը ոչ թե տնտեսական, այլ բնապահպանական հարց է: «Ջրի գինը բարձրացնելով՝ հնարավոր չէ այս հարցը լուծել»,- ասում է Այվազյանը: Ըստ նրա՝ եթե անգամ ջրի գինը 500 անգամ էլ բարձրացվի, միևնույն է, եթե լինի ձկան պահանջարկ, ապա ջուրն օգտագործվելու է: Այվազյանը տեղյակ է, որ այսօր Հայաստանում գործող ձկնաբուծարանների կողմից օգտագործվում է 4700լ/վ ջուր, մինչդեռ պետք է այս ծավալը գրեթե չորս անգամ իջեցվի և հասցվի 1200լ/վ-ի, որպեսզի ջրի պաշարները հասցնեն վերականգնվել: «Ոչ թե ջրի գինը բարձրացրեք, այլ ստիպեք, որ ձկնաբուծարանները հրաժարվեն անընդհատ հոսող ջրի գաղափարից և ջուրը թթվածնով հագեցնող սարքավորումներ տեղադրեն ձկնաբուծարաններում: Թույլատրեք միայն այն ձկնաբուծարանների գործունեությունը, որոնք աշխատում են նման սարքերով»,- ասաց Այվազյանը:
Բնապահպանության նախարարի ներկայացրած այս փոփոխությանը դեմ հանդես եկան նաև ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը և Խոսրով Հարությունյանը: Նրանք ևս պահանջում էին, որ Բնապահպանության նախարարությունը ներկայացնի այնպիսի առաջարկ և լուծումներ, որոնք կապահովեն ջրային պաշարների առավել արդյունավետ օգտագործումը: Հարցի քննարկումը հետաձգվեց մինչև վաղը:
Դժվար է ասել, թե ինչպես կքվեարկեն այս նախագծին դեմ հանդես եկող պատգամավորները, բայց պարզ է մի բան. կառավարությանը շատ քիչ են հետաքրքրում բնապահպանական խնդիրները: Կառավարությանը տարեցտարի պետք է ավելի շատ փող հավաքել, և դա արվում է ամեն տեսակ տուրքերն ու հարկերը բարձրացնելու ճանապարհով: Արամ Հարությունյանն ասում է, որ ինքը կողմ է, որպեսզի ընդհանրապես արտոնությունը հանվի, և հնարավոր է՝ մյուս տարի նախագիծ ներկայացվի, որ մեկ հորի համար ոչ թե 1 միլիոն 560 հազար փող վճարվի, այլ 3 միլիոն 120 հազար՝ դարձյալ բնապահպանական նկատառումներից ելնելով: Փաստ է նաև, որ որքան կառավարությունն ավելի շատ է զբաղվում բնապահպանությամբ, ջրի օգտագործման ծավալներն ավելի են մեծանում: Մի օր, իհարկե, այլևս ջուր չի լինի, և բնօգտագործման վճար էլ չի լինի, բայց դա այսօրվա օրով ապրող իշխանությանը շատ քիչ է հետաքրքրում: