Երիտասարդությունը կայացրեց մի միջավայր, որը Հայաստանն է

«Մոտ մեկ տարի խոսում ենք մի հարցի մասին, որը Հայաստանի համար ֆունդամենտալ նշանակություն ունի. տարածաշրջանը, մոլորակը խորը վայրիվերումների մեջ է, և գնալով ավելի լուրջ և բազմաշերտ են դառնալու մարտահրավերները, ինչը և տեղի է ունենում»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա առաջին հերթին, որպես նախաբան, խոսեց Հայաստանի անկախության իրական աստիճանի մասին` նշելով, որ ֆորմալ տեսակետից` Հայաստանն անկախ երկիր է, քանի որ ժամանակակից աշխարհում անկախ է համարվում յուրաքանչյուր պետություն, որն ունի «դրոշ, սահմանադրություն և նախագահի ավտոմեքենա»:

«Բայց մենք չունենք պետական համակարգ, որում լինի գոնե մեկ սեփական միտք…մենք թութակի պես կրկնում ենք այն, ինչ մեզ հրամցնում են, մենք չունենք օրենքներ, որոնք մենք ենք գրում, անհայտ է` որտեղ են գրվում մեր օրենքները, ինչ նպատակով: Մենք դրանք սուսուփուս ընդունում ենք…Այնպես որ, Հայաստանը բացարձակապես անկախ չէ»,- շարունակեց Աշոտ Մանուչարյանը:

Ըստ նրա` հենց այս իրավիճակում, երբ արտաքին ուժերի կողմից ճնշումը գնալով մեծանում է Հայաստանի վրա, կարևոր էր ձեռք բերել անկախություն, ինչով էլ կարևորվեց տրանսպորտի սակագնի հարցի շուրջ հասարակական համախմբումն ու ընդվզումը:

«Եվ մեկ էլ մի նվեր` հուլիս ամսին ճեղքման մի փորձ: Սկսվեց մի տարերային, կարծես նորմալ դարձած գործողությունից. չգիտես` ում, չգիտես` ինչ խնդիր էր պետք լուծել, և ինչ-որ խժդժոց սկսվեց, մեկը գները բարձրացրեց, չհասկացավ, թե ինչու (չգիտեմ` մինչև հիմա հասկացե՞լ, թե ոնց եղավ, որ ինքը բարձրացրեց տրանսպորտի գները), մյուսն ասաց` «էս ի՞նչ ես անում», և այլն: Բայց մեկ էլ թատերաբեմ դուրս եկավ երիտասարդությունը: Միգուցե, ինչ-որ մեկը դուրս եկավ ոչ ինքնուրույն, բայց երիտասարդությունը դուրս է եկել ինքնուրույն, և ամենակարևորը նա կատարեց  մի գործողություն, կայացրեց մի միջավայր, որը Հայաստանն է: Էդ Հայաստանը ոչնչի հետ չես խառնի, սա սահմանադրական կարգ չէ, սա էս կողմից, էն կողմից ստացած անցուդարձ չէ: Երբ մարդիկ սկսում են մարդկանց մեքենաներով տանել, երբ բոլորն իրար ժպտում են, ողջունում են, երբ ստեղծվում է մեծ հույս ամբողջ մթնոլորտի մեջ, դա արդեն Հայաստանն է, երիտասարդները ստացան այդ Հայաստանը»,- այսպես վերլուծեց Աշոտ Մանուչարյանը:

Կարդացեք նաև

Չնայած որ այս զարգացումները, Մանուչարյանի խոսքերով, տևեցին «մի ակնթարթ», սակայն, միևնույն է, դա, ըստ նրա, մեծագույն հնարավորություն է, հատկապես երբ այդ հնարավորությունն ամրապնդվեց ազատամարտիկների ելույթներով:

«Ահա այսպիսի կարևորագույն ճեղքման փորձ է կատարվում Հայաստանում, և մեծ շանս կա, որ Հայաստանը, որպես անկախ մի երկիր, կմտնի այս ընդհանուր մոլորակային գործընթացների մեջ և կկարողանա մտածել, հասկանալ, թե ուր պետք է գնալ, և գուցե հենց իր առաջարկներով մարդկությունը կարողանա դուրս գալ այն ճահճից, որում հայտնվել է»,- ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի կողմից հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման մասին որոշման ժամանակավոր կասեցումից հետո բողոքի ակցիաները քաղաքապետարանի դիմաց շարունակվում են, և այժմ մի խումբ ակտիվիստներ պահանջում են անվավեր ճանաչել վերոնշյալ որոշումն ու պաշտոնանկ անել  քաղաքապետարանի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների:

Մեր հարցին, թե այժմ որ խնդիրները պետք է առաջադրի քաղաքացիական հասարակությունը և ինչպես պետք է շարունակի իր պայքարը, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց. «Գիտեք, բավական ինտենսիվ բանակցություններ էին գնում և´ երիտասարդության տարբեր խմբերի, և´ ազատամարտիկների միջև, և այնտեղ մասնակցել են նաև մտավորականության տարբեր ներկայացուցիչներ: Ես գիտեմ, որ քաղաքական ուժերից են շատերը մոտեցել և բանակցել: Այն, որ քաղաքական ուժերի հանդեպ որոշակի զգուշավորություն կա, դա շատ նորմալ է, որովհետև քաղաքական ուժերն իրենք մանիպուլյատիվ դաշտում են, բայց մյուս կողմից էլ նրանք ունեն կուտակած փորձ: Սակայն ամենակարևորը` ձևավորվել է միջուկը, որը դրել է մեկ հարց` Հայաստանի պետությունը արտաքին ազդեցությունների տակ է և գործում է ընդդեմ երկրի` ոչնչացնելով երկիրը: Հիմա նրանք ստեղծում են երկրի տիրոջ համակարգը (այդպես էլ արտասանել են մի քանի տեղերում), այսինքն` ժողովուրդը ամբողջականացվում է, սկսում են խոսել բոլոր հարցերով, ինչպես տրանսպորտի հարցով էր, և այս համակարգը լինելու է պարտադրող և´ պետական համակարգի և´ կուսակցությունների համար»:

Տեսանյութեր

Լրահոս