ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի Կոնֆերենց դահլիճը կարող է վերածվել բուֆետի (տեսանյութ, լուսանկարներ)
Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) բուֆետները չեն գործում, և որոշ ֆակուլտետներում բուֆետներին փոխարինելու են եկել այլընտրանքային արագ սննդի ծառայությունները: Նման մի ծառայություն նախատեսվում է բացել նաև Ֆիզիկայի ֆակուլտետում, իսկ որպես արագ սննդի մատուցման վայր՝ ընտրվել է ֆակուլտետի Կոնֆերենց դահլիճը: Նշենք, որ այդ դահլիճում կազմակերպվում են տարբեր գիտաժողովներ, տեղական և միջազգային սեմինարներ, կոնֆերանսներ: Կոնֆերենց դահլիճը սննդի մատուցման վայրի վերածելու նորությունը լուրջ իրարանցում է առաջացրել Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների շրջանում: Այս առնչությամբ Ֆիզֆակի ուսանողներն անգամ Facebook-ում էջ են բացել`«Չենք տալիս մեր Կոնֆերենցը» անվանումով:
Այս առնչությամբ 168.am-ը զրուցեց Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանի հետ: Դեկանի խոսքով` մի կողմից՝ համալսարանի բուֆետները չեն աշխատում, իսկ մյուս կողմից՝ բազմահազարանոց հիմնարկն անպաման պետք է ճաշարան ունենա, որովհետև մարդիկ առավոտից մինչև ժամը 17:00-18:00-ը, անգամ ժամը 19:00-ը, այդտեղ են լինում, դեռ հեռակա ուսուցում էլ կա, ուստի որոշվել է ժամանակավոր նման բուֆետների գործունեության համար մի տարածք հատկացնել, որտեղ պարզապես կվաճառեն հատով ապրանքներ, ու ուսանողներն այդտեղ կկարողանան արագ որևէ բան ուտել:
Դեկանը նշում է, որ իրենք ընտրության ընդամենը 3 տարբերակ ունեն. առաջին տարբերակով՝ հատկացել լսարաններից մեկը, սակայն դրանց թիվն արդեն իսկ քիչ է, և, բացի այդ, կիսամյակի կեսին լսարան ազատել չեն կարող, քանի որ բոլոր դասացուցակներն արդեն կազմված են: Երկրորդ տարբերակով՝ պետք է օգտագործեն Կոնֆերենց դահլիճը, որտեղ անցկացնում են տարբեր սեմինարներ և գիտխորհրդի նիստերը, կամ էլ պետք է ընդհանրապես բուֆետ չունենան: «Այս երեք տարբերակներից մենք ընտրեցինք չարյաց փոքրագույնը` Կոնֆերենց դահլիճի մի մասը կտրամադրենք այդ արագ սննդի մատուցման համար, իհարկե՝ ժամանակավոր»,- ասաց Ռ. Ավագյանը` նշելով, սակայն, որ տվյալ դեպքում կարող է օգտագործվել Կոնֆերենց դահլիճի մի կեսը միայն, իսկ մյուս կեսում կտեղավորեն գիտաժողովների դահլիճի տեխնիկան և մյուս իրերը, ու այդ տարածքը կառանձնացնեն վարագույրներով, որպեսզի դրանք չվնասվեն:
«Տարվա այս ժամանակաշրջանում Կոնֆերենց դահլիճը համեմատաբար ավելի քիչ է օգտագործվում: Բացի այդ, այդտեղ կազմակերպվող միջոցառումները հիմնականում տեղի են ունենում ժամը 2-3-ից հետո, ուստի ժամանակավոր կարելի է մեկ այլ նորմալ վերանորոգված լսարանում անցկացնել դրանք, մինչդեռ, օրինակ, Կոնֆերենց դահլիճում դաս անցկացնել չենք կարող, այն դասերի համար այդքան էլ հարմար չէ»,- ասաց Ռ. Ավագյանը` նշելով, որ իրենց տեղեկացրել են, որ այս ամենը ժամանակավոր է, և շուտով նշյալ տարածքները կվերադառնան իրենց նախկին տեսքին:
Իսկ թե ինչո՞ւ չեն գործում համալսարանի բուֆետները, և որքա՞ն ժամանակով են նշյալ տարածքները վերածվելու բուֆետների: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանի տեղեկացմամբ՝ ճաշարանների փակ լինելու հիմնական պատճառը դատական քաշքշուկն է` համալսարանի բուֆետների շահագործմամբ զբաղվող ընկերության հետ:
«Մենք նախկինում պայմանագիր էինք կնքել մի ընկերության հետ, որը համալսարանում սննդի ծառայություններ էր մատուցում ու զբաղվում էր մեր բուֆետների շահագործմամբ: Այժմ մենք փորձում ենք այդ պայմանագիրը լուծարել, քանի որ պայմանագրի տարբեր կետերը նրանց կողմից չեն կատարվել, սակայն նշյալ կազմակերպությունը չի համաձայնվում մեր առաջարկած պայմաններին`նշելով, որ իրենք բավականին մեծ գումար են ներդրել` մոտ 30 մլն դրամ, այդ սննդի ծառայությունները համալսարանում կազմակերպելու համար»,- ասաց Կ. Գրիգորյանը` նշելով, որ իրենք նշյալ ընկերությանն առաջարկել են փոխհատուցել ծախսերը: Սակայն դեռևս պետք է պարզել՝ արդյոք 30 մլն դրամի ներդրում կատարվե՞լ է սննդի ծառայություններ մատուցելու համար, թե՞ ավելի քիչ ներդրում է արվել: Մինչ այս ամենի պարզելը՝ այս ընթացքում կողպված են համալսարանի բուֆետները, և համալսարանը դատական քաշքշուկների մեջ է: Որոշում է կայացվել այլընտրանքային սննդային կետեր ստեղծել, որն, ըստ մեր զրուցակցի` նախևառաջ ուսանողների ցանկությունն է, և դա արվում է հենց նրանք համար:
Օրինակ` Ֆիզիկայի ֆակուլտետի պարագայում, ըստ Կ. Գրիգորյանի` ուսանողներն են դիմել, որ ցանկանում էին բուֆետ ունենալ: «Ոչ մեկը Կոնֆերենց դահլիճը կամ գիտաժողովների սրահը չի վերածում բուֆետի, այս ամենը ժամանակավոր է` ընդամենը տարածքի մի մասը ժամանակավորապես մեկ ամսով հատկացվելու է, որ այդ ծառայությունները մատուցվեն, ընդամենը մեկ ամսվա մասին է, մինչ դատական քաշքշուկի ավարտն ու նոր մրցույթի ու բուֆետները շահագործող նոր ընկերության ի հայտ գալը»,- ասաց Կ. Գրիգորյանը` նշելով, որ այս աղմուկը Ֆիզիկայի ֆակուլտետում ավելի շատ հրահրվել է, քան տեղի ընտրության հարցն է, քանի որ դա ժամանակավոր է, և բոլորը գիտեն, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, և դա այն հարցը չէ, որ կարելի է հանրային քննարկման թեմա դարձնել:
Որքանո՞վ են վստահ, որ այդ դատական քաշքշուկը մեկ ամիս կտևի, և կոնֆերանսների դահլիճը մեկ ամսից կվերադառնա իր նախկին գործունեությանը: «Ես վստահ չեմ, կարող է մեկ ամիսը վերածվի երկու ամսի, բայց, եթե մենք տեսնենք, որ խնդիրը երկարում է, արդեն այլ ճանապարհ կգտնենք»,- ասաց Կ. Գրիգորյանը: Իսկ հարցին, թե այժմ հնարավոր չէ՞ խնդրի լուծման այդ ճանապարհը միանգամից գտնել, որպեսզի այսքան աղմուկ չլինի, նա պատասխանեց. «Ախր իրենք էին ուզում, հիմա եթե իրենք պատրաստ են սպասել այնքան, որ տեսնենք, թե ինչ է հնարավոր անել, դատական գործընթացն ո՞ւր է գնում… չէ՞ որ հենց նրանք էինք ցանկացել արագ սննդի մի կետ ունենալ»,- ասաց Կ. Գրիգորյանը` կրկնելով, որ ուսանողների ցանկությունն է եղել՝ ունենալ սննդի կետ, և, եթե հիմա իրենք դա չեն ուզում՝ որևէ մեկը չի կարող դա պարտադրել:
Ի դեպ, մենք այցելեցինք նաև համալսարանի որոշ ֆակուլտետներում գործող նշյալ սննդի այլընտրանքային ժամանակավոր տարածքներ, որտեղ գները համեմատաբար թանկ էին: Ուսանողների շրջանում մեր հարցումները ցույց տվեցին, որ նրանք հիմնականում դրանցից չեն օգտվում և նախընտրում են մոտակա կրպակներն ու սրճարանները, ոմանք անգամ տեղյակ չէին դրանց գոյության մասին: Իսկ սննդի որակի և առաջարկվող տեսականու մասին շատերը նախընտրեցին չխոսել:
ԵՊՀ Հասարայնության հետ կապերի և լրատվության վարչության պետը նշում է, որ նշյալ այլընտրանքային ժամանակավոր սննդի կետերում իրենք համակարգային վերահսկողություն չեն կատարում, թեև համալսարանի աշխատակիցները երբեմն այցելում են և խորհուրդներ տալիս մատակարարներին: Ըստ Կ. Գրիգորյանի՝ համակարգային վերահսկողություն սննդի որակի և գնի առնչությամբ կկատարվի մրցույթով հաղթած կոնկրետ ընկերության դեպքում, ով կսկսի շահագործել համալսարանների բուֆետները, և ում հետ պայմանագրի կետերով կնշվեն նաև այդ պահանջները:
Ի դեպ, Կ. Գրիգորյանը նշեց նաև, որ հենց այդ պայմանագրային կետերի խախտման արդյունքում է նաև որոշում կայացվել լուծարել համալսարանի բուֆետների շահագործմամբ զբաղվող ընկերության հետ պայմանագիրը: «Այսինքն` եթե հիմա Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները դժգոհ են և չեն ցանկանում՝ այդ տարածքում սննդի ծառայություններ լինեն, ապա չեն լինի, դա հենց նրանց համար է կատարվում, քանի որ հենց նրանք էին դիմել համալսարանի ղեկավարությանը` այդ հարցը կազմակերպելու համար. այստեղ պարտադրական բան չկա»,- ասաց Կ. Գրիգորյանը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նաև Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռ. Ավագյանը` նշելով, որ ընտրության հնարավորությունը թողել է ուսանողներին և սպասում է նրանց ընտրությանը: Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռ. Ավագյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում: