Ալիևի առաջարկը ՀՀ քաղաքացիներին և պատասխանը Փաշինյանին՝ «ադրբեջանցիների դեմ «իրականացված ցեղասպանությանն» իրավական գնահատական տալու հարցն առավել քան ակտուալ է

Հուլիսի 1-ին՝ «ՀՀ ԱԱԾ-ին ի՞նչ տեղ է հատկացրել Բաքուն անհայտ կորածներին առնչվող IDMS համակարգ ունենալու գործում, արդյո՞ք ռիսկեր կան  ՀՀ քաղաքացիներին  ուղղված  առաջարկում»  վերտառությամբ հոդվածում ահազանգել ենք կոնկրետ ռիսկերի մասին ենք:

Օրեր առաջ էլ հիշեցրել ենք  ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ 2025 թվականին ձեռք բերած պայմանավորվածությունները:

Իսկ միայն երեկ Ադրբեջանում առաջին պատերազմից անհայտ կորած համարված 3 շեհիդի մասունքներ են հողին հանձնվել: Առհասարակ, 2025 թվականից ադրբեջանական կողմում սկսել են հաճախ գտնել սեփական անհայտ կորածների մասունքները և հուղարկավորման վայրերը, բայց չնայած սրան՝ Բաքուն շարունակում է  միջազգային հարթակներում բարձրացնել այս թեման և Հայաստանին  մեղադրական  սլաքներ  ուղղել:

Կարդացեք նաև

Վերադառնանք անհայտ կորածներին առնչվող IDMS համակարգին և ՀՀ քաղաքացիներին՝ կոնֆիդենցիալ տեղեկություններ հայտնելու Բաքվի առաջարկին, որը հնչեցրել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովը, և հավելենք, որ օրերս Ադրբեջանն արդեն գործարկել է օնլայն հարցումների կենտրոնը (OIC)՝ որպես թվային հարթակ անհայտ կորած անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրման, մշակման և համակարգման համար:

Այստեղ ուշագրավ մի քանի դրվագ կա, ինչը հաստատում է մեր վերևում հիշատակված հոդվածներում արված  պնդումներն ու զգուշացումները:

Մասնավորապես, տեղանքի տեղորոշման կամ որոնման հատվածում նախապես գնահատական է տրված շեհիդի անհայտ կորելու հանգամանքին, թե դա ինչի հետևանքով է եղել, ըստ այդմ՝ պահանջվում  է՝ «նշել հանցագործության կատարման տարեթիվը, ամսաթիվը», ինչպես նաև՝ հետին նպատակներ ունեցող այլ հարցեր  են տրվում, որոնք կարող են լրացնել ՀՀ-ի և Ադրբեջանի քաղաքացիները:

Մեր վերջին հրապարակումներում գրել ենք, որ Ադրբեջանը նաև անհայտ կորածների հարցի համատեքստում է օրակարգում պահում «Խոջալուի ցեղասպանության» հարցը, որի «պատասխանատուների»  անուններ է անգամ տալիս՝ ՀՀ նախկին նախագահներ, նախկին զինվորականներ, առաջին պատերազմի հրամանատարներ:

Օրինակ, ինչպես հոդվածներից մեկում նշել ենք, Բաքվում «Խոջալուի դեպքերի» համատեքստում հաճախ են հիշում անհայտ կորած համարվող Ադրբեջանի ազգային հերոս Նատիգ Գասիմովին և պնդում, թե նրան «սպանել է Վիտալի Բալասանյանը»: Իսկ Գասիմովի ընտանիքն Ալիևի մշտական ուշադրության կենտրոնում է, ինչը, իհարկե, արվում է նաև  քարոզչական նպատակներով:

Մեր այս պնդումը հաստատում է Բաքվի քարոզչամեքենայի վերջին հրապարակումը, որտեղ անհայտ կորած անձանց հաշվառման գործընթացի համատեքստում մի քանի հարց է առաջ բերվում՝

Անհայտ կորածների ընտանիքներն ու հարազատներն  իրավունք ունեն իմանալու ճշմարտությունը, հասնեն արդարության և ստանան փոխհատուցում, և սա պետք է ապահովի պետությունը:

Իսկ թե ինչ կարող է հասկանալ Բաքուն՝ արդարություն ասելով, կարող ենք ենթադրություններ անել, թեև հաջորդ կետը, ըստ էության, տալիս է դրա պատասխանը:

Անհրաժեշտ է իրավական գնահատական տալ ադրբեջանցիների դեմ հայերի «իրականացրած ցեղասպանության», և առավել ակտուալ է դառնում:

Ադրբեջանն այստեղ մասնավորապես նկատի ունի Առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանական խաղաղ բնակիչների գերեվարումը»:

Եվ այս հարցերն Ադրբեջանը հասցնում է միջազգային հանրությանը՝ հումանիտար խնդիրների և միջազգային մարդասիրական իրավունքի անվան տակ:

Թե ինչ է պատրաստվում անել, որքանով է մասնակից վերը նշված գործընթացին   Նիկոլ Փաշինյանին ուղիղ ենթարկվող  ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, սպասում ենք մեր գրավոր հարցման պատասխանին, որից հետո կարող ենք ասել՝ արդյո՞ք գրված կամ չգրված օրենքով անհայտ կորածների հաշվառման, որոնման համատեքստում Հայաստանի ԱԱԾ-ն որևէ կերպ համագործակցում է Ադրբեջանի Ազգային անվտանգության  և Արտաքին հետախուզական ծառայությունների հետ, և ինչ բնույթի է այն, որքանով է Հայաստանը շահելու դրանից, որքանով է Բաքուն զուտ համալրելու Հայաստանի դեմ իր իրավաքաղաքական և տեղեկատվական բազան, ինչը հաստատ դարակներում չի մնալու: Սպասենք ՀՀ ԱԱԾ արձագանքին:

Իսկ մինչ այդ ուշադրություն հրավիրենք փաստի վրա, որ  Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի վերահսկողության տակ  են երկրի պետական համակարգերում  թվայնացման  հարցերը, արհեստական բանականության զարգացման, կիբերանվտանգության ապահովման խնդիրները:

Եվ եթե այստեղ ամեն ինչ գրված օրենքներով է, ապա, ըստ ադրբեջանական  և ոչ ադրբեջանական քաղաքական վերլուծաբանների և փորձագետների, Մեհրիբան Ալիևան  հսկայական «չգրված» ազդեցություն ունի բոլոր ուժային կառույցների, այդ թվում՝ Պետական անվտանգության ծառայության վրա, ինչը տեղի է ունեցել 2017 թվականից, երբ Ալիևան դարձավ Ադրբեջանի առաջին փոխնախագահ, նրա «դաբրոյով» են կադրային նշանակումներ տեղի ունենում:

Օրինակ, Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության գործող տնօրեն Ալի Նագիևը, որի  հետ Արմեն Աբազյանը ժամանակին ինչ-ինչ պայմանավորվածություններ էր ձեռք բերել անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ, այդ պաշտոնին նշանակվել է 2019 թվականին, ծնունդով Նախիջևանից է:

Տարբեր տեղեկություններով, Ադրբեջանի Արտաքին հետախուզական ծառայությունն ակտիվ համագործակցում է դիվանագիտական կորպուսի հետ, վերջինի  վրա Մեհրիբան Ալիևան ևս լուրջ ազդեցություն ունի: Իսկ  Ադրբեջանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարն Օրհան Սուլթանովն է, նա այդ պաշտոնին է 2015 թվականից:

Այս համատեքստում հարկ  է նշել, որ օրերս Ադրբեջանի նախագահ Ալիևը երկրի Պետական անվտանգության ծառայությանն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու լիազորություններ է վերապահել՝ ռազմավարական նշանակության օբյեկտների և անձանց պահպանության համար, որոնց պահպանությունն Ադրբեջանի ռազմավարական օբյեկտների պաշտպանության  պետական  գործակալության վրա էր մինչև հիմա:

Իսկ Ադրբեջանը ՀՀ քաղաքացիներին ուղղված անհայտ կորածներին առնչվող  առաջարկը ևս  տեղավորում է խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ, այնպես, ինչպես ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը, պնդելով, որ կայուն և տևական խաղաղություն հնարավոր չէ միայն քաղաքական համաձայնագրերի միջոցով, այլև հումանիտար խնդիրների լուծման ճանապարհով, և այստեղ Բաքուն այնքան էլ գոհ չէ Հայաստանից, թեև սկսել է գտնել առաջին պատերազմից իր անհայտ կորած անձանց մասունքները, տարբեր ժամանակներում ստացել է ականապատ տարածքների քարտեզներ, և վերջապես, ՀՀ-ում պահվող ադրբեջանցի գերիներ, պատանդներ և ազատազրկված անձինք չկան, ինչը չենք կարող ասել Ադրբեջանի դեպքում:

Այլ հարց է՝ որքանով է ՀՀ իշխանությունը հարցը հենց այսպես դնում և Բաքվում պահվող հայերի վերադարձը որպես ամուր խաղաղության հաստատման պայման դիտարկում բանակցություններում, ինչո՞ւ չէ՝ մեր անհայտ կորածների մասունքները գտնելուն աջակցելը: Դեռ չենք խոսում, որ մարդիկ Արցախում են թողել 44-օրյա պատերազմում զոհված իրենց որդիների, երեխաների գերեզմանները: Այսինքն, Հայաստանը ևս, այսպես ասած, հումանիտար շատ հարցեր ունի բարձրացնելու, եթե անգամ դրանք քաղաքական լուծում են պահանջում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031