Բաժիններ՝

Մեր կյանքը վտանգված է, բայց կառավարությունը մեզ չի ցանկանում լսել

168.am-ը որոշ ժամանակ առաջ անդրադարձել էր Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող բազմաբնակարան  բնակելի շենքերի խնդրին: Թեպետ մինչ այդ էլ բնակիչները բազմաթիվ նամակներ էին ուղղել մարզպետարանին և կառավարությանը, սակայն մեր կայքում հոդվածի հրապարակումից հետո Լենուղիի բնակիչները հարկ են համարել ևս մեկ անգամ կառավարությանը հիշեցնել իրենց խնդրի մասին: Հերթական նամակից  հետո, որը ստորագրել են շենքի բոլոր բնակիչները, հակառակ բոլոր սպասումների՝ կրկին  մերժում են ստացել:

«1988-ից ապրում ենք արտակարգ պայմաններում: Մեր կյանքը վտանգված է, բայց կառավարությունը մեզ չի ցանկանում լսել, մի քանի օր առաջ ենք ստացել հերթական պատասխանը՝ նամակների տարեթվերը տարբեր են, բովանդակությունը նույնն է, միաձայն մերժում են, ասում են՝ փող չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Լենուղիի բնակչուհի Կարինեն՝ ավելացնելով, որ գյուղացիների համբերության բաժակն արդեն լցվում է:

«Արդեն 25 տարի է՝ էստեղ ենք, ոչ մեկը չի եկել հարցնի, թե՝ ո՞նց եք, էս խոզանոցի մեջ, էս պայմաններում ո՞նց եք ապրում»,- մարզպետարանի հերթական մերժումից կրկին բարկանում է տիկին Ամալյան ու հավելում, որ մարզպետարանում իրենց բոլորն են ճանաչում:

«Ամիսը մեկ մարզպետարանի առաջ կանգնած ենք, գնում ենք, խնդրում ենք, աղաչում, բողոքում, բայց մեկ ա, բան չի փոխվում»,- հիասթափված ասում են գյուղացիները:

Կարդացեք նաև

lenuxi (1)

Լենուղի համայնքում 4-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող ու քանդման ենթակա շենքերը երեքն են: Այդ շենքերում բնակվում է 29 ընտանիք, ավելի քան հարյուր մարդ: Նրանք ապրում են առանց կենցաղային որևէ պայմանի, զուրկ են սանհանգույցից ու խոհանոցից:

Միայն վերջերս, 25 տարվա ընթացքում մարզպետարանն ընդամենը մեկ բնակչի խնդրի է ուշադրություն դարձրել: Լենուղիի բնակչուհի Ծովինարը 6 երեխաների մայր է:  Երեք սենյականոց բնակարանից միայն մեկն է, որտեղ հատակը քիչ թե շատ չի ճոճվում, պատերն ամբողջովին խոնավացած չեն, ու առաստաղի ծեփերը չեն թափվում: Հյուրասենյակը նաև ննջասենյակ է, խոհանոց ու բաղնիք: Հենց հյուրասենյակի կենտրոնում Ծովինարը տաշտի մեջ լողացնում է երեխաներին. ընդհանուր օգտագործման բաղնիքը շենքի հետևի հատվածում է, բնակարանից բավականին հեռու: Շուտով Ծովինարի ընտանիքը վթարային շենքից կտեղափոխվի, սակայն, ոչ թե նոր բնակարան, այլ գյուղի չգործող կիսաքանդ մանկապարտեզի ճաշարանի շենքը:

«Ասեցին՝ քեզ համար լավ նորություն ունենք՝ տեղափոխվում ես»,- հիշում է Ծովինարն ու հավելում, որ իր ուրախությունը կարճ է տևել: Նպաստառու ընտանիքը չի էլ պատկերացնում, թե ինչպե՞ս է վերականգնելու մինչև հիմքը քանդված հատակն ու շենքն առհասարակ, որ գոնե կարողանան ապրել: Միակ մխիթարանքն այն է, որ պատերը ճաքած չեն, ու խոնավության հոտ չի գալիս:   Այսքանով հանդերձ, սա միակ ընտանիքն է, որին տրվել է կյանքի համար վտանգավոր համարվող շենքից հեռանալու ինչ-որ հնարավորություն: Մնացած ընտանիքները դեռ սպասում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս