Անհայտ կորածների ճակատագրին առնչվող դուբլինյան քննարկումներից հետո Բաքուն Երևանի դեմ առաջ է քաշում «անցումային արդարադատության» թեզը

Նոյեմբերի 12-ին Դուբլինում ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը «ոտքի վրա» շփումներ են ունեցել, որի ժամանակ շոշափվել է անհայտ կորած համարվող անձանց ճակատագրի հարցը: Հաջորդ ամիս նախատեսվում է Ալեն Սիմոնյանի այցն Ադրբեջան, ոչ Բաքու քաղաք: Թե կոնկրետ որտեղ, դեռ հայտնի չէ:

Իսկ մինչ այդ նոյեմբերի 19-20-ին Երևանում անցկացվել է «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողով: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Կառավարության անդամներ, միջազգային և տարածաշրջանային փորձագետներ, իրավապաշտպաններ և անհայտ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներ։

Համաժողովում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է.

«Մենք ունենք բազմաթիվ անհայտներով լուծելու խնդիր։ Սրանում է պրոբլեմը: Եվ երբ երբեմն քննարկումներ ենք ունենում գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատների հետ, նրանք ուզում են ստանալ կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխաններ, հենց ամենաբարդ իրավիճակը դա է, որ հարցերի պատասխաններ պարզապես չկան, և խնդիրն այդ հարցերի պատասխանները գտնելն է: Բազմաթիվ հարցերի պոտենցիալ պատասխաններ ակնհայտորեն գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից և նույնիսկ Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորություններից դուրս: Այս խնդրի լուծման ամենաարդյունավետ ձևը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է։

Կարդացեք նաև

Որովհետև տրամաբանորեն մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն օբյեկտիվորեն Ադրբեջանում են՝ կոնկրետ որտե՞ղ, դա արդեն հետագա քննարկման և պարզաբանման առարկա է: Իհարկե, նրանց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ էլ օբյեկտիվորեն պիտի որ գտնվեն Հայաստանի Հանրապետությունում՝ կոնկրետ որտե՞ղ, ո՞ր հասցեում, ո՞ւմ մոտ, դա արդեն հետագա պարզաբանման խնդիր է: Մենք մեր կողմից արտահայտել ենք և արտահայտում ենք պատրաստակամություն՝ աշխատել այդ հարցերի պարզաբանման ուղղությամբ, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ»:

Իր հերթին՝ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հավելել է, որ ադրբեջանական կողմը շատ հետաքրքրված է անհետ կորածների հարցով և հայկական կողմին աշխատանքային պլանի նախագիծ է ներկայացրել:

«Առաջին պատերազմից բավականին մեծ ծավալով տվյալներ հիմա մենք դժվարանում ենք գտնել, հասանելիություն ապահովել չկա»,- ընդգծել է նա՝ տեղեկացնելով, որ ուսումնասիրում են Կիպրոսի փորձը, որը հնարավորություն է տալիս լուսանկարների, գոյություն ունեցող արխիվների համադրմամբ, ճանապարհ, երթուղիներ վերականգնել և կոնկրետ տեղերում կազմակերպել որոնողական աշխատանքներ:

Սիմոնյանը չի բացառել, որ այն մարդիկ, ովքեր անհայտ կորած են, կարող են ողջ լինել։

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունն այսօր առերեսվում է շուրջ 1000 անհայտ կորած անձանց խնդրի հետ, նրանցից շուրջ 777-ն անհայտ կորած են համարվում դեռևս 90-ականների սկզբից: 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի անհետ կորածների թիվը գերազանցում է 190-ի սահմանը: Բայց մենք անհետ կորածներ ունենք նաև 2023 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող Հայկազով կոչվող զորամասի բենզինի պահեստի տարածքում տեղի ունեցավ պայթյունի հետևանքով՝ մոտ 20 հոգի: Ադրբեջանական կողմի առաջին պատերազմի ժամանակից անհայտ կորածների թիվը մոտ 4000 է, 44-օրյա պատերազմում անհետ կորած է համարվում ադրբեջանցի 6 զինծառայող:

Իսկ Բաքուն, նախքան ՀՀ ղեկավարությանն աշխատանքային կամ գործողությունների պլան ներկայացնելը, գործարք էր առաջարկել ՀՀ քաղաքացիներին: Ընդ որում, ադրբեջանական կողմը ոչ միայն խոսում է, որ իրենց անհայտ կորածների ընտանիքներն ու հարազատներն իրավունք ունեն իմանալու ճշմարտությունը, հասնեն արդարության և ստանան փոխհատուցում, այլ, որ «անհրաժեշտ է իրավական գնահատական տալ ադրբեջանցիների դեմ հայերի «իրականացրած ցեղասպանությանը», և առավել ակտուալ է դառնում»:

Ինչպես հայտնի է՝ Բաքուն ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորած անձանց համատեքստում պահանջել է ազգային դատարաններում և միջազգային իրավակիրառ մարմիններում պատասխանատվության ենթարկել հայ հրամանատարներին և ազատամարտիկներին, հասկացրել, որ «պատերազմական հանցագործությունների» թեման խաղաղության օրակարգից դուրս է:

«Բաքուն սեղմում է օղակը Փաշինյանի շուրջ. Նոր պահանջներ, այդ թվում՝ գեներալներին առնչվող» վերտառությամբ հոդվածում անդրադարձել ենք Ալիևի պահանջին, ըստ որի՝ «հայկական պատերազմական հանցագործությունների» հետևանքով շուրջ 4000 ադրբեջանցիների ճակատագրի մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ», երբ Հայաստանում «ազատ ապրում են Հայաստանի ԶՈւ գեներալներ, որոնք տեղեկություններ ունեն ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների մասին»: Բաքուն նույնիսկ գեներալների կոնկրետ անուններ է տվել՝ Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, Գուրգեն Մելքոնյանը, Արշավիր Ղարամյանը, Կամո Վարդանյանը, Կարեն Գրիգորյանը, Արթուր Աղաբեկյանը, Վիտալի Բալասանյանը, Վարդան Բալայանը և այլք…

Եվ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ՝ «Ադրբեջանին հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ օբյեկտիվորեն պիտի որ գտնվեն Հայաստանի Հանրապետությունում», և թե՝ «կոնկրետ որտե՞ղ, ո՞ր հասցեում, ո՞ւմ մոտ, դա արդեն հետագա պարզաբանման խնդիր է», այստեղ, ըստ էության, Ալիևի վերը նշված հստակ պահանջն է: Արդյո՞ք Փաշինյանը պատրաստ է հարցաքննել այս գեներալներին, հատկապես, երբ Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրում վտանգներ պարունակող համապատասխան կետ կա:

Այլ հարց է՝ երբ Փաշինյանն ասում է, որ՝ «մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն օբյեկտիվորեն Ադրբեջանում են», նույնքան Բաքվի օրինակով կոնկրետ մշակել են զինվորականների շրջանակ, որոնց մոտ կարող են լինել հայկական կողմի անհայտ համարվող անձանց ճակատագրի հետ կապված հարցերի որոշ պատասխաններ: Գուցե՝ այո, գուցե՝ ոչ: Համենայնդեպս, Երևանը, ի տարբերություն Բաքվի՝ երբեք հրապարակավ կոնկրետ անուններ և պահանջներ չի ներկայացրել, և հարցը դիտարկել է միայն հումանիտար հարթությունում, և ոչ երբեք՝ արդարադատության:

Վերադառնալով անհայտ կորածներին առնչվող դուբլինյան քննարկումներին և Երևանում կազմակերպված համաժողովին հաջորդած ադրբեջանական արձագանքներին, նշենք, որ ալիևյան պահանջներն առաջ տանող լրատվամիջոցներն իրար հերթ չտալով՝ սկսեցին մեղադրական հոդվածներ հրապարակել:

«Հանրահայտ փաստ է, որ գերիներին և պատանդներին, ինչպես նաև՝ խոշտանգումների կիրառմամբ՝ սպանությունների փաստերը և հանցագործությունների հետքերը միջազգային կազմակերպություններից թաքցնելը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Արդյո՞ք Երևանի համաժողովի մասնակիցներից որևէ մեկը կոչ կանի իրավական գնահատական տալ հայ ֆաշիստների այս հանցագործություններին։ Պատասխանն ակնհայտ է։ Վերոնշյալ հանգամանքների համատեքստում սա առնվազն տարակուսանք է առաջացնում, որ համապատասխան միջազգային կառույցները Երևանին իրավունք են վերապահել համաժողով անցկացնելու՝ անհետ կորած անձանց ճակատագրի հարցը քննարկելու նպատակով:

Հայաստանը պետք է տրամադրի այդ անձանց ճակատագրի, զանգվածային և անհատական գերեզմանների տեղակայման վայրերի մասին ամբողջ տեղեկատվությունը՝ համապատասխան արխիվները բացելու և վկայությունների հավաքագրման համար պայմաններ ստեղծելով։

Ինչպես արձանագրել է Ադրբեջանի ղեկավարը, դա կլինի իրավական պարտավորություն և մարդասիրական պատասխանատվություն, նաև՝ խաղաղությանը հավատարիմ լինելու գործնական դրսևորում և փոխադարձ վստահության ամրապնդման գործում ներդրում։

Հուսանք, որ Հայաստանի պաշտոնատար անձինք ականջալուր կլինեն Բաքվի արդարացի կոչերին և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն՝ անհետ կորած անձանց հարցի համատեքստում պատմական արդարությունը վերականգնելու համար»,- գրել է caliber.az-ը:

Գրեթե նույն ժամանակ անհետ կորածների, ականապատ տարածքների և 44-օրյա պատերազմին առնչվող Գյանջայի, Բարդայի դեպքերի համատեքստում Հայաստանին մշտապես մեղադրանքներ և պահանջներ ներկայացնող Հիքմեթ Հաջիևը X սոցիալական հարթակի իր էջում դարձյալ նույն հարցերն է բարձրացրել՝ Հայաստանից պահանջելով ականապատ տարածքների քարտեզները, ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերի մասին հստակ տեղեկություններ:

«Սա զուտ մարդասիրական հարց է։ Այս տեղեկատվության փոխանակումը վստահության ամրապնդման կարևոր քայլ, անցումային արդարադատության բաղադրիչ և մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում իրական ներդրում կլիներ»,- շեշտել է Հաջիևը, ով, ինչպես նշեցինք, Դուբլինում այս թեմայով քննարկում է ունեցել Ալեն Սիմոնյանի հետ և դեռ կունենա:

Անհրաժեշտություն կա՞ բացատրելու, թե ինչ է նշանակում «անցումային արդարադատություն» ասվածը, թեև Հաջիևն ականապատ տարածքների և զանգվածային գերեզմանների մասին տեղեկությունների փոխանակումն է ինքնին դիտարկում որպես անցումային արդարադատության բաղադրիչ։

Անցումային արդարադատությունը մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետևանքների հաղթահարմանն ուղղված դատական և ոչ դատական մեխանիզմների ամբողջություն է՝ ներառելով ճշմարտության բացահայտումը, փոխհատուցումը և պատասխանատվության ապահովումը։

Արդյո՞ք ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ ուղիղ քննարկումներից հետո ճիշտ է նման մեղադրական գրառումներ անելը, արդյո՞ք դա գործընկերային է: ՀՀ ղեկավարությունը պատկերացում ունի՞, թե ինչ է ենթադրում անցումային արդարադատության մասին շեշտադրումը, այս բաղադրիչը քննարկվե՞լ է երկկողմ քննարկումներում:

Ամեն դեպքում, անհայտ կորածների ճակատագրի պարզման մարդասիրական օրակարգի հետ մեկտեղ՝ Բաքուն հետևողականորեն առաջ է մղում նաև իրավական պատասխանատվության հարցը, և այս երկու օրակարգերի «սահմանազատումը» Հայաստանի համար պետք է սկզբունքային նշանակություն ունենա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30